Հայ-ատրպէյճանական սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները (Բ.)

Հայ-ատրպէյճանական սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները (Բ.)

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու,
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի
յատուկ ծրագրերի պատասխանատու


Սոյն յօդուածի առաջին մասով անդրադարձել էինք սահմանազատման (delimitation) եւ սահմանագծման (demarcation) երեւոյթներին, դրանց էութեանը, իրականացման միջազգայնօրէն ընդունուած մօտեցումներին։ Յօդուածի առաջին մասում շարադրել էինք այն ընթացակարգերը, որոնցով երկու հարեւան պետութիւններ, դրսեւորելով քաղաքական կամք եւ ելնելով բարիդրացիական յարաբերութիւնների հաստատման կամ զարգացման շարժառիթից, միջազգայնօրէն ընդունուած կարգով իրականացնում են սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց։ Հարեւան պետութիւնների միջպետական յարաբերութիւններին բնորոշ այս գործընթացը ընթացակարգերի եւ մօտեցումների առումով որեւէ ընդհանրութիւն սակայն չունի Հայաստան-Ատրպէյճան յարաբերութիւնների հետ։ Ատրպէյճանի նպատակը ակնեայտօրէն շարունակում է մնալ ոչ թէ խաղաղութեան հաստատումը, այլ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծումը։ Ատրպէյճանը փորձում է սահմանազատումը յարմարեցնել այդ ագրեսիայի նախապատրաստութեանը՝ մասնաւորապէս ստրատէգիական կարեւորութեան բարձունքներում դիրքաւորուած մնալով։ Մաքսիմալիստական մօտեցումներով տրամադրուած Ատրպէյճանը ամէն ինչ անում է սահմանազատման արդիւնքում Հայաստանի Հանրապետութեան կենսական ենթակառուցուածքների նկատմամբ վերահսկողութիւնը պահպանելու, խոշոր բնակավայրերն անհրաժեշտութեան դէպքում կրակի տակ առնելու, ցանկացած պահի Հայաստանի որեւէ հատուածի կեանքը կաթուածահար անելու, ջրային պաշարների եւ ջրահաւաք աւազանների նկատմամբ վերահսկողութիւն ունենալու, Հայաստանի ինքնիշխան տարածքում ներկայութիւնը պահպանելու եւ, անկլաւների խնդիրն օգտագործելով, ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու համար։

Ինչպէս նշեցինք նախորդիւ, 2020 թ․ աղէտալի պատերազմից անմիջապէս յետոյ, առաւելապէս ատրպէյճանական պարտադրմամբ, հայ-ատրպէյճանական բանակցային օրակարգի առանցքային կէտէրից մէկը դարձաւ երկու երկրների միջեւ սահմանազատման (դելիմիտացիայ) եւ սահմանագծման (դէմարկացիայ) հարցը, ինչը սկսեց լայնօրէն քննարկուել հայկական հասարակական-քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում։ 2021 թ․ Մայիսին, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածք ներխուժումից կարճ ժամանակ անց, Հայաստանի եւ Ատրպէյճանի փոխուարչապետէրի գլխաւորութեամբ ստեղծուեց երկու երկրների միջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման յանձնաժողով, որի աշխատանքները, չնայած մի քանի նախկին, ինչպէս նաեւ առաջիկայում պլանաւորուած հանդիպումներին, դեռեւս իւսադրութիւն չէն ներշնչում։ 
Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ նախ սահմանազատումը, ապա սահմանագծումը բարդ խնդիրների մի ամբողջ թնճուկ է, որն էլ աւելի է խճճուել ատրպէյճանական զանազան պատմաշխարհագրական զեղծարարութիւնների, ռազմական ներխուժումների, աշխարհաքաղաքական մրցակցութիւնների, ինչպէս նաեւ ԽՍՀՄ տարբեր տարիների քարտէզների փոփոխութիւնների, եւ 1920 թ․ այս կողմ, ԽՍՀՄ տարբեր որոշումների հիման վրայ հայկական պետութեան տարածքների փոքրացումների, անկլաւների առաջացման եւ այլնի արդիւնքում։ Յօդուածի երկրորդ մասով, արդէն տեսական գիտելիքի համակարգմամբ, կ’անդրադառնանք Հայաստան-Ատրպէյճան սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդրին՝ վեր հանելու գործընթացի դժուարութեան առարկայական պատճառները եւ իրավիճակի շարունակական ապակայունացմանն ուղղուած ատրպէյճանական քաղաքականութիւնը։

Քաղաքական խոչընդոտներ


Հայաստան-Ատրպէյճան սահմանազատման գործընթացում առկայ խնդիրները կարելի է դասակարգել երկու հիմնական խմբերում։ Առաջին խումբը կարող է ներառել այն խնդիրները, որոնք ուղղակիօրէն վերաբերում են սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, իսկ երկրորդ խումբը զուտ քաղաքական խնդիրներն են, Ատրպէյճանի բացայայտ թշնամական կեցուածքը, ցեղասպանական գործողութիւնները Արցախում, որոնց անդրադարձը էականօրէն կը մեծացնի այս աշխատանքի ծաւալն ու մէզ կը շեղի բուն նիւթից։ Միայն նշէնք, որ ատրպէյճանական թշնամական քաղաքականութիւնը եւ բոլորովին վերջերս ռազմատենչ հռետորաբանութեան եւ Հայաստանից տարածքային պահանջների նոր նշաձողերը, անիմաստ են դարձնում նաեւ սահմանների սահմանազատման գործընթացը, քանի որ վերջինս մի բան է, որ պէտք է ծառայի հարեւան պետութիւնների միջեւ համակեցութեան հաստատմանն ու զարգացմանը, եւ ոչ թէ պատերազմական յանցագործութիւնների արդիւնքում զաւթած տարածքների ու դիրքերի փաստաթղթային ամրագրմանը։ Այդուհանդերձ, անդրադառնանք այն խնդիրներին, որոնք ուղղակի կապ ունեն սահմանազատման հետ, մասնաւորապէս․

Սահմանազատման համար փոխադարձ իրաւական հիմք

Ամէն դէպքում խորհրդայնացուած Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ առաջին սահմանային յստակեցումները փորձ արուեցին կատարել խորհրդայնացումից մի քանի տարի անց։ Յետագայում ԽՍՀՄ զինուած ուժերի գլխաւոր շտաբը հաստատել է մի շարք քարտէզներ, որոնց արդիւնքում Հայաստանը կորցրել է շուրջ 1200 քառ․ քլմ. տարածք, այդ թւում ինքնիշխան կապը Արցախի հետ։

Այս հարցն իրական խնդրի է վերածուել հայ-ատրպէյճանական յարաբերութիւններում, քանի որ Պաքուն ոչ միայն պահանջում է սահմանազատումն իրականացնել ԽՍՀՄ ամենավերջին սահմաններով, որոնք իր համար ամենայաջողն են, այլ նաեւ գոնէ յայտարարութիւնների մակարդակով չի պատրաստւում խաղաղ կերպով հեռանալ ՀՀ ինքնիշխան տարածքից։ Կողմերը կարծես թէ մօտ էլ չէն համաձայնութեան թէ ԽՍՀՄ գլխաւոր շտաբի որ թուականների քարտէզներով պէտք է սահմանազատում իրականացուի, վերջերս ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղարը հնչեցրեց 1974 եւ 1978 թուականները, ինչի համաձայնութիւնը ատրպէյճանական կողմից կարծես թէ դեռեւս հաստատուած չէ։

Ալմայ Աթայի հռչակագրին յղման հարցը

Յետպատերազմեայ բանակցային գործընթացում ՀՀ իշխանութիւնների կողմից անհարկիօրէն կիրառութեան մէջ դրուեց Հայաստանի եւ Ատրպէյճանի կողմից միմեանց տարածքային ամբողջականութիւնը ԱՊՀ նպատակների եւ սկզբունքների, դրա հիմքերի մասին Ալմայ Աթայի հռչակագրով իբր թէ ճանաչուած լինելու մասին կեղծ թէզը։ Ընդ որում Հայաստանի իշխանութիւնները փորձում էին Ալմայ Աթայի խաղաքարտը խաղարկել ինչպէս Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւնից ձերբազատուելու, այնպէս էլ ՀՀ-Ատրպէյճան միջպետական խնդիրները լուծելու համար։ Իրականում 1991 թ․ Դեկտեմբերի 21-ին Ատրպէյճանի Հանրապետութեանը, Հայաստանի Հանրապետութեանը, Պելառուսի Հանրապետութեանը, Ղազախստանի Հանրապետութեանը, Ղրղզստանի Հանրապետութեան, Մոլտովայի Հանրապետութեան, Ռուսաստանի Դաշնութեան (ՌՍԴԽՀ), Տաճկաստանի Հանրապետութեան, Թուրքմենիստանի, Ուզպէքիստանի Հանրապետութեան եւ Ուքրանիայի կողմից ստորագրուած Ալմայ Աթայի հռչակագրով որեւէ կերպ չէր կարող ճանաչուել Ատրպէյճանի սւուերէնութիւնը Արցախի նկատմամբ՝ ի թիւս այլնի, նախ, որովհետեւ այդ հռչակագրի ստորագրման ժամանակ արդէն Արցախը՝ համաձայն միջազգային եւ ԽՍՀՄ ներքին օրէնսդրութեան հանրաքուէով հռչակել էր իր անկախութիւնը, ապա նաեւ այն պատճառով, որ Արցախի հարցում տարընկալումները կանխելու համար ՀՀ Գերագոյն խորհուրդն ընդունել էր համապատասխան վերապահումներ։ 
Բայց քանի որ սոյն յօդուածի քննարկման նիւթն ուղղակիօրէն չի վերաբերում Արցախին, ապա զերծ մնանք այս ուղղութեամբ յաւելեալ քննարկումներից։ Ալմայ Աթայի հռչակագիրը, նաեւ չի կարող իրաւական հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետութեան եւ ատրպէյճանական Հանրապետութեան միջեւ սահմանազատման եւ սահմանագծման համար, ի թիւս այլնի նաեւ այն պատճառով, որ Ատրպէյճանը, ի տարբերութիւն Հայաստանի, չի վաւերացրել Ալմայ Աթայի հռչակագիրը։ Մասնաւորապէս, պաշտօնական Պաքուն նախ առ ոչինչ է յայտարարել հռչակագիրը ստորագրած Այաս Մութալիբովի ստորագրութիւնը։ Ալմայ Աթայի հռչակագրում Ատրպէյճանի ստորագրութիւնը երկրորդ անգամ զետեղւում է 1993 թ․ Սեպտեմբերի 24-ին, սակայն հռչակագիրը, որպէս այդպիսին ատրպէյճանական օրէնսդրի կողմից չի վաւերացւում։ 
Սակայն նոյն օրը, Ատրպէյճանի Գերագոյն խորհուրդը վաւերացնում է Անկախ Պետութիւնների Համագործակցութեան Կազմակերպութեան (ԱՊՀ) կանոնադրութիւնը՝ այդպիսով դառնալով ԱՊՀ անդամ։ Ալմայ Աթայի հռչակագիրը Ատրպէյճանի կողմից շարունակում է մնալ ստորագրուած, բայց չուաւերացուած։ Համաձայն «Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին» Վիեննայի 1969 թ․ կոնուենցիայի՝ միջազգային պայմանագրի ստորագրումն ու վաւերացումը տարբեր հասկացութիւններ են։ Ըստ կոնուենցիայի 14-րդ յօդուածի՝ «Իր համար պայմանագիրը պարտադիր լինելու մասին պետութեան համաձայնութիւնն արտայայտւում է վաւերացման միջոցով»։

Ելնելով վերոգրեալից կարող ենք եզրայեանգել, որ սահմանազատման գործընթացում նախապայմանային նշանակութիւն ունեցող փոխադարձ ընդունելի իրաւական հիմքի փնտռտուքներում Ալմայ Աթային հռչակագիրը որպէս այդպիսին լինել չի կարող։

Անկլաւների հարց

Ատրպէյճանական կողմը պարբերաբար բարձրացնում է նաեւ այսպէս կոչուած անկլաւների հարցը, իրականում անկլաւներն առաջ եկան 1920-ական թթ․, երբ խորհրդային իշխանութիւնը, ելնելով գիւղատնտեսական նպատակներից Ատրպէյճանին անկլաւներ տուեց Հայաստանի տարածքում, իսկ որոշ ժամանակ անց, ատրպէյճանական քաղաքականութեան արդիւնքում անկլաւացաւ հայկական Արծուաշէնը ու շարունակեց մնալ որպէս այդպիսին։ Հայկական անկլաւ Արծուաշենի եւ Տաւուշի ու Արարատի մարզերի ատրպէյճանական անկլաւները (միասին վերցուած) գրեթէ նոյն տարածքն ունեն 44-45 քառ․ քլմ.։ Ընդ որում, ժամանակին Ատրպէյճանին տրուած անկլաւները գտնւում են Հայաստանի Հանրապետութեան կարեւորագոյն միջպետական ճանապարհների՝ դէպի Վրաստան եւ Իրան մայրուղիների վրայ։ Բացի այդ, համաձայն քարտէզագէտ Ռուբէն Գալիչեանի՝ 1920-30-ական թթ․ Ատրպէյճանը Հայաստանից բռնագրաւել է շուրջ 1200 քառ․ քլմ. տարածք1, այդ թւում Լաչինի հատուածում, որի արդիւնքում, ինչպէս նշուեց կտրուել է Հայաստանի կապն Արցախի հետ։ Յետաքրքիր է, որ համաձայն 1926-1927 թթ․ քարտէզների՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքը 30․948 քառ․ քլմ. էր, իսկ Ատրպէյճանինը 2000 քառ․ քլմ. աւելի փոքր, քան այժմ է։ Իսկ աւելի վաղ՝ 1920-ակաների քարտէզների համաձայն՝ նոյնիսկ Հայաստանն Արցախի հետ ունէր ցամաքային կապ, որը վերացաւ այսպէս կոչուած «Կարմիր Քրտստանի» ստեղծման պատրուակով, երբ Հայաստանից տարածքներ տրուեցին Ատրպէյճանին։

Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի բռնագրաւում

Արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ մի քանի ռազմական ագրեսիաների արդիւնքում Ատրպէյճանին յաջողուել է Հայաստանի ինքնիշխան տարածքից բռնազաւթել շուրջ 200 քառ․ քլմ. տարածք։

Սահմանային խնդիրների պատճառով Հայաստանի Հանրապետութեան տասնեակ բնակավայրեր, ատրպէյճանական զինուժի գործողութիւնների արդիւնքում, զրկուած են իրենց մշակովի հողատարածքներն ու արօտավայրերն օգտագործելու հնարաւորութիւնից։
 Յունուարի 10-ի իր ասուլիսում Ալիեւը բացէիբաց յայտարարեց, որ չէն պատրաստւում ատրպէյճանական զինուած ուժերը յետ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքից։ Այս հարցում ատրպէյճանական դիրքորոշումը եւս մէկ առանցքային խոչընդոտ է Հայաստան-Ատրպէյճան սահմանազատման աշխատանքներում։

Այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցի» պահանջ

Սահմանազատման գործընթացը տորպեդահարող՝ ատրպէյճանական միւս պահանջը այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի» գործարկումն է՝ ատրպէյճանաթուրքական ուղենիշներով։ Պատէրազմից յետոյ ատրպէյճանաթուրքական տանդէմը մշտապէս խօսում է այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի» բացմնան անհրաժեշտութեան մասին՝ յաճախ չթաքցնելով այդ նպատակին հասնելու գործում ռազմական ուժի կիրառման պատրաստակամութիւնը։ Չնայած հայկական կողմը պատրաստ է իր մասով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցուածքների ապաշրջափակմանը եւ այդպիսով Ատրպէյճանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ կապը հնարաւոր դարձնելուն, այնուամենայնիւ պաշտօնական Պաքուն ցանկանում է Հայաստանի տարածքով արտատարածքային (extraterritorial) միջանցքի ձեռքբերում, որի վրայ չի տարածուի ՀՀ ինքնիշխանութիւնը: Վերջին շրջանում ատրպէյճանական պետական ու մերձիշխանական շրջանակների կողմից ակտիւացել են խօսակցութիւնները նաեւ այդ, իրենց կողմից ենթադրելի, միջանցի երթուղու շուրջ։ Եթէ նախկինում դիտւում էր նաեւ Սիւնիքի մարզի հիւսիսային հատուածը, ապա այժմ հիմնական շեշտը դրւում է Հայաստանի ծայր հարաւի՝ Իրանի հետ սահմանային Մեղրիի վրայ։


Ամփոփելով կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետութեան եւ ատրպէյճանական Հանրապետութեան միջեւ յարաբերութիւններում վերջինիս կողմից բացակայում է սահմանազատման, ապա եւ սահմանագծման վերաբերեալ քաղաքական կամքը, ինչը ընթացիկ գործընթացն ընդամէնը միջոց է՝ միջազգային յարաբերութիւնների ներկայ տեղապտոյտից ու Հայաստանի թոյլ կեցուածքից օգտուելով պաշտօնական Երեւանից աւելին պոկելու, ռազմական ուժի կիրառման սպառնալիքի տակ Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու, ինչպէս նաեւ արդէն իսկ ձեռքբերուածը փաստաթղթային ամրագրման հասցնելու համար։ Այս իրավիճակում սահմանազատման գործընթացը չի կարող ծառայել իր բուն նպատակին։ Հայաստանի իշխանութիւնների բացարձակապէս ոչ կոմպետենտութեան ու ադեկուատ պատասխանի բացակայութեան պայմաններում, սահմանազատման այս գործընթացը հետզհետէ վերածում է ոչ թէ Հայաստանի անվտանգային կարիքները մեղմող ու կայունացնող գործընթացի, այլ ճիշդ հակառակը՝ յղի նոր անկայունութիւններով ու սպառնալիքներով։

Share