ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայքլ Լոուլերը միացել է Կոնգրեսի հայկական յանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնին եւ Գուս Բիլիրակիսին, ինչպէս նաեւ Գաբէ Ամոյին ներկայացնելով «Հայկական պաշտպանութեան ակտը»։
Ադրբեջանին Ամերիկեան ռազմական օժանդակութիւնից զրկելուն միտուած այս նախագիծը նոյնպէս էապէս խթանուել է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից։ Բանաձեւի նախագիծը նախորդ տարեվերջին ամերիկեան Սենատի կողմից միաձայնութեամբ ընդունուած համանուն բանաձեւի տրամաբանութիւնն է կրկնում արդէն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ գալիս է առաջ մղելու ներամերիկեան օրէնսդրական գործընթացը՝ ապահովելու համար ԱՄՆ Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի (907-րդ բանաձեւ) կիրարկումը եւ էապէս սահմանափարելու ԱՄՆ նախագահի լիազօրութիւնները յիշեալ յօդուածի կիրարկումից հրաժարուելու գործում։
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն սկսել է համագաղութային լայնամասշտաբ գործողութիւնների արշաւ՝ «Հայկական պաշտպանութեան ակտի» (H.R.7288) արագ քննարկմանն ու ընդունմանը նպաստելլու համար:
Ներկայացուած բանաձեւի նախագծի առթիւ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Տասնամեակներ շարունակ ԱՄՆ նախագահները անխոհեմ կերպով հրաժարուել են Ադրբեջանի աւտօրիտար ռեժիմին ռազմական օժանդակութեան կանոնադրական սահմանափակումներից՝ նիւթապէս օգնելով եւ բարոյապէս քաջալերելով նրանց ինչպէս 2023թ․ Արցախի էթնիկ զտումների, այնպէս էլ Հայաստանի տարածքի շարունակական անօրինական օկուպացիայի ժամանակ։ Մենք շնորհակալութիւն ենք յայտնում ներկայացուցիչներ Լոուլերին, Փալոնին, Բիլիրակիսին եւ Ամոյին իրենց սկզբունքային առաջնորդութեան համար՝ վերականգնելու Կոնգրեսի կողմից Ադրբեջանին տրամադրուող ռազմական օգնութեան երկարաժամկէտ վերահսկողութիւնը։ Մենք կանգնած ենք այս եւ այլ օրէնսդրական նախաձեռնութիւնների ետեւում՝ սկսած 907-րդ յօդուածի եւ Արտաքին աջակցութեան ակտի վերահսկողական մեխանիզմների կիրարկումն ապահովելուն միտուած միջոցառումներից մինչեւ «Մագնիցկու» եւ «Լիհիի» պատժամիջոցների կիրառման հարցը՝ Ալիեւի ռեժիմին, միջազգային իրաւունքի խախտման համար, պատասխանատուութեան ենթարկելու մասով»:
Կոնգրեսական Լոուլերը, ով Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ է, հաստատակամ է Բայդենի վարչակազմի յստակ գործողութիւնների անհրաժեշտութեան հարցում՝ դադարեցնելու Ադրբեջանի հակահայկական յարձակումները քաջալերելը: «Աւելի քան 100․000 հայեր Ադրբեջանի կառավարութեան կողմից թիրախաւորուեցին, բռնութեան ենթարկուեցին եւ տեղահանուեցին։ Ուղղակի անընդունելի է, որ ԱՄՆ-ը ֆինանսաւորի Ադրբեջանի արշաւը հայ ժողովրդի դէմ։ Հայաստանի պաշտպանութեան ակտը կը դադարեցնի Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանի աւտօրիտար ռեժիմի ֆինանսաւորումը եւ տարածաշրջանային գերակայութեան ձգտումը»:
Կոնգրեսական Փալոնն ընդգծել է Արցախի բնիկ հայ բնակչութեան դէմ իրականացուած ցեղասպանութեան համար Ադրբեջանի պատասխանատուութեան անհրաժեշտութիւնը: «Նախագահ Ալիեւը խախտեց միջազգային իրաւունքը, երբ մահացու յարձակում սկսեց Արցախի վրայ անցեալ տարուայ սեպտեմբերին եւ մինչ օրս չի բախուել միջազգային հանրութեան կողմից որեւէ նշանակալից հետեւանքների: Համաշխարհային առաջնորդները չկարողացան կանգնեցնել նրա ցեղասպանական արշաւը, որը 120․000 հայերի տեղահանեց իրենց պատմական հայրենիքից, չնայած որ նրա ռազմատենչ հռետորաբանութիւնը եւ զօրաշարժերը յստակ ցոյց էին տալիս, որ յարձակումն անխուսափելի է։ Ժամանակն է, որ Միացեալ Նահանգները եւ մեր դաշնակիցները լուրջ գործողութիւններ ձեռնարկէն, որոնք կը կանխէն Ալիեւի ձեռքով աւելի շատ մահերն ու աւերածութիւնները եւ կապահովէն տարածաշրջանի անվտանգութիւնն ու կայունթիւնը, որն անհրաժեշտ է Հայաստանին որպէս ժողովրդավարական երկրի: Հայկական պաշտպանութեան ակտը վերջապէս պատասխանատուութեան կէնթարկի Ալիեւի ռեժիմին, կը դադարեցնի ԱՄՆ-ի ցանկացած յետագայ աջակցութիւն, քանի դեռ նրանք չէն դադարեցրել իրենց ապակայունացնող գործողութիւնները տարածաշրջանում․․․»:
Իր հերթին Գուս Բիլիրակիսը նոյնպէս կարեւորել է նախագծի ընդունումը։ «Հաշուի առնելով հարեւան Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքով առաջացած քաղաքական եւ հումանիտար ճգնաժամը, անմտութիւն է, որ ԱՄՆ-ի հարկատուները, իրենց գումարներով աջակցէն այս դաժան ռեժիմին: Այդ գումարներն աւելի լաւ կարող են օգտագործուել այստեղ՝ տանը: Մենք պէտք է յստակ ուղերձ յղենք Ադրբեջանի կառավարութեանը եւ մեր գործընկերներին ամբողջ աշխարհում, որ Միացեալ Նահանգները չի աջակցի հայ ժողովրդի դէմ յարձակումներին։ Մենք չենք կարող թոյլ տալ, որ Ադրբեջանի կառավարութիւնը «ազատ անցում» ստանայ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դէմ իրենց դաժան ռազմական ագրեսիայի եւ շրջափակումների համար։ Ես հպարտ եմ աջակցելու այս երկկուսակցական օրէնսդրութեանը, որը ցոյց կը տայ, որ Միացեալ Նահանգները կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին եւ չի ընդունում Ադրբեջանի յարձակումը Լեռնային Ղարաբաղի վրայ»:
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
09․02․2024թ․