Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատի կողմից ընդունուած բանաձեւի վերաբերեալ

Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատի կողմից ընդունուած բանաձեւի վերաբերեալ

Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատը յունուարի 17-ին, գրեթէ միաձայնութեամբ, ընդունեց Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեանն աջակցող, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ եւ հայ բնակչութեան՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրաւունքի երաշխիքներ պահանջող բանաձեւ։ Ստեղծուած իրավիճակում չափազանց կարեւոր է Ֆրանսիայի օրէնսդիր մարմնի բարձր պալատի կողմից այնպիսի քաղաքական դիրքորոշումը, որը ենթադրում է աջակցութիւն Հայաստանի տարածքային ամբողջականութեանն ու ինքնորոշմանը, Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայի դատապարտում, հայ բնակչութեան վերադարձի իրաւունքի երաշխաւորման անհրաժեշտութիւն, Հայաստանի Հանրապետութեան տարածքների դեօկուպացիայ, Հայաստանի կողմից իր անվտանգութիւնը, այդ թւում ռազմական ճանապարհով, պաշտպանելու կարողութիւնների զարգացում, Բաքւում պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատութիւն, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն։ Կարեւոր նշանակութիւն ունի նաեւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցների կիրառման պահանջը։

Ընդունուած բանաձեւը համահեղինակել են ֆրանսիական սենատի քաղաքական բոլոր խմբակցութիւնների ղեկավարները, ինչը հայութեան հանդէպ ֆրանսիական ներքաղաքական համախոհութեան կարեւոր ցուցիչ է։

Այս բանաձեւի ընդունումը մաս է կազմում վերջին շրջանում Եւրոպայում եւ յատկապէս Ֆրանսիայում հայկական շահերի պաշտպանութեան ծաւալուն միջոցառումների, որոնց կարեւոր մի մաս ներկայումս առաջ է մղւում «Եւրոպացիները հանուն Արցախի» հարթակի միջոցով, որի կազմակերպմամբ՝ յունուարի 27-ին եւ 28-ին, եւրոպական 15 երկրների աւելի քան 55 քաղաքներում նախատեսուած են տարաբնոյթ միջոցառումներ։ Ֆրանսիայում միջոցառումներ կ’անցկացուեն 13 քաղաքներում։

Լիայոյս ենք՝ ֆրանսիական օրէնսդրի կողմից ընդունուած այս բանաձեւն ամբողջապէս ուղենշային կը լինի Ֆրանսիայի գործադիր իշխանութեան համար եւ կուերաճի ամբողջական պետական քաղաքականութեան։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
18․01․2024թ․

Share