Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն ամփոփել է Գեղամ Ստեփանեանի եւ Արտակ Բեգլարեանի երկշաբաթեայ այցը Վաշինգտոն

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն ամփոփել է Գեղամ Ստեփանեանի եւ Արտակ Բեգլարեանի երկշաբաթեայ այցը Վաշինգտոն

Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը եւ նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանը աւարտել են իրենց երկշաբաթեայ աշխատանքային այցը Վաշինգտօն, որտեղ ԱՄՆ բարձրաստիճան կոնգրէսականներին, վարչակազմի պաշտօնեաներին ու իրաւապաշտպան խմբերի լայն շրջանակների կոչ են արել Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկել Արցախի 150․000 հայութեան դէմ իրականացուած ցեղասպանութեան համար, ինչպէս նաեւ աջակցելու արցախցի փախստականներին՝ ապահովելու վերջիններիս անվտանգ վերադարձը:

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը միացել է Ստեփանեանին եւ Բեգլարեանին՝ աւելի քան 60 կոնգրէսական գրասենեակների հետ հանդիպումների եւ ճեպազրոյցների ժամանակ։ Այդ ամէնը համընկել է Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանութեան տեսանկիւնից խիստ կարեւոր երկու բանաձեւերի ներկայացման հետ, որոնց նպատակն է դադարեցնել ամերիկեան ռազմական օգնութիւնը Ադրբեջանի ցեղասպան ռեժիմին եւ վերջինիս պատասխանատուութեան ենթարկել իր յանցագործութիւնների համար:

Հանդիպումների ընթացքում Ստեփանեանն ու Բեգլարեանը սեփական վկայութիւններն են ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի տասն ամիս տեւած շրջափակման դաժան իրողութիւնների մասին, որոնք գագաթնակէտին հասան 2023թ․ սեպտեմբերի ցեղասպանական յարձակմամբ, ինչի արդիւնքում բռնի կերպով դատարկուեց Արցախը։ Բանախօսները խօսել են արցախահայութեան դէմ Ադրբեջանի կանխամտածուած յարձակումների պատմութիւնից, ինչը հիմք է հանդիսացել 2023թ․ ցեղասպանութեան։

Արցախցի հիւրերը նաեւ կարեւորել են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Արցախի ցեղասպանութեան համար պատասխանատուութեան ենթարկումը, ի թիւս ալնի կարեւորելով՝

• Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ հիմնուելով Սենատի S.3000 բանաձեւի ընդունման վրայ, որը պարտադրում է 907-րդ բանաձեւի ամբողջական կիրարկում։ Մագնիցկու պատժամիջոցների կիրառումը ռազմական յանցագործութիւնների եւ էթնիկ զտումների համար։
• ԱՄՆ օժանդակութիւնն Արցախի բռնի տեղահանուած հայութեանը, բռնի տեղահանուած հայերի անվտանգ վերադարձի երաշխաւորումը։
• Ամերիկեան եւ միջազգային ջանքերի ընդլայնումը՝ օգնելու ապահովել 2023թ․ սեպտեմբերին գերեւարուած Արցախի առաջնորդների եւ 2020թ․ ադրբեջանաթուրքական յարձակումներից յետոյ ապօրինաբար պահուող ռազմագերիների անյապաղ ազատ արձակումը։
• Արցախի հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան պահպանումը։

Ստեփանեանն ու Բեգլարեանն ընդգծել են, որ առանց միջազգային ջանքերի՝ ուղղուած Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրաւունքի իրացմանը եւ առանց կատարուած յանցագործութիւնների համար պատասխանատուութեանը, տարածաշրջանում անհնար կը լինի կայուն խաղաղութիւն հաստատել։ Նրանք նաեւ ընդգծել են, որ Ադրբեջանի կառավարութեան կողմից բորբոքուած համակարգային հակահայկական ատելութիւնը պէտք է արմատախիլ արուի՝ ապահովելու համար հակամարտութեան կայուն կարգաւորումը եւ տարածաշրջանային կայունութիւնը։

Վաշինգտօնում գտնուելու ընթացքում Բեգլարեանը եւ Ստեփանեանը մասնակցել են Կրոնի ազատութեան միջազգային գագաթնաժողովին, որը համանախագահում էին միջազգային կրօնական ազատութեան հարցերով ԱՄՆ նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը (2018-2021) եւ մարդու իրաւունքների «Լանթոս» հիմնադրամի նախագահ Կատրինայ Լանթոս Սուեթը:

Կրոնական կազմակերպութիւնների եւ ԱՄՆ կառավարութեան պաշտօնեաների առջեւ ելոյթում Գեղամ Ստեփանեանը նկատեց. «Ես այսօր ձեր առջեւ խօսում եմ ոչ միայն որպէս իմ ժողովրդի մարդու իրաւունքների պաշտպան, այլ որպէս ցեղասպանութիւնը վերապրած եւ վկայ»։ Նա ընդգծել է, որ աշխարհն ականատես է լինում «Արցախի քրիստոնեական եւ համաշխարհային ժառանգութեան, նրա հնագոյն եկեղեցիների եւ սրբագործուած գերեզմանների համակարգուած բնաջնջմանը»: Ստեփանեանը յորդորեց կրօնական առաջնորդներին եւ պետական պաշտօնեաներին համախմբուել եւ ծառայել որպէս «վահան, որը պաշտպանում է խոցելինէրին, ձայն, որը խօսում է լռածների համար եւ լոյս, որը թափանցում է մշակութային ջնջման խաւարը: Միայն այդ դէպքում կարող ենք ապահովել, որ Արցախի հոգին, նրա հինաւուրց ու քրիստոնեական սուրբ ժառանգութիւնը յաւէրժ չկորչի»։

Անդրադառնալով Արտակ Բեգլարեանի եւ Գեղամ Ստեփանեանի այցելութեանը՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նշել է․ «Արցախի իրաւունքները վերջին երկու շաբաթների ընթացքում Վաշինգտօնում կենտրոնական հարթակներում էին, երբ Արցախի հանրապետութեան երկու ամենավայելչախօս ձայները՝ Արտակ Բեգլարեանը եւ Գեղամ Ստեփանեանը, դիմեցին ԱՄՆ օրէնսդիրներին եւ կրօնական ազատութեան միջազգային առաջնորդներին՝ իրենց հինաւուրց հայրենիք հայութեան անվտանգ վերադարձի համար։ Կոնգրեսի տասնեակ հանդիպումների ընթացքում օրէնսդիրներն առաջին ձեռքից լսել են Արցախի ցեղասպանութեան մասին եւ ուսումնասիրել ԱՄՆ-ի կոնկրէտ քայլերը, որոնք անհրաժեշտ են հայկական հայրենիքի այս անբաժանելի մասը վերականգնելու համար»:

Բեգլարեանի եւ Ստեփանեանի այցը “120․000 Reasons” միութեան ջանքերի մի մասն էր, որին աջակցում են Թուֆենկեան հիմնադրամը եւ Philos Project կազմակերպութիւնը, ինչպէս նաեւ աւելի քան 20 իրաւապաշտպան, կրօնական եւ էթնիկ կազմակերպութիւններ։

Արցախի ժողովրդի ներկայացուցիչները մասնակցել են նաեւ Ջորջ Վաշինգտօնի համալսարանի իրաւաբան ուսանողների ասոցիացիայի կողմից կազմակերպուած քննարկմանը, որտեղ նրանք կիսուել են Արցախի տեղահանուած բնակչութեան առջեւ ծառացած շարունակական մարտահրաւէրների եւ կոնկրէտ քաղաքական ու իրաւական գործողութիւնների անհրաժեշտութեան մասին:

Ի լրումն երկրի մայրաքաղաքում աշխատանքների՝ Ստեփանեանի ու Բեգլարեանի ուղեւորութիւնը ներառում էր նաեւ Նյու Եօրքում գործող միջազգային կազմակերպութիւնների եւ համայնքային ղեկավարների հետ հանդիպումների մեծ շարք:

Վաշինգտօնում գտնուելու ժամանակ նրանք հանդիպել են նաեւ ԱՄՆ պէտքարտուղարութեան եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան ներկայացուցիչների հետ:

Աւելի վաղ Ստեփանեանը եւ Բեգլարեանը մասնակցել են Կալիֆոռնիայի նահանգային եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտօնեաների հետ հանդիպումներին, Իրաւաբանների հայկական ասոցացիայի կողմից կազմակերպուած քննարկմանը եւ համայնքային այլ հանդիպումների։


ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
16․02․2024թ․

Share