«Հռչակագիրը երբեք պատերազմի առիթ չէր եղել՝ մինչեւ Փաշինեանի ի յայտ գալը»

«Հռչակագիրը երբեք պատերազմի առիթ չէր եղել՝ մինչեւ Փաշինեանի ի յայտ գալը»

azatutyun.am

Վարչապետն ուղիղ չասաց թէ ագրեսիայի պատճառը գործող Սահմանադրութիւնն է եւ յղումը Անկախութեան հռչակագրին, որտեղ յիշատակում կայ Արցախի եւ Հայաստանի վերամիաւորման մասին։

Իրավիճակը նկարագրելու համար Փաշինեանը դիմեց այլաբանութեան՝ առաջարկեց պատկերացնել, թէ ինչպէս ենք սիրելի տատիկի գործած կարմիր զգեստով անցնում մի ճանապարհ, որի երկու եզրերին ցուլ է կանգնած: Այն անցնելու համար, ասաց, պէտք է որոշում կայացնել:

«Եթէ էդ կարմիր շորը մենք փոխենք, հրաժարուենք, դնենք արխիւի մէջ, ոչ թէ արխիւ, փաթեթաւորենք՝ որպէս մասունք, որպէս շատ հարազատ եւ սրբազան մի բան, բայց այլեւս իրեն շրջանառութիւնից, կիրառութիւնից հանենք, իրեն ընկալենք որպէս մեր պատմութեան, մեր անցեալի մի մաս, եւ զգեստաւորուենք այն միջավայրին համապատասխան, որում մենք պատրաստւում ենք գործել», — ասաց Նիկոլ Փաշինեանը:

Արդեօ՞ք այս պատմութեամբ վարչապետն ակնարկում էր, թէ հրաժարուելով Սահմանադրութեան մէջ Անկախութեան հռչակագրին յղումից՝ Հայաստանը կխուսափի նոր պատերազմից, իսկ Սահմանադրութիւնում պահպանելու դէպքում՝ հակառակը: Այստեղ էլ, ըստ Փաշինեանի, տարբերակները մի քանիսն են, բայց յստակութիւն միայն մի դէպքում կայ՝ կարմիր զգեստով հնարաւոր չի լինի այդ ճանապարհն անցնել. — «Էդ կարմիր շորի հարցն ա պէտք լուծել, բայց կարմիր շորը փոխելով այլ երանգի շորով՝ մենք երաշխիք չենք ստանում: Կարմիր շորով մենք նեգատիւ երաշխիք ենք ստանում, միւս շորով մենք շանս ենք ստանում, բայց ոչ՝ երաշխիք, եւ եթէ գրագէտ գործենք, էդ շանսը կը դարձնենք երաշխիք»:

Հայաստանի Սահմանադրութիւնը փոխելու մասին երէկ նաեւ Ադրբեջանի նախագահը խօսեց՝ ուղիղ յայտարարելով, թէ խաղաղութիւնը հնարաւոր է միայն այդ դէպքում:


Ընդդիմադիր պատգամաւոր Արթուր Խաչատրեանի գնահատմամբ՝ երէկ հայ ժողովրդին Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինեանը միաժամանակ սպառնացին՝ եթէ չփոխուի Սահմանադրութիւնը, Հայաստանին պատերազմ է սպառնում:

«Հայաստանի իշխանութիւնները՝ որպէս Ադրբեջանի կողմից կառավարուող դասական խամաճիկային, մարիոնետային կառավարութիւն, կրկնում են, հլու-հնազանդ ենթարկւում են նրան, ինչ իրենց թելերից քաշողները նրանց պարտադրում են, ժողովրդին էլ վախեցնում են, ասում են՝ կը լինի պատերազմ, եւ ասում են՝ եթէ չփոխենք Հռչակագիրը, կը լինի պատերազմ: Հռչակագիրը երբեք պատերազմի առիթ չէր եղել՝ մինչեւ Փաշինեանի ի յայտ գալը եւ պաշտօնաւարելը», — յայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը:

Սահմանադրութիւնը նոյնը թողելու սցենարին էլ Փաշինեանը այլաբանութեամբ անդրադարձաւ. — «Մեզ պէտք ա, որ մենք գնանք եւ կարողանանք վերադառնալ: Դա էլ ա ընտրութեան հարց, տենց ընտրութիւն էլ ա լինում, ես չեմ ուզում կանխորոշել, էդ էլ ա ընտրութիւն՝ որ ասում են պապան էլ, էրեխեքն էլ, ախպէրներն էլ, քոյրերն էլ ասում են՝ «ոչինչ, էդ կարմիր շորդ հագած գնայ անցի, չես անցնի՝ մի հատ լաւ խաչքար կդնենք, հիմա ի՞նչ ա եղել»:

Այն, որ Սահմանադրութեան նախաբանում Անկախութեան հռչակագրին յղումը Բաքուն խնդրահարոյց է համարում, աւելի վաղ հաստատել էր արտգործնախարար Արարատ Միրզոյեանը՝ միեւնոյն ժամանակ շեշտելով, թէ Երեւանն էլ իր հերթին խնդիրներ է տեսնում Ադրբեջանի Սահմանադրութեան մէջ: Ազգային ժողովի նախագահն էլ օրեր անց պնդել էր, թէ խնդրահարոյց դրոյթները հայելային պէտք է փոխուէն: Վարչապետ Փաշինեանը երեկուայ հարցազրոյցում այդ մասին որեւէ բառ չասաց:

«Փաշինեանը երէկ վախեցաւ դրա մասին խօսել, վախեցաւ այդ պահանջը ներկայացնել Ալիեւին, Ալիեւն էլ ընդհանրապէս չխօսեց՝ խօսում էր Հայաստանից պահանջուող միակողմանի զիջումների մասին», — ասաց Արթուր Խաչատրեանը:

Երեկ Ալիեւը դժգոհում էր, թէ Հայաստանի Անկախութեան հռչակագիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը խախտող կոչեր է պարունակում: Աւելի վաղ Փաշինեանը պատրաստակամութիւն էր յայտնել տալ ու ստանալ լրացուցիչ երաշխիքներ, որ կողմերը միմեանցից տարածքային պահանջներ չէն ունենայ։ Ընդդիմադիր պատգամաւորի պնդմամբ՝ Փաշինեանն ինքն է լրացուցիչ երաշխիքների մասին այս յայտարարութեամբ խոստովանել, որ կատարելու է Բաքուի պահանջը:

«Հիմա էլ, ինքը Ադրբեջանից էր ասում՝ «Ադրբեջան, Ալիեւ, ասայ՝ Հայաստանը ինչ սահմաններում ես պատկերացնում», վաղը կարող է՞ մի հատ ընդհանուր կոչ անի, ասի՝ «աշխարհի ճանաչուած եւ չճանաչուած պետութիւններ, մի հատ ասեք՝ դուք էլ ի՞նչ պարտք ու պահանջ ունեք Հայաստանից, ձեր կարիքներն էլ բաւարարում եմ», — նշեց դաշնակցական պատգամաւորը:

Վարչապետը երէկ ասում էր, թէ Կառավարութիւնը չի կարող փոխել Սահմանադրութիւնը, այլ կարող է խօսել եւ բացատրել վտանգները, որոշողը՝ միայն ժողովուրդն է։

Share