ԱՄՆ Հայ Դատի Յանձնախումբը ողջունում է արցախահայերի ինքնորոշման եւ վերադարձի իրաւունքների վերաբերեալ Ռոբերտ Քենեդու յայտարարութիւնները

ԱՄՆ Հայ Դատի Յանձնախումբը ողջունում է արցախահայերի ինքնորոշման եւ վերադարձի իրաւունքների վերաբերեալ Ռոբերտ Քենեդու յայտարարութիւնները

ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հրապարակուած տեսաուղերձով խոստացել է, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրութեանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձը Արցախ եւ աջակցելու նրանց ինքնորոշման իրաւունքին։

Ի թիւս այլնի, նախագահի թեկնածուն նշել է․ «Էթնիկ զտումների այս քաղաքականութեան դատարկ դատապարտումները բաւարար չէն։ Ի տարբերութիւն 1915 թուականի ցեղասպանութեան, սա անշրջելի չէ։ ԱՄՆ կառավարութիւնը պէտք է կազմակերպի եւ մոբիլիզացնի համաշխարհային հանրութեանը՝ քայլեր ձեռնարկելու, որպէսզի ապահւուի հայերի անվտանգ վերադարձը Արցախ եւ պաշտպանելու նրանց ինքնորոշման իրաւունքը։ Սա մի իրավիճակ է, երբ խաղաղ պատժամիջոցներն իրականում կարող են գործել: ԱՄՆ-ը դեռեւս ունի լծակներ այդ տարածաշրջանում, եւ կարող է օգտագործել այդ ուժը՝ մոբիլիզացնելու տարածաշրջանի բոլոր ազգերին՝ շտկելու այս մարդասիրական ողբերգութիւնը: Մենք պէտք է ձգտենք նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացմանը։ Հայաստանը դէպի ծով ելք չունեցող ժողովուրդ է, եւ նրան անհրաժեշտ է մուտք դէպի նաւահանգիստներ եւ հարակից երկրներ»:

Մեկնաբանելով Քենեդու յայտարարութիւնը՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի կենտրոնական գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը յայտարարել է․ «Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ողջունում է Ռոբերտ Քենեդի կրտսէրի կոչերը՝ պատժելու Ադրբեջանին եւ սատարելու արցախահայութեան ինքնորոշման եւ իրենց հայրենիք անվտանգ վերադարձի իրաւունքին։ Մենք առաւելաբար գնահատում ենք նրա յայտնուելը որպէս 2024 թուականի երրորդ կենսունակ տարբերակ ամերիկահայ ընտրողների համար, յատկապէս հաշուի առնելով, որ նախագահական ամենահաւանական թեկնածուներից երկուսը՝ նախագահ Ջոյ Բայդէնը եւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, զինել են Ադրբեջանի կողմից Արցախի քրիստոնեայ հայերի ցեղասպանութիւնը»։

2․5 րոպէ տեւողութեամբ տեսաուղերձը հրապարակուել է այսօր նախագահի թեկնածուի իւթուբեան պաշտօնական քարոզարշաւային ալիքում եւ հասանելի է նաեւ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի սոցցանցային օգտահաշիւներում; https://youtu.be/vFvazHKR9Ts

Նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդու յայտարարութեան տեքստը, ինչպէս նաեւ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի ամբողջական յայտարարութիւնը, որը ներառում է ԱՄՆ նախագահական ընտրութիւններին մասնակցող այլ թեկնածուների կողմից հայութեան շահերի պաշտպանութեան շուրջ ելոյթները, հասանելի են հետեւեալ յղմամբ` ANCA Welcomes RFK, Jr Statement Calling on U.S. to Advance Rights of Artsakh Armenians to Self-Determination and Safe Return to Homeland – Armenian National Committee of America:

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենկակ
29․12․2023թ․

Share