(Ի՞նչն է դրդում Փաշինեանին յայտարարութիւններ անել Բաքուի հետ չյարձակման պակտի ստորագրման մասին)
Քաղաքագէտ Բենիամին Մաթեւոսեանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծութիւն, որում մասնաւորապէս ասւում է․
«Այսօրուայ վերնագիրը կարող է շատերին սադրիչ թուալ, բայց եթէ վերլուծենք 2018 թուականից սկսած մեր անցած ճանապարհը, ապա պարզ կը դառնայ, որ այս հարցն էլ վաղ թէ ուշ կարող է մտնել գործող իշխանութեան օրակարգ ։
Եկեք միասին յիշէնք, թէ ինչի միջով ենք անցել 2018 թուականից սկսած.
1. 2018 թուականի գարուն՝ իշխանափոխութիւն՝ գործընթացում հասարակութեան լայն զանգուածների ներգրաւմամբ։ Սակայն, ինչպէս ցոյց տուեցին 2020 թուականի պատերազմից յետոյ տեղի ունեցած իրադարձութիւնները, առանց «Ազգային ժողովի պատերի հետեւում տեղի ունեցող գործընթացների» եւ այն ժամանակ իշխող խմբի ներսում կոնսենսուսի, 2018 թուականին անհնար էր փոխել իշխանութիւնը։
2. 2018 թուականի ամառ՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթօնը եկաւ Հայաստան եւ բարձրաձայնեց այն ծրագիրը, որը պէտք է իրականացներ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը՝ հրաժարուել պատմական կարծրատիպերից։
3. Յետագայ տարիներին մենք տեսանք Արցախի դաւաճանութիւնն ու կորուստը (իսկ իշխանութիւններն արդէն հասել են նրան, որ Արցախի բնակիչների վրայ Ալիեւի ռեժիմի յանցաւոր յարձակման օրը՝ 2023 թուականի սեպտեմբերի 19-ը, կոչւում է Հայաստանի իրական անկախութիւն ձեռք բերելու օր.)՝ նախ պատերազմով, իսկ յետոյ՝ 2022 թուականի Պրահայի կոնսենսուսով։
4. Ռուսաստանի Դաշնութեան հետ ռազմավարական գործընկերութեան համակարգի փլուզում, որն այսօր առաւել ցայտուն դրսեւորւում է ՀԱՊԿ գործունէութեան սաբոտաժով։
5. Հայաստանի ներսում տեղեկատուական պատերազմ ՀՀ դաշնակիցների՝ Ռուսաստանի եւ Իրանի դէմ։ Միաժամանակ, Թուրքիայի համար բարէնպաստ տեղեկատուական ֆոնի ապահւում։ Մենք հասել ենք նրան, որ իշխանութեան հետ առնչուող փորձագէտներն ասում են, որ հէնց Թուրքիան է զսպում Ադրբեջանին Հայաստանի վրայ յարձակումներից։
6. Զուգահեռաբար ընթանում է պատմութեան վերաշարադրման գործընթացը։ Արցախի Ամարասը վերապրեց Լենկթեմուրի ներխուժումը, բայց չփրկուեց «Փաշինեանի ներխուժումից» եւ անյետացաւ պատմութեան դասագրքից, քանի որ մեր հայկական Ամարասը չի մտնում Փաշինեանի ուզած 29 800 քառակուսի կիլօմետր Հայաստանի տարածքների մէջ։
Վերը նկարագրուած ամէն ինչ պատմական կարծրատիպերից հրաժարուելու գործընթաց է, որը պէտք է ունենայ իր տրամաբանական աւարտը։ Այս աւարտը իշխանութիւնները փորձում են ներկայացնել չորրորդ հանրապետութեան ստեղծման տեսքով, ինչպէս վերջերս յայտարարեց Նիկոլ Փաշինեանը։
Այս գործընթացը, սակայն, կեանգեցնի պետականութեան կորստի, բայց ինչպէս 44-օրեայ պատերազմի դէպքում, Փաշինեանը մինչեւ վերջ հասարակութեանը չի ասի ճշմարտութիւնը։ Հիմա հայ ժողովրդին համոզելու են, որ Երրորդ Հանրապետութեան ժառանգութեան մերժումը, Երրորդ Հանրապետութեան լուծարումը «խաղաղութեան դարաշրջանի» նոյնանման տարրն է, ինչպիսին է Փաշինեանի առաջարկած «չյարձակման պակտը» Ադրբեջանին։
Հաշուի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր նախագահի մակարդակով յայտարարեց, որ մտադիր չէ լքել Հայաստանի՝ 2020-2022 թուականներին օկուպացուած տարածքները, կարող ենք նշել, որ այս պայմանագիրը (նոյնիսկ եթէ այն ստորագրուի) պարզապէս լեգիտիմացնելու է ադրբեջանական օկուպացիան: Դա կլեգիտիմացնի ու ռազմավարական առաւելութիւն կը տայ Բաքուին Հայաստանի հետ նոր լայնածաւալ պատերազմի դէպքում։
Իրավիճակն այնպիսին է, ինչպիսին մենք նկարագրում ենք այն 2024 թուականի հէնց սկզբից. Ալիեւն ու Էրդողանը վերջնականապէս եւ անդառնալիօրէն մերժեցին Փաշինեանի «խաղաղութեան դարաշրջանի» հայեցակարգը։ Ինչը, Հայաստանի համար վտանգ ներկայացնելուց բացի, սպառնալիք է նաեւ Փաշինեանի եւ նրա՝ իշխանութեան ղեկին գտնուելու համար:
Յենց այդ պատճառով էլ նա փորձում է իր պաշտօնավարման շրջանը երկարացնել ՝ լիովին կատարելով Բաքուի եւ Անկարայի բոլոր պահանջները, որոնք առաջ են քաշւում այս պատմական ժամանակահատուածում՝ նա հրաժարւում է ՀՀ անկախութեան հռչակագրից, որն ընկած է մեր պետականութեան հիմքում ։
Յենց դրա համար էլ նրան անհրաժեշտ է կազմալուծել Երրորդ Հանրապետութիւնը. դա ժամանակ է տալիս եւս որոշակի ժամկէտով երկարաձգել իր պաշտօնաւարումը։
Ակնյայտ է, որ այդ պահանջների կատարումից յետոյ Բաքուն եւ Անկարան արդէն նոր պահանջներ կ’ունենան՝ փակել ԱԷԿ-ը, կրճատել բանակի անձնակազմը, հրաժարուել ՀՀ ԶՈւ զինանոցում գտնուող մի շարք ծանր զինատեսակներից, Բաքուի եւ Անկարայի լիակատար վերահսկողութեան տակ յանձնել բոլոր տրանսպորտային հաղորդակցութիւնները՝ վերահսկելու համար, որպէսզի Հայաստանը, հակառակ պայմանաւորուածութիւնների, չզինուի։ Այդ պահանջները կեանքի կոչելը իշխանութեանն մէջ լինելու շանս կը տայ Փաշինեանին եւ այսպէս մինչեւ վերջ… մինչեւ Հայաստանի լուծարումը…
Այս նոյն ճանապարհին հայ ազգի ողնաշարն ամբողջութեամբ ոչնչացնելու համար Ալիեւն ու Էրդողանը կարող են պահանջել նաեւ զանգուածային հրաժարում քրիստոնէութիւնից։ Այն ամէնից յետոյ, ինչ տեղի ունեցաւ, կասկածներ ունե՞ք, որ իշխանութիւնները կարող են գնալ այս քայլին։
Մտածէ՛ք այս ամէնի մասին….»։