Պուտինը զգուշացրել է միջուկային պատերազմի մասին, եթէ Արեւմուտքը զօրքեր ուղարկի Ուկրաինա

Պուտինը զգուշացրել է միջուկային պատերազմի մասին, եթէ Արեւմուտքը զօրքեր ուղարկի Ուկրաինա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի նախազգուշացրել է արեւմտեան երկրներին, որ աշխարհը կբախուի միջուկային պատերազմին, եթէ Արեւմուտքը զօրք ուղարկի Ուկրաինա՝ ընդգծելով, թէ ռուսաստանեան զէնքն ունակ է խոցել արեւմտեան թիրախները:

«Երկրի իրավիճակի մասին» իր ամենամեայ ուղերձի ժամանակ Ռուսաստանի նախագահը յայտարարել է, թէ արեւմտեան երկրները «պէտք է գիտակցէն, որ մենք նաեւ զէնք ունենք, որը կարող է խոցել իրենց տարածքում գտնուող թիրախները: Այս ամենն իսկապէս սպառնում է միջուկային զէնքի կիրառմամբ կոնֆլիկտի [վերածմանը] եւ քաղաքակրթութեան ոչնչացմանը։ Չե՞ն հասկանում դա»:

Թեեւ Ուկրաինայի արեւմտեան դաշնակիցները հսկայական քանակութեամբ զէնք-զինամթերք են ուղարկել Կիեւին՝ 2022 թուականին Ռուսաստանի լայնածաւալ ներխուժումից ի վեր, սակայն ոչ ոք չէր յայտարարել, թէ զօրք կ’ուղարկի ուկրաինական ուժերի կողքին կռուելու համար:

Տաբուն խախտեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրօնը՝ այս շաբաթուայ սկզբին յայտարարելով, որ թէեւ Ուկրաինա արեւմտեան զօրքեր ուղարկելու ծրագրեր չկան, բայց առկայ է նման հնարաւորութիւն:

«Այսօր փոխհամաձայնութիւն չկայ՝ պաշտօնապէս զօրքեր ուղարկելու հարցում: Բայց հեռանկարում ոչինչ բացառել չի կարելի»,- ասել է Մակրօնը:

Միացեալ Նահագների ու եւրոպական երկրների մի շարք ղեկավարներ արձագանքել են Ֆրանսիայի նախագահին, թէ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, հետեւաբար՝ Կիեւի արեւմտեան դաշնակիցները պարտաւոր չէն պաշտպանել Ուկրաինան։

Այս ամէնի ֆոնին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չորեքշաբթի յայտատարել է, թէ Եւրոպայի գալիք սերունդների ճակատագիրը այժմ որոշւում է ուկրաինական մարտադաշտէրում:

«Նախկինում ականտես ենք եղել, թէ ինչպէս է մէկ ուրիշը փորձում որոշել այլ ազգերի ճակատագիրը։ Դա տեղի ունեցաւ Բալկաններում, Արեւելեան Եւրոպայում եւ Եւրոպայի միւս մասերում: Հիմա Պուտինը ցանկանում է անել ճիշտ նոյնը»,- Ալբանիայում կայացած հարաւարեւելեան Եւրոպայի առաջնորդների գագաթնաժողովին՝ նշել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը շարունակել է, թէ «բոլոր ազատ երկրների համար կարեւոր է, որ Պուտինը պարտուի պատերազմում»:

Իր հերթին՝ Մոսկուայում այսօր ունեցած ընդարձակ ելոյթում Պուտինն ասել է, թէ Ռուսաստանի «ռազմավարական միջուկային ուժերը լիակատար պատրաստութեան վիճակում են»: Նշել է, որ նոր սերնդի հիպերձայնային միջուկային զէնքը, որի մասին նա առաջին անգամ խօսել էր դեռ 2018 թուականին, գրեթէ պատրաստ վիճակում է:

Պուտինն արեւմտեան քաղաքական գործիչներին առաջարկել է յիշել այն մարդկանց ճակատագիրը, ովքեր անցեալում ներխուժել են Ռուսաստան՝ Նապոլեոն Բոնապարտն ու Ադոլֆ Հիտլերը:

«Սակայն այժմ հետեւանքները շատ աւելի ողբերգական կը լինէն։ Նրանք կարծում են, որ [պատերազմը] մուլտֆիլմ է»,- ասել է նա`մեղադրելով արեւմտեան քաղաքական գործիչներին, որ մոռացել են, թէ ինչ է նշանակում իրական պատերազմը, քանի որ նրանք չէն բախուել անվտանգութեան այն մարտահրաւէրներին, ինչ ռուսները վերջին երեք տասնամեակում:

Պուտինի հաւաստմամբ, այժմ Ուկրաինայում նախաձեռնութիւնը ռուսական ուժերի կողմն է:

Նա «անհեթեթութիւն» է որակել Արեւմուտքում հնչող յայտարարութիւնները, թէ Ռուսաստանը չի բաւարարուելու Ուկրաինայով եւ յարձակուելու է այլ երկրների վրայ:

Պուտինի խօսքով, Ռուսաստանը բաց է ԱՄՆ հետ միջուկային ռազմավարական կայունութեան վերաբերեալ քննարկումների համար, սակայն կարծիք է յայտնել, թէ Վաշինգտօնը լուրջ շահագրգռուածութիւն չունի այդ հարցում:

«Վերջերս աւելի ու աւելի շատ անհիմն մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցէին, օրինակ, որ պատրաստւում ենք, իբր, միջուկային զէնք տեղակայել տիեզերքում։ Նման ակնարկները… հնարք են՝ մէզ ներքաշելու իրենց ձեռնտու բանակցութիւնների մէջ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Վերադառնանք Զելենսկուն, ով գովեստով է անդրադարձել Բելգիայի որոշմանը՝ մատակարարել ուկրաինական ուժերին խիստ անհրաժեշտ զինամթերք, որի նախաձեռնողը Չեխիան էր:

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դէ Կրոուի խօսքով, Բրիւսելը 216 միլիոն դոլար կը յատկացնի այդ նպատակին:

Յիշեցնենք, ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինայի համար նախատեսուած եւ աւելի քան 60 միլիարդ դոլար պարունակող աջակցութեան նոր փաթեթը, սակայն օրինագիծը առաջ չի գնում Ներկայացուցիչների տանը:

«Ամերիկայի Ձայն»

Share