Կոռուպցիոն չարաշահումների գործով ազատազրկուել է Ալէն Սիմոնեանի եղբօր կինը

Կոռուպցիոն չարաշահումների գործով ազատազրկուել է Ալէն Սիմոնեանի եղբօր կինը

Էկոնոմիկայի նախարարութիւնում առերեւոյթ կոռուպցիոն չարաշահումների գործով ազատազրկուել են նախարարութեան աշխատակիցներ ու Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի եղբօր կինը՝ Անի Գեւորգեանը։ Յայտնի է, որ ձերբակալուած 7 պաշտօնեաներից մէկը փոխնախարար Անի Իսպիրեանն է։

«Մեղադրւում է Էկոնոմիկայի նախարարութեան աշխատակիցներին այնպիսի գործողութիւններ օժանդակելու հարցում, առաջարկութիւն, խորհուրդներ տրամադրելու, որ իբրեւ թէ այն ընկերութիւնը, որտեղ ինքն աշխատում է, ինքը շահի այդ մարցոյթը: Այսինքն՝ այդ գործողութիւնների խնդիրն է սխալ մեկնաբանուել, ու Անի Գեւորգեանը կատարել է այնպիսի գործողութիւններ, որոնք մտել են իր գործառոյթային պարտականութիւնների մէջ», — ասաց փաստաբան Մուշեղ Ալեքսանեանը:

Գեւորգեանի պաշտպանն ասաց, թէ պատրաստւում են բողոքարկել որոշումը։ Պնդում են՝ դատարանը հաշուի չի առել մեղմացուցիչ հանգամանքները. — «Անտեսուել են մի շարք կարեւորագոյն հանգամանքներ, այդ թւում՝ մեղմացուցիչ հանգամանքները, 2 եւ 4 տարեկան մանկահասակ երեխաների առկայութիւնը, նախկինում դատապարտուած չլինելը եւ միւս կարեւորագոյն հանգամանքները»:

Ըստ նախաքննութեան, գործը վերաբերում է պետական մրցոյթի, որտեղ իրենց նախընտրելի ընկերութեան յաղթանակը ապահովելու համար նախարարութեան աշխատակիցներն անհնարին պայմաններ են ստեղծել յաղթողից եռակի ցածր գին առաջարկած մրցակցի համար։ Թեեւ, ըստ Քննչականի, հնարաւոր էր այդ ծառայութեան համար վճարել 108 միլիոն դրամ, նախարարութեան մրցութային յանձնաժողովը, նախապատուութիւն է տուել դրանից մօտ 300 միլիոն դրամ աւելի բարձր գին առաջարկած ընկերութեանը։

Քննիչները յաղթողի անունը չէն նշում, սակայն, «Ազատութիւն»-ը Պետգնումների կայքում գտաւ այս մրցոյթի պատմութիւնը, ըստ որի կասկածելի պայմանագիրը կնքուել է «Սիներջի» ընկերութեան հետ՝ անցած տարուայ կէսին։ Նախարարութեան պաշտօնեաների հետ հանդիպումներում, ըստ պաշտօնական փաստաթղթերից մէկի, ընկերութիւնը ներկայացրել է Անի Գեւորգեանը, ով Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի եղբօր կինն է։ Նա, ըստ փաստաբանի, արդէն մէկ տարի է՝ չի աշխատում «Սիներջի» ընկերութիւնում։

Կալանաւորուածների մէջ է նաեւ «Սիներջի» ընկերութեան ղեկավարներից մէկը։

Յատկանշական է, սակայն, որ պարտուող «Յարմոնիայ» ընկերութիւնն այս մրցոյթի արդիւնքի հետ չէր հաշտուել եւ անցած յունիսին դեռ դիմել էր դատարան։ Ընկերութիւնից հրաժարուեցին այսօր մեկնաբանութիւն տալ «Ազատութեան»-ը, սակայն, դատարանում, արձանագրութեան, ընկերութեան ներկայացուցիչը փաստարկել է, որ նախարարութիւնը մրցոյթի երկրորդ փուլում փոխել է պայմանները՝ սահմանելով մասնակցութեան նոր ու խտրական պահանջներ, ինչի արդիւնքում իրենք դուրս են մնացել։ Դատարանն ի վերջոյ նրանց բողոքը բաւարարել է՝ պարտաւորեցնելով նախարարութեանը նոր մրցոյթ անցկացնել, որտեղ արդէն «Սիներջի»-ն պարտուել է։ Այս պատմութիւնը փաստացի աւարտուել է անցած տարուայ օգոստոսին։ Քննչական կոմիտէն, սակայն հիմա՝ կէս տարի անց է գործ յարուցել։ Մրցութային յանձնաժողովի ղեկավար, փոխնախարար Անի Իսպիրեանն այս ընթացքում շարունակել է մնալ իր պաշտօնում։

Նրա վերադասը՝ էկոնոմիկայի նախարարը այսօր էլ պնդեց, թէ աշխատակիցների անմեղութեանը չի կասկածում։

«Տենդերային գործընթացը եղել է անընդհատ միւս գործընկերների, այդ թւում՝ Ֆինանսների նախարարութեան վերահսկողութեան տակ, եւ մենք աւելի քան վստահ ենք, որ դատարանով էլ կամ քննութեամբ էլ կը պարզուի, որ գնումների մասին օրէնքներ ի հետ որեւէ խախտում չի լինի», — նշեց Վահան Քերոբեանը։

«Սիներջի»-ն հրաժարւում է հարցազրոյցից, ընկերութիւնը միայն յայտարարութիւն է տարածել, որտեղ ասւում է, թէ «այս պահին ընթանում է նախաքննութիւն, ուստի ընկերութիւնը յաւելեալ տեղեկատուութիւն կտրամադրի մօտ ապագայում»։

azatutyun.am

Share