Հայաստանն առանց խելքի

Հայաստանն առանց խելքի

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Պատէրազմից յետոյ ընդդիմութիւնը «Հայաստանն առանց թուրքի» կարգախօսով ուզում էր հեռացնել Նիկոլին։ Հիմա Նիկոլն ուզում է մնալ իշխանութեան՝ «Հայաստանն առանց ռուսի» կարգախօսով։
Մեր ողջ պատմութեան ընթացքում մենք իքս երրորդ ուժին փորձում ենք հեռացնել Հայաստանից, բայց միշտ ստանում ենք «Հայաստանն առանց հայի» արդիւնքը։ Արցախը արդէն չունենք հէնց ա´յս տրամաբանութեան մէջ։
Ողբերգութիւնների պատճառն այն է, որ մենք այս բարդ տարածաշրջանում ապրում ենք «Հայաստանն առանց խելքի» տրամաբանութեան մէջ։ Սա է մեր բոլոր աղէտների պատճառը։
Մենք աղէտից աղէտ ոչ միայն հետեւութիւն չենք անում, այլեւ կատարելագործում ենք մեր անխելքութիւնը։
Այսօրուայ անկայուն աշխարհում պետութիւնների գոյատեւման համար երկու գործոն կայ՝ կայ´մ բնական պաշարներ, կայ´մ բնական խելք։ Այսօրուայ Հայաստանը չունի ո´չ մէկը ունի, ո´չ միւսը։ Բայց ողբերգութիւնն այն է, որ խելամիտ կառավարման հանրային ո´չ յայտը կայ, ոչ՝ պահանջարկը։

Ունենք խելօք անհատներ, բայց խելացի համակարգերի խիստ դեֆիցիտ։
Երբ կար հայկական Արցախ ու գործող Լաչինի միջանցք, Ալիեւը ձեւակերպեց իր պայմանը՝ հայելանման կարգավիճակներ՝ այդ ճանապարհի եւ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհների համար։ Հայկական քաղաքական միտքը, ինչպէս շատ յաճախ, ֆիդայեականութիւնից այն կողմ չանցաւ. իշխանութիւնը չհասկացաւ կամ վախեցաւ թեման շարունակել, նրա բազմատեսակ ընդդիմախօսները «ոչ մի ճանապարհ, ոչ մի միջանցք, ոչ մի թուրք, ոչ մի ռուս…»՝ անիմաստ ձայնաւարժանքի մէջ էին։ Հասարակութիւնը՝ մեծից փոքր, խելօքից անխելք, դարձել էր «միջանցքի վկայ»՝ առանց հասկանալու, թէ խօսքն ինչի մասին է։
Ստացանք դատարկուած Արցախ, ստացանք չգործող Լաչինի ճանապարհ, բայց մէզնից ակնկալուող ճանապարհը նոյն թափով ուժի մէջ է՝ որպէս խաղաղութեան կոշտ նախապայման։
Արցախի 9-ամսեայ շրջափակման փուլում, իսկ դա բաւականին լուրջ ժամանակ էր, հայկական քաղաքական, պետական միտքը չգտաւ ոչ մի լուծում։ Իսկ դրանք կային։ 9 ամիս մենք ոչինչ չենք արել, ուղղակի սպասել ենք աղէտին։ Պարզ չէ՞, որ նման պայմաններում աղէտը կը գար։
Հիմա նոր պատմական արկածախնդրութեան փուլն ենք մտնում։ Ունենալու ենք նոյն արդիւնքը, ու դարձեալ, ճամբարների բաժանուած, մեղադրելու ենք՝ թուրքին, ռուսին, արեւմուտքին եւ այլն։ Ու այդպէս լինելու է անվերջ, քանի չենք ընդունել, որ մեր տապալումների եւ ողբերգութիւնների պատճառը հայն է՝ մեր պետական մտածողութիւնը, մեր կենցաղային մտածողութիւնը, մեր պատկերացումները՝ պետութեան եւ աշխարհի մասին։

Նոր խելացի ձեւաչափեր

Այս իշխանութեան մնալը երաշխաւորում է աղէտ, բայց իշխանափոխութիւնը մեխանիկօրէն չի ենթադրում լաւ զարգացումներ։ Մենք կարող ենք ունենալ նորից վատ, այլ որակի վտանգաւոր իշխանութիւն։ Հաւանականութիւնը փոքր չէ։
Առաջիկայում խելացի իշխանութիւն ունենալու համար այսօր պէտք է ձեւաւորել խելացի ձեւաչափեր։ Իրականութիւնը եւ անելիքները լիարժէք ճիշտ հասկացող, հնարաւոր անսպասելի յաջողութեան տեսլականը մտքում, եւ գրագէտ, սառը քայլերով, երբեմն՝ համեստ, երբեմն՝ ոչ ստանդարտ քայլերով, դէպի այդ յաջողութիւնը գնացող միաւորներ։ Միայն խելքով է հնարաւոր անվտանգ, ժամանակակից, խելացի պետութիւն կառուցել։
Ինչպե՞ս ձեւաւորել այդ խելացի միաւորները. այս մասին՝ յաջորդիւ։

Share