Արևմտեան Ամերիկայի հայկական համայնքը կարող է բախտորոշ դեր ունենալ մեր հայրենիքի ու ժողովրդի կեանքում:
Վերջին քանի տասնամեակներին հայութեան հոսքը Միջին Արեւելքից դէպի Միացեալ Նահանգներ և ապա դրա վրայ օրեցօր աւելացող նաեւ Հայաստանի հայութեան հոսքը դէպի արեւմուտք 21 րդ դարի նախօրեակին Միացեալ Նահանգների հայ համայնքը դարձրեցին իւրայատուկ յատկանիշներով օժտուած համայնք:
Ամերիկահայութեան աճի հետ զուգահեռ առաւել զգալի է դարձաել նաեւ հայութեան ներկայութիւնը երկրի տնտեսական, մշակութային եւ քաղաքական ասպարէզներում: Այսօր քաղաքական բազմաթիւ օղակներում լինի դա քաղաքային, նահանգային կամ մինչև իսկ դաշնային մակարդակներում հայութիւնն ունի իր դերակատարութիւնը, իսկ որոշ մակարդակներում այդ դերակատարութիւնը վճռորոշ ուժ է ստացել:
Ամերիկահայութիւնը այսօր ոչ միայն իբրեւ Հայ այլ նաև իբրև Ամերիկայի քաղաքացի, ունի իր ուրոյն հարցերն ու մտահոգութիւնները: Թերեւս լայն հնարաւորութիւններով օժտուած ամերիկահայի համար տարբեր մակարդակների առաջնահերթութիւններ կան, սակայն չպէտք է մոռանալ, որ հնարաւորութիւնների կողքին նաեւ պարտաւորութիւնների ու
պատասխանատւութեան նոր դաշտ է բացւում այս ափերում հաստատուած հայութեան առջեւ թէ իբրեւ օրինապահ քաղաքացի եւ թէ իբրեւ յանձնառու հայ:
Իր բազմերանգ հայութեամբ, իր նիւթական ու քաղաքական կարողութիւններով ու պատրաստուած մարդուժով ու յատկապէս հայրենիքի հետ անքակտելի կապերով կապուած Արևմտեան Ամերիկայի հայկական համայնքը կարող է բախտորոշ դեր ունենալ մեր հայրենիքի ու ժողովրդի կեանքում եթէ այն կարողանայ հանդիսանալ հայրենիքի կառուցողական և սրտցաւ գործընկերը: Մենք ազգովին չկարողացանք իրականացնել դա, մեղաւորներ կան բոլոր կողմերում, իսկ այն ինչ որ այսօր մեր առջևն է մեր ազգի, մեր հայրենիքի և մեր համայնքի ապագան է և բոլորս գիտակցում ենք, որ առանց Հայաստանի ու Արցախի սփիւռքն ինքնին անիմաստ է և դատապարտուած է մահուան:
Արևմտեան Ամերիկայի հայկական համայնքն էլ անմասն չմնաց Հայաստանի ու հայութեան կեանքը խոշորագոյն տագնապների մատնած այն գործընթացներից որոնց բացայայտօրէն ականատես դարձանք 2018 թուականից այս կողմ, իսկ որի նախադրեալները շատ աւելի խորն էին:
44օրեայ պատերազմի օրերին առաջացած անսահման ոգեւորութեան ու հայկական համայնքների ու երիտասարդութեան զարթօնքի ու ինքնակազմակերպման կարճատև իսկ աշխոյժ ժամանակահատուածին փոխարինեց կասկածելի պայմաններում թելադրուած պարտութեան հետ ընկերակցող յուսախաբութիւնն ու անտարբերութիւնը:
Հայաստանի քաղաքական բեմում յայտնուած կասկածելի ուժերը ոչ միայն փորձում են ապակողմնորոշել Հայաստանի հասարակութիւնն ու քաղաքական դաշտը, այլ նաև ոչ մի ջանք չեն խնայում որպէսզի Հայկական սփիւռքը ներգրաւեն նոյն պառակտիչ ու տկարացնող գործընթացների մէջ:
Համայնքային իմաստով ներքին և արտաքին ճակատներում երկարաշունչ և տքնաջան գործ կայ կատարելու, գործ կայ յանուն հայրենիքի, գործ կայ յանուն ապագայ սերունդների ու ազգի գոյատևման:
Այս անձնուրաց գործի յաջողութեան համար «Օրակարգ»ը իբրև Դաշնակցութեան մամլոյ ընտանիքի նոր անդամ ձեր կողքին է լինելու:
«Օրակարգ»ը լիայոյս է որ ձեր աջակցութեամբ այս հրատարակութիւնը կը ծառայի իր նպատակներին՝ նոր հորիզոններ բացելով հայութեան առջեւ: