Արցախի ղեկավարների հայրենադարձումը հնարաւոր է միայն միջազգային ճնշման ներքոյ
Օրեր առաջ Հայաստանը եւ Ադրբեջանը գերիների փոխանակում արեցին` Հայաստանն ազատ արձակեց 2 ադրբեջանցի դիւերսանտ-մարդասպաններին, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողներին: Վերադարձողները Հադրութի գործողութեան ժամանակ գերեւարուածներն էին, սահմանի տարբեր հատուածներից գերի տարուածները, իսկ սեպտեմբերին գերեւարուած Արցախի բարձրաստիճան պաշտօնեաներին Ադրբեջանը չյանձնեց` նրանց կարծես մոռացել են։ Գուցէ պաշտօնական Երեւանը նրանց չի պահանջում: Արցախի բարձրաստիճան պաշտօնեաների համար Բաքուի դատարանը երկարաժամկէտ կալանքներ է սահմանել, դրանց ժամկէտը լրանում է 2024-ի փետրուարին: Ի՞նչ ճակատագրի կարժանանան նրանք, կուերադառնա՞ն արդյօք Արցախի բարձրաստիճան պաշտօնեաները, ի՞նչ պէտք է անի իշխանութիւնը, եւ ի՞նչ պէտք է անի մեր հասարակութիւնը՝ 8 արցախցիներին հետ բերելու համար։ «Հրապարակ». զրուցել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակեանի հետ:
— Գերեւարուած անձանց կալանաւորումների ժամկէտը լրանում է 2024-ի փետրուարին: Ի՞նչ պրոցեսներ են ընթանում հիմա, եւ ի՞նչ կը լինի յետոյ: Հնարաւո՞ր է նրանց վերադարձնել Հայաստան:
— Ադրբեջանում գերութեան մէջ գտնուող հայերը տարբեր իրաւական կարգավիճակներ ունեն: Մի խումբն արդէն իսկ դատապարտուած է` շինծու մեղադրանքներով: Նրանց մի մասը պատժի կրման փուլում է, բայց կան նաեւ անձինք, որոնք կալանաւորուածի կարգավիճակ ունեն` 4-ամսեայ ժամկէտով: Փետրուար-մարտ ամիսներին կայ՛մ կալանքի երկարացման հարց կքննարկուի, կայ՛մ էլ, եթէ քննութիւնն աւարտուած լինի, չենք բացառում, որ գործն ուղարկուի արդէն դատարան: Իհարկէ, այս մասով կանխատեսումներ անելը բաւականին դժուար է, յատկապէս, որ այս իրաւական պրոցեսներում քաղաքական տարր է առկայ, սակայն իրաւական առումով երկու հնարաւորութիւններն էլ հաւասարապէս հաւանական են: Հետեւելով ադրբեջանական բարձրաստիճան պաշտօնեաների հռետորաբանութեանը, թերահաւատ եմ, որ Ադրբեջանում պահուող հայ քաղբանտարկեալներն ազատ կարձակուեն` առանց դատավարութիւնների: Ադրբեջանը հետամուտ կը լինի բեմականացուած դատավարութիւնների, որտեղ հասարակութեանը կը ներկայացնեն իրենց կեղծ թեզերը, այդ դատավարութիւնների միջոցով կը փորձեն ցոյց տալ, որ դրանք ապացուցուած են, հիմնաւոր, եւ որ տեղի է ունենում արդարադատական մեծ գործ: Նաեւ կը փորձեն ներքաղաքական հարցեր լուծել եւ այլն: Հնարաւոր հայրենադարձումները կարող են լինել միջազգային ճնշման ներքոյ, սակայն աւելի ուշ փուլում: Այս պահին որեւէ նախադրեալ ես չեմ տեսնում, որ անգամ քաղաքական ճանապարհով հայրենադարձուէն ապօրինաբար պահուող հայ քաղբանտարկեալները:
— Ի՞նչ պրոցեսներ կարող են լինել:
— Որպէս կանոն, առաջին ատեանը, երբ դատաւճիռներ է հրապարակում, քննութիւնը վերահաստատում է: Իրաւունքների պաշտպանութեան տեսանկիւնից մենք պէտք է ապաւինենք միջազգային իրաւունքի մեխանիզմներին, այլ ոչ թէ ներպետական ընթացակարգերին, որոնք բացարձակ քաղաքական են: Այսինքն` իրաւական գործիքներն այլ նպատակներով են աշխատում:
— Կա՞ն տեղեկութիւններ, թէ ինչպէս են մեր հայրենակիցներն իրենց զգում այժմ:
— Տեղեկութիւններ ստանալն էապէս սահմանափակուած է, որոշակի պարբերականութեամբ Կարմիր խաչն է այցելում նրանց: