Հայը մնում է հա՞յ

Հայը մնում է հա՞յ

Մեզ թւում է՝ երբ այլոց մասին մենք ասում ենք «թուրքը մնում է թուրք», «ռուսը մնում է ռուս», այլոք էլ մեր մասին նոյնը չէն մտածում։
Առաջին հերթին կարող են նկատի ունենալ մեր պատմական պրիմիտիւիզմը, պետական մտածողութեան եւ պետականութեան ընկալման պատմական դեֆիցիտը, մեր նեղ անձնական մերկանտիլիզմը, իշխանութիւնը եւ պետական ռեսուրսները որպէս անձնական հարստացման միջոց տեսնելու՝ էլիտաների մտածողութեան դեֆեկտը եւ այլ նման յատկանիշներ։
Մինչեւ մեր հաւաքական միտքը չգիտակցի, որ մեր պատմական ողբերգութիւնների եւ սխալների հիմքում մենք ենք, եւ որ հայը պէտք է սկսի փոխուել, ու չծնուէն նոր քաղաքական հոսանքներ, որոնք այդ գաղափարների կրողներն են եւ տարածողները, մէզ մշտապէս ուղեկցելու են պարտութիւնները։
Միայն նոր տարուայ առաջին օրերին Հայաստանում եւ Ադրբեջանում հանրային դիսկուսիայի որակը ցոյց է տալիս այս պահին երկուսիս պետական լրջութեան տարբերութիւնը։ Մեր հանրային օրակարգը պոկուած ցնցուղն է, իսկ ադրբեջանականում քննարկում են, որ յունուարի 1-ից ԲՐԻԿՍ-ը դառնում է Ադրբեջանին սահմանակից (հաշուի առնելով, որ այս տարուանից կազմակերպութեան նոր անդամ է Իրանը)։ Ընդ որում, այս տարի ԲՐԻԿՍ-ում նախագահում է Ռուսաստանը։
ԲՐԻԿՍ-ը համաշխարհային տնտեսութեան հեռանկարն է, ու հետեւաբար նաեւ՝ կարեւորագոյն քաղաքական-ուժային կենտրոն։
Հայաստանում ո´չ իշխանութիւնը, ո´չ ընդդիմութիւնը չէն խօսում այն մասին, որ ԲՐԻԿՍ-ը, որտեղ մենք կարող ենք ունենալ ստրատէգիական դաշնակիցներ, հասել է հէնց մեր սահմանին, աւելի պարզ՝ հասել է Սիւնիք։ Սիւնիքի թեման փակելու, Հայաստանի՝ գէտնին ընկած կշիռը բարձրացնելու ամենագրագէտ հեռանկարը ԲՐԻԿՍ-ի հետ խոշոր տնտեսական եւ ենթակառուցուածքային ծրագրեր իրականացնելն է, ԲՐԻԿՍ-ի փողերով, հէնց հիմա, հէնց Սիւնիքում եւ Հայաստանով մէկ։ Ընդ որում, ԵԱՏՄ-ում էլ այս տարի նախագահում է Հայաստանը։
Մենք ազգովի «ցնցուղ-ցնցուղ» ենք խաղում, անծրագիր ու առանց ստրատէգիական մտածողութեան էլիտաների առաջնորդութեամբ մսխում պետականութիւնը։
Մենք սարքել ենք ՄԵԿ հոգու սպասարկող պետութիւն՝ իր բոլոր համակարգերով, ու զարմանում ենք թէ ինչու է փլւում պետութիւնը։ Նիկոլն իր «դուշը» մեծ հաշուով տուել է պետական եւ հանրային բոլոր ինստիտուտներին՝ կիրարկման սեփական հայեցողութեամբ։ Բաքւում ընթացող՝ Վագիֆ Խաչատրեանի դատը ոչնչով չի տարբերւում Երեւանում ընթացող՝ Արմէն Աշոտեանի դատավարութիւնից. արդարադատութեան, իրաւաբանութեան, ցինիզմի զրոյ տարբերութիւն։
Մենք հայերս ենք ձեւաւորել ստի, ստորաքարշութեան, լռելու, մանր շահի, իբր պայքարի մեր համակարգերը։ Իբր պետութեան մեր մոդելը ու հիմա զարմանում ենք, թէ հակառակորդն ինչո՞ւ է ջարդում այն։

Մինչեւ չփոխենք հարցադրումները, մինչեւ չփոխենք մեր եւ աշխարհի հարցերին նայելու տեսանկիւնը, մինչեւ չփոխուենք մենք, կորուստները լինելու են շարունակական։ Ոչ մի նոր տարի ոչ մի բան չի փոխելու. այսպէս հաձնուած նստած՝ տարէցտարի քարշ ենք տալու մեր ծանր, չլուծուած հարցերն ու մեր իներցիոն, միայն դէպի փակուղի տանող պատկերացումները։ Հայը պիտի փոխուի, ուրիշ ճանապարհ չկայ։ Սկզբում պէտք է փոխուէն որոշումներ կայացնողները, մթնոլորտ ձեւաւորողները, հանրային օրակարգը, բարքերը, յետոյ՝ լայն հասարակութիւնը։


Վահէ Հովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Share