Թիւրքագէտ Վարուժան Գեղամեանը իր Ֆէյբուքի էջում գրել է՝
Ադրբեջանում նախընտրական փուլ է, ուստի թշնամի երկրի նախագահ Ալիեւը սովորականից աւելի բաց է խօսում իր ներկայ եւ ապագայ պլաններից։ Երեկ նա շուրջ երեք ժամ հարցազրոյց է տուել ադրբեջանական մեդիաների լրագրողներին։ Շատ լաւ կազմակերպուած այդ հարցազրոյցը, ըստ էութեան, Ալիեւի նախընտրական քարոզարշաւի առաջին մեծ միջոցառումն էր։ Ես մանրամասն ծանօթացայ հարցազրոյցի բովանդակութեանը եւ ահա, թէ ինչն եմ առանձնացրել ձեզ համար՝ «Ալիեւի բառերով»։ Միանգամից ասեմ, որ սրանք փաստացի այն տրամաբանութիւնն ու կէտէրն են, որոնք ընկած են այսպէս կոչուած «հայ-ադրբեջանական խաղաղութեան բանակցութիւնների» հիմքում։
1. «Խաղաղութեան պայմանագիր» կոչուող թղթում, եթէ այն ստորագրուի, որեւէ կերպ չի նշուելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը եւ յստակ տարածքը, հետեւաբար՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել այն՝ պնդելով, որ «սահման չկայ, չկայ նաեւ սահմանի խախտում»։ Թուղթ ոչմի բանի մասին, բայց որը լիարժէք մաքրում է Ադրբեջանին Արցախի հարցում կատարած յանցաքներից ու իրաւական առումով այն փակում։ «Կադաստրի թուղթ» կոչուած տգիտութիւնը եւս փչուեց։
2. Ադրբեջանը չի ազատելու 2020 թ. նոյեմբերից յետոյ գրաւած Հայաստանի միջազգայնօրէն ճանաչուած տարածքը (առնուազն՝ 300 քառակուսի կմ)։ «Զորքերի հայելային հետքաշում» գաղափարի փուչ լինելը հերթական անգամ ապացուցուեց։
3. Ադրբեջանն ամէն ինչ անում է, որ թուղթը ստորագրուի առանց միջնորդ, որպէսզի կարողանայ ցանկացած պահի առանց աւելորդ գլխացաւանքի խախտել այն։ Այս կէտը դուր չի գայ «միջազգային երաշխիքներ կը լինէն» եւ «աշխարհը չի թողնի, որ մեր վրայ յարձակուեն» թեզերի սիրահարներին։
4. Ադրբեջանը չի բացելու Հայաստանի հետ սահման եւ շարունակելու է Հայաստանի լիակատար շրջափակումը։ Հետեւաբար, նոյնը անելու է նաեւ Թուրքիան։ Աւելին՝ այս պահին խնդիր է դրուած Հայաստանին կտրել իր երկու հիմնական արտաքին ճանապարհներից՝ դէպի Վրաստան եւ Իրան։ Դա անելու համար օգտագործում են այսպէս կոչուած անկլաւների թեման (տէ՛ս յաջորդ կէտը)։ «Խաղաղութեան խաչմերուկի» գաղափարի փուչ լինելը հերթական անգամ ապացուցուեց։
5. Ադրբեջանը ելնում է այն դրոյթից, որ Հայաստանը այս պահին օկուպացրել է Ադրբեջանի 8 գիւղեր, որոնցից 4-ը բուն սահմանին, միւս 4-ը՝ սահմանից ներս («անկլաւի» տեսքով»)։ Ադրբեջանը «չի կարող հանդուժել այս իրավիճակը» եւ «ամէն ինչ անելու է, որ դրանք ազատագրի»։ Աւելին, Ադրբեջանը պնդում է, որ դէպի անկլաւներ տանող ճանապարհներ պէտք է տրուէն, որոնք «պէտք է բնակեցուէն ադրբեջանցիներով»։ Սրանք մինի-միջանցքներ են։ Իմիջիայլոց, Ալիեւն ասաց, որ այս թեման այժմ քննարկւում է սահմանազատման յանձնաժողւում։ Չի բանացկւում, այլ Ադրբեջանի պայմանի տեխնիկական իրականացման հարցերն են քննարկւում։
6. Ադրբեջանը պահանջում է միջանցք Սիւնիքի տարածքով։ Այոի՛, հէնց միջանցք, ուրիշ ոչ մի բան՝ «անխոչընդոտ անցում» անուան տակ։ Ընդ որում՝ շատ կոնկրէտ տեղով՝ Մեղրիով, քանի որ այն «ամենակարճ եւ ամենաարմար ճանապարհն է» դէպի Նախիջեւան։ Միաժամանակ Ալիեւը ակնարկեց, որ ցանկացած պահի կարող է զէնքով վերցնել այդ ճանապարհը։
7. Ադրբեջանը խոստովանում է, որ Հայաստանի Հանրապետութեան հանդէպ իր յաւականութիւնները հնարաւոր են դարձել Արցախում տարած յաղթանակի շնորհիւ։ Ալիեւը բառացի ասում է, որ Շուշիին գրաւելը թոյլ տուեց բացել Զանգեզուրի հարցը։ Սրանից աւելի լաւ ապացոյց, որ Արցախը Սիւնիքի ու Հայաստանի մնացեալ մասէրի պաշտպանութեան գլխաւոր միջոցն էր, դժուար է գտնել։ Ընդ որում՝ թշնամու բերանով է ասուած։
8. Ադրբեջանն ամէն ինչ անելու է նախագահներ Սերժ Սարգսեանին ու Ռոբերտ Քոչարեանին եւս գերեւարելու համար։ Այդ մասին ուղիղ նշեց Ալիեւը։
9. Ամբողջ հարցազրոյցի ընթացքում Ալիեւը Հայաստանի բոլոր տարածքների համար օգտագործում էր թիւրքական տեղանուններ՝ «Իրեւան» (Երեւան), «Արեւմտեան Զանգեզուր» (Սիւնիք), «Իստիսու» (Ջերմուկ) եւ այլն։ Նաեւ նշում, որ եթէ սահմանազատում լինի քարտէզով, ապա պէտք է քննարկել Երեւանի պատկանելիութեան հարցը։ Սա Ադրբեջանի ծաւալապաշտութեան կարեւորագոյն դրսեւորումներից է, որով այժմ դաստիարակւում է ադրբեջանական հասարակութիւնը։
10. Ադրբեջանը Եւրամիութեան գլխաւոր գործընկերներից է գազի մատակարարման հարցով։ Հետեւաբար Ադրբեջանը ոչ մի դէպքում չի վախենում Արեւմտեան ճնշումից, որովհետեւ այն չի լինելու։ Ադրբեջանին մնում է խելացի խաղալ Ռուսաստանի հետ, ինչը եւ արւում է (նոյնիսկ հարցազրոյցի մակարդակում ճիշտ ուղերձներ յղելով Մոսկուային)։
Հարցազրոյցում այլ հետաքրքիր կէտէր եւս կային, բայց այս 10 կէտը այն հիմնականներն էին, որոնք, փաստացի, կազմում են այս պահին այսպէս կոչուած «հայ-ադրբեջանական» բանակցութիւնների փաթեթը։ Հետեւութիւն. Ադրբեջանը որեւէ նպատակ չունի Հայաստանի հետ խաղաղ գոյակցութեան։ «Խաղաղութեան պայմանագիրը» ընդամէնը պարզ մանիպուլիացիայ է՝ Հայաստանում ժողովրդի դիմադրութիւնը կոտրելու համար։Այս կէտէրից որեւէ մէկով զիջումը բերելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից նոր պահանջների, ինչպէս Արցախի հարցում զիջումը բերեց Սիւնիքի ու Ջերմուկի վտանգների։
Թիւրքագէտ Վարուժան Գեղամեան | բաժանորդագրուիր իր թելեգրամ ալիքին՝ t.me/varuzhandragoman