150-ից աւելի մարդասէրներ, գործարարներ եւ քաղաքական առաջնորդներ պահանջում են  հայ բանտարկեալների ազատութիւնը

150-ից աւելի մարդասէրներ, գործարարներ եւ քաղաքական առաջնորդներ պահանջում են հայ բանտարկեալների ազատութիւնը

Նոբելեան մրցանակակիրներ,  խոշոր գործարարներ,  պետութիւնների նախկին ղեկավարներ եւ քաղաքացիական հասարակութեան առաջնորդներ միաւորուել են՝ կոչ անելով անուէրապահօրէն ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ պահուող հայերին։

Առաւել յայտնի բանտարկեալներին բաց չթողնելը Բաքուի կողմից քաղաքական հաշուեյարդարի դրսեւորման արտայայտութիւն է: ԱՄՆ Կոնգրեսում եւ Եւրոպական խորհրդարանում ամրապնդւում է Ալիեւի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջը:

Նախկին նախագահներ Մերի Ռոբինսոնը, Էռնեստոյ Զեդիլեօն, Նոբելեան մրցանակի դափնեկիրներ Լեյմայ Գբովին, Օսկար Արիասը եւ Շիրին Էբադին, ձեռներէցներ Ռիչարդ Բրենսոնը, Մարկ Բենիոֆը, հրատարակիչ Արիանայ Հաֆինգթօնը եւ համաշխարհային այլ գործիչներ ստորագրուած նամակում մտահոգութիւն են յայտնում Լեռնային Ղարաբաղի առաջնորդների, ներառեալ հումանիտար գործիչ Ռուբէն Վարդանեանի կալանաւորման հարցով։

Միջազգային լայն ճանաչում եւ համբաւ  ունեցող աւելի քան 150 գործիչներ, ներառեալ՝ Նոբելեան մրցանակի դափնեկիրներ, պետութիւնների նախկին ղեկավարներ, յայտնի գործարարներ եւ հումանիտար գործիչներ նամակ են ստորագրել՝ կոչ անելով անյապաղ եւ անուէրապահօրէն ազատ արձակել  հայ բանտարկեալներին, այդ թւում՝ ութ քաղբանտարկեալներին՝  Լեռնային Ղարաբաղի  նախկին ղեկավարների ու բարձրաստիճան պաշտօնեաների, որոնք ապօրինաբար ձերբակալուել են սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց եւ  այն գրաւելուց յետոյ: Նրանցից բացի, տասնեակից աւելի գերիներ շարունակում են մնալ կալանքի տակ։

Համատեղ  կոչ-նամակը ստորագրողները  լուրջ անհանգստութիւն են  յայտնում կալանաւորուած անձանց, ներառեալ հայ նշանաւոր գործարար ու մարդասէր Ռուբէն Վարդանեանի պահման պայմանների եւ նրանց հանդէպ վերաբերմունքի առնչութեամբ: Նրանց ձերբակալութիւնը յաջորդել է ադրբեջանական ուժերի կողմից  իրականացուած էթնիկ զտման  արշաւին: Դեկտեմբերի 7-ին 32 հայ գերիների ազատման մասին յայտարարութիւնը թէեւ սպասուած առաջին քայլն էր, սակայն միւս բոլորը եւս պէտք է ազատ արձակուեն: Ութ քաղաքական բանտարկեալների եւ մնացած գերիների՝ Բաքուի կողմից ազատ չարձակելու փաստը աւելի է խորացնում  Ալիեւի ռեժիմի կողմից նրանց շարունակական կալանքի տակ պահելու շարժառիթների վերաբերեալ մտահոգութիւնը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հետեւանքով մարդու իրաւունքների խախտումները հրատապ ուշադրութիւն եւ գործողութիւններ են պահանջում, — ընդգծել  է նամակն ստորագրած Նուբար Աֆեյեանը, որը նաեւ «Աւրորայ» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրն է: — Նախագահ Ալիեւը քաղաքական  հաշուեյարդարը նախընտրում  է արդարութիւնից: Մենք հաւատում ենք իւրաքանչիւր անհատի անկապտելի արժանապատուութեանն ու իրաւունքներին եւ միջազգային հանրութեանը կոչ ենք անում միանալ մէզ՝ դատապարտելու այս անարդարութիւնը»:

Համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական զարգացման եւ մարդասիրական ծրագրերում Աֆեյեանը երկար ժամանակ համագործակցել է Վարդանեանի հետ, որը դարձել է տարածաշրջանում քաղաքական ազատութեան ու մարդկային արժանապատուութեան համար մղուող պայքարի խորհրդանիշ: Նրա անարդարացի բանտարկութիւնը աշխարհի պատկառելի անձանց մղել է իրենց ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանութիւն նրա եւ անարդարացիօրէն կալանաւորուած միւս անձանց :

«Մենք կոչ ենք անում նախագահ Ալիեւին կատարել միջազգային  իրաւունքի հանդէպ իր պարտաւորութիւնները՝ ապահովելով, որ անարդարացիօրէն կալանաւորուած  անձինք կարողանան անվտանգ վերադառնալ  իրենց տուն , — ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ եւ «Unilever» ընկերութեան նախկին գործադիր տնօրէն Փոլ Փոլմանը:-Լեռնային Ղարաբաղում բոլոր անձինք ունեն խաղաղ ու անվտանգ կեանքի, ներառեալ՝ ազատ եւ անարգել  տեղաշարժի եւ  անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու  իրաւունք: Հաշուի առելով COP29-ը  հիւրընկալելու Ադրբեջանի  ներկայացրած յայտը՝  անկեղծօրէն ցանկանում եմ յուսալ, որ ՄԱԿ-ը դրան համաձայնութիւն կը տայ միայն բոլոր գերիներին ազատ արձակելու դէպքում»:

Փոլմանը մէկն է  նամակն ստորագրած անձանցից , որոնց թւում են նաեւ, օրինակ, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստոյ Զեդիլեօն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը եւ Կոստայ Ռիկայի նախկին նախագահ եւ Խաղաղութեան Նոբելեան մրցանակի դափնեկիր Օսկար Արիասը։ Նամակը ստրագրած նշանաւոր միւս անձինք ներկայացնում են տարբեր  ոլորտներ. նրանց թւում են «Salesforce» ընկերութեան գործադիր տնօրէն Մարկ Բենիոֆը, «Thrive»-ի եւ «The Huffington Post»-ի հիմնադիր Արիանայ Հաֆինգթօնը եւ յայտնի երաժիշտ եւ «System of a Down» խմբի գլխաւոր մենակատար Սերժ Թանկեանը:

«Ռուբէն Վարդանեանի եւ միւսների  ապօրինի կալանաւորումը խախտում է նրանց  հիմնարար իրաւունքները, — ասում է ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների նախկին գերագոյն յանձնակատար Մերի Ռոբինսոնը: -Որպէսզի համաշխարհային հանրութիւնը յարգի Ադրբեջանի կառավարութեանը, շատ կարեւոր է, որ վերջինս էլ յարգի օրէնքի գերակայութիւնը, յատկապէս, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների լոյսի ներքոյ: Նրանք պէտք է անյապաղ ազատ արձակէն կալանուածներին»:

Նրանց միասնական կոչը  որպէս յիշեցում  է հնչում այն մասին, որ համաշխարհային քաղաքական առաջնորդներն աչալրջօրէն հետեւում են Ադրբեջանում կատարուող իրադարձութիւններին եւ կոչ են անում ազատ արձակել կալանաւորուածներին: Ինչպէս շեշտւում է նամակում, հայ գերիների կալանաւորումը միջազգային իրաւունքի  նորմերի, այդ թւում եւ Ժնեւի երրորդ կոնուենցիայի բացայայտ խախտում է։

Վերջին շաբաթներին Եւրախորհրդարանի եւ Եւրոպական խորհրդի անդամները հետամուտ են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի կնքմանը եւ Լեռնային Ղարաբաղում հակամարտութիւնից բխող ապօրինաբար պահուող բոլոր կալանաւորների ազատ արձակմանը: Եւրախորհրդարանը հոկտեմբերին բանաձեւ է ընդունել, որով Ադրբեջանին կոչ էր արւում ազատ արձակել եւ պարտաւորուել լայն համաներում կիրառել Լեռնային Ղարաբաղի բոլոր այն բնակիչների, այդ թւում՝ նախկին պաշտօնեաների նկատմամբ, որոնք ձերբակալուել են սեպտեմբերի 19-ից յետոյ։

Նոյն կերպ ԱՄՆ կոնգրէսական Ադամ Շիֆն է (դէմոկրատ Կալիֆորնիայից) բանաձեւ ներկայացրել, որով Ադրբեջանին կոչ է արւում անյապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի վրայ  ադրբեջանական յարձակումների  ընթացքում կալանաւորուած բոլոր ռազմագերիներին եւ ներկայումս կալանքի տակ պահուող քաղաքացիական անձանց:

Գործարկուած https://freearmenianprisoners.com/hy/ կայքում հասանելի են ստորագրողների (աջակիցների) ամբողջական ցուցակը եւ նամակի պատճէնը:

Նամակի վերաբերեալ հարցերի կամ այս ջանքերին աջակցելու , թեմայի վերաբերեալ  հարցազրոյցներ կազմակերպելուհամար կարող եք կապ հաստատել  contact@freearmenianprisoners.com էլ. հասցէով:

Share