Ամերիկեան սենատորներ Էդ Մարքին եւ Բիլ Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձեւ՝ ԱՄՆ պետդէպարտամենտից պահանջելով զեկոյց ներկայացնել Ադրբեջանում մարդու իրաւունքների իրավիճակի վերաբերեալ՝ համաձայն «Արտաքին աջակցութեան ակտի» 502B(c) բաժնի պահանջների: Պետքարտուղարութիւնից հայցուող տեղեկատուութիւնը վերաբերելու է ինչպէս Ադրբեջանի ներսում, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղում մարդու իրաւունքների ոտնահարումներին, որոնց արդիւնքում Արցախում արձանագրուեց էթնիկ զտում։ Որպէս համահեղինակներ՝ բանաձեւի այս նախագծին են միացել նաեւ սենատորներ Մարկոյ Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Ռոբերտ Մենենդեսը եւ Փիթեր Ուելչը։
Այս առիթով, բանաձեւի նախագծին աւելի շատ սենատորների միացումն ապահովելու համար՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը սկսել է համագաղութային արշաւ՝ ամերիկահայութեանը մղելով, Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի էլեկտրոնային համակարգերի միջոցով, իրենց շրջաններից ընտրուած սենատորների վրայ բանեցնելու համայնքային ճնշում։
Անդրադառնալով ներկայացուած բանաձեւին՝ սենատոր Քեսիդին նկատել է․ «Ռազմական գործողութիւնները երբեք չէն եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղութեան եւ կայունութեան լուծումը։ Այս բանաձեւը ճնշում է գործադրում Ադրբեջանի կառավարութեան վրայ՝ պաշտպանելու մարդու իրաւունքները եւ դադարեցնելու տարածաշրջանում էթնիկ հայերի դէմ յանցագործութիւնները: Մենք պէտք է պաշտպանենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, իրաւունքները եւ հիմնաքարային ազատութիւնները»։ Իր հերթին սենատոր Մարքին ընդգծել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան դէմ իրականացուող յանցագործութիւնների կանխման ու դրանում ամերիկեան ներգրաւման անհրաժեշտութիւնը։
Համանման բանաձեւ էլ ներկայումս օրէնսդրական ընթացակարգի մէջ է գտնւում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում՝ ներկայացուած Ադամ Շիֆի կողմից, դեռեւս անցած տարուանից։
Սենատում ներկայացուած բանաձեւի առթիւ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Անցեալ տարի Ադրբեջանի կողմից Արցախի ողջ բնակչութեան էթնիկ զտումը ժամանակակից ցեղասպանութիւն էր, որը կանխելու համար ԱՄՆ-ն ունէր բոլոր հնարաւորութիւնները, բայց փոխարէնը, արդիւնաւետ եւ անուէրապահ ռազմական աջակցութեամբ, Բաքուի աւտօրիտար ռեժիմին հնարաւորութիւն տուեց դա անելու։ Հայ դատի յանձնախումբը միանում է կոալիցիոն գործընկերներին՝ ողջունելով սենատորներ Մարքիի եւ Քեսիդիի առաջնորդութիւնը, ինչը միտուած է վերականգնելու Կոնգրեսի խիստ անհրաժեշտ վերահսկողութիւնը ԱՄՆ ռազմական օժանդակութեան վրայ՝ վերահաստատելով մարդու իրաւունքների արժանի տեղը ԱՄՆ արտաքին քաղաքականութեան համատեքստում»։
«Արտաքին աջակցութեան ակտի» 502B(c) բաժինը երկար ժամանակ գոյութիւն ունեցող, սակայն չօգտագործուած ակտ է, որն արգելում է ԱՄՆ-ի անվտանգային աջակցութիւնը «ցանկացած երկրի, որի կառավարութիւնն իրականացնում է միջազգայնօրէն ճանաչուած՝ մարդու իրաւունքների կոպիտ խախտումներ: Եթէ ներկայացուած բանաձեւն ընդունուի, դա կը լինի առաջին դէպքը, երբ Կոնգրեսը 1976 թուականից ի վեր զեկոյց է պահանջում համաձայն 502B(c) բաժնի համաձայն:
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում` յիշեալ բանաձեւի նախագծին են միացել աւելի քան 25 ամերիկեան հասարակական կազմակերպութիւններ, որոնք ներկայացնում են ինչպէս ամերիկեան իրաւապաշտպան եւ քրիստոնեական հանրոյթները, այնպէս էլ ամերիկայում բնակուող տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպութիւններ են։
Հայկական հետաքրքրութեան հարցերի շուրջ նման կազմակերպութիւնների համախմբումը Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գործունէութեան վերջին տարիների ընթացքում բազմիցս հանդիպող երեւոյթ է եւ աշխատանքները այդպիսի կազմակերպութիւնների ցանկն ընդլայնելու ուղղութեամբ նոյնպէս շարունակուելու են։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
02․02․2024թ․