ԼՂ-ից տեղահանուած հայերին պէտք է անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի հնարաւորութիւն տրուի․ Միեատովիչ

ԼՂ-ից տեղահանուած հայերին պէտք է անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի հնարաւորութիւն տրուի․ Միեատովիչ

Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանութիւնները խաղաղ բանակցային գործընթացում պէտք է ուշադրութիւնը կենտրոնացնեն մարդու իրաւունքների պաշտպանութեան վրայ եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան խիստ երաշխիքներ սահմանէն հակամարտութիւնից տուժած բոլոր անձանց համար:

Ինչպէս տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին յայտարարել է Եւրոպայի խորհրդի մարդու իրաւունքների յանձնակատար Դունեայ Միեատովիչը՝ հրապարակելով իր դիտարկումները 2023 թուականի հոկտեմբերի 16-23-ը Հայաստան եւ Ադրբեջան, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդիւնքների վերաբերեալ։

Զեկոյցի մէջ նշւում է, որ վերջին տասնամեակների ընթացքում առաջին անգամ էր մարդու իրաւունքների նման բնոյթի առաքելութիւն կարողացել այցելել Լեռնային Ղարաբաղ։ Նշւում է, որ այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամէնը մի քանի օրուայ ընթացքում աւելի քան 100 հազար ղարաբաղահայերի զանգուածային տեղահանումն էր Հայաստան:

«Տեղահանումը յաջորդել էր սեպտեմբերի 19-ին եւ 20-ին Ադրբեջանի ռազմական գործողութիւններին, տարածաշրջանի նկատմամբ Բաքուի յետագայ լիակատար վերահսկողութեանը եւ մարդկանց տեղաշարժի եւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների, ծառայութիւնների եւ էներգակիրների հասանելիութեան երկարատեւ ընդհատումներին, որոնց բախուել էին ղարաբաղահայերը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով ճանապարհի իննամսեայ շրջափակման հետեւանքով։ Հայաստանում յանձնակատարը զրուցել է ղարաբաղահայերի հետ, որոնք Ղարաբաղից հեռացել էին եւ գտնւում էին իշխանութիւնների տրամադրած ապաստարաններում։

Ստեփանակերտից բնակչութեան հեռանալուց յետոյ յանձնակատարը ականատես էր եղել դատարկ փողոցների, լքուած տարածքների եւ քաղաքացիական անձանց ներկայութեան գրեթէ լիակատար բացակայութեան։

Իր լսածի եւ տեսածի հիման վրայ յանձնակատարը եզրակացրել է, որ 2023 թուականի սեպտեմբերի վերջին ԼՂ-ի հայերը լքել են իրենց տները՝ առանց որեւէ կողմի որեւէ յուսալի անվտանգութեան կամ պաշտպանութեան երաշխիքների, եւ որ նրանց համար տներից հեռանալը միակ հասանելի եւ խելամիտ տարբերակն էր»,- նշուած է զեկոյցում։

Ողջունելով ղարաբաղեան տարածաշրջանից ժամանած բոլոր կարիքաւորներին առաջին հիմնական օգնութիւն ցուցաբերելու Հայաստանի իշխանութիւնների ջանքերը՝ յանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան փախած ղարաբաղահայերին եւ, մասնաւորապէս, խոցելի խմբերի համար պէտք է երաշխաւորուած լինի անյապաղ, անհրաժեշտ աջակցութեան հասանելիութիւնը՝ կարճաժամկէտ, միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ կտրուածքով։

«Եւրոպայի խորհրդի անդամ պետութիւնները պէտք է շարունակէն յատուկ ուշադրութիւն դարձնել ֆինանսական աջակցութեան տրամադրմանը ՝ ապահովելու համար, որ տեղահանուած անձանց եւ նրանց ընդունող բնակչութեան մարդասիրական կարիքները լիովին բաւարարուէն»,-աւելացրել է յանձնակատարը։

Յանձնակատարն ընդգծել է, որ վերջերս Հայաստան տեղահանուած ղարաբաղահայերին պէտք է հնարաւորութիւն տրուի վերադառնալ Ղարաբաղ անվտանգ եւ արժանապատուօրէն, նոյնիսկ եթէ այս պահին դա հիպոթետիկ է թւում մեծամասնութեան համար, այդ թւում՝ ճկուն լուծումներ գտնելու միջոցով, մասնաւորապէս՝ նրանց քաղաքացիութեան եւ իրաւական կարգավիճակի հետ կապուած:

«Հնարաւոր վերադարձի ակնկալիքով պէտք է անյապաղ ուղիներ գտնել, այդ թւում ՝ անվտանգութեան երաշխիքներ սահմանելով, որպէսզի ղարաբաղահայերը կարողանան ժամանակաւորապէս մուտք գործել իրենց տներ կամ սովորական բնակութեան վայրեր եւ այցելել գերեզմանատներ, որտեղ թաղուած են նրանց մերձաւորները։

Ադրբեջանի իշխանութիւնները պարտաւոր են ապահովել, որ Ղարաբաղի հայերի թողած գոյքը պաշտպանուած լինի թալանից, գողութիւնից կամ տիրանալուց:

Այն սակաւաթիւ էթնիկ հայերը, որոնք մնացել են Ղարաբաղի տարածաշրջանում, նոյնպէս պէտք է օգտուէն մարդու իրաւունքների պաշտպանութեան բոլոր միջոցներից, այդ թւում՝ նրանց ազատ տեղաշարժի ապահովման միջոցով»,- ասուած է զեկոյցում։

Յանձնակատարը յոյս է յայտնել, որ բոլոր ներքին տեղահանուած անձինք, որոնք կցանկանան, կը կարողանան հնարաւորինս շուտ վերադառնալ անվտանգութեան եւ արժանապատուութեան պայմաններում:

Ընդհանուր առմամբ, յանձնակատարը շեշտել է, որ երկարատեւ հակամարտութեան հետեւանքով տեղահանուած բոլոր անձինք իրաւունք ունեն կամաւոր եւ՛ անվտանգութեան, եւ՛ արժանապատուութեան պայմաններում վերադառնալ իրենց տներ կամ բնակութեան վայրեր:

«Միջազգային մարդասիրական իրաւունքի խախտումների եւ մարդու իրաւունքների լուրջ խախտումների վերաբերեալ բոլոր պնդումները, որոնք հաղորդւում են հակամարտութեան հետ կապուած, պէտք է արդիւնաւետ եւ օպերատիւ կերպով հետաքննուէն, մեղաւորները ենթարկուեն պատասխանատուութեան, եւ, եթէ նրանք մեղաւոր ճանաչուէն արդար, անկախ եւ անկողմնակալ դատավարութիւնից յետոյ, պէտք է պատժուէն։ Դա ներառում է Լաչինի միջանցքի շրջափակման, ղարաբաղահայերի զանգուածային տեղաշարժի եւ սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողութեան հանգամանքների վերաբերեալ պնդումները»,-ասել է յանձնակատարը։

Զեկոյցում նաեւ նշւում է, որ պէտք է նաեւ համապարփակ մօտեցում ցուցաբերուի ղարաբաղեան հակամարտութեան համատեքստում տեղի ունեցած մարդու իրաւունքների լուրջ խախտումների լուծմանը։

Յանձնակատարի խօսքում արծարծուած մարդու իրաւունքների այլ հարցեր ներառում են մարդկանց ականներից եւ պատերազմի պայթուցիկ մնացորդներից պաշտպանելու անհրաժեշտութիւնը, հակամարտութեան պատճառով ձերբակալուած անձանց վիճակը, ներառեալ նրանց կալանքի տակ պահելու պայմանները եւ նրանց ընտանիքների հետ շփման մակարդակը, տարածաշրջանում անյայտ կորածների ճակատագիրը պարզելու եւ նրանց ընտանիքներին պատասխաններ տալու կարեւորութիւնը։

Share