Դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւորները Արցախի Հանրապետութեան Անկախութեան հանրաքուէի, մարդու հիմնարար իրաւունքների եւ ցեղասպանութեան կանխարգելման միջազգային օրուայ կապակցութեամբ այցելել են Եռաբլուր պանթէոն՝ յարգանքի տուրք մատուցելու Արցախի ազգային- ազատագրական պայքարի ճանապարհին նահատակուած հաեորդիների շիրիմներին:
Օրուայ կապակցութեամբ ԱՀ ԱԺ-ն հանդէս է եկել յայտարարութեամբ.
Արցախի ազգային – ազատագրական պայքարի պատմութեան մէջ ինքնորոշման եւ ժողովրդավարական սկզբունքների հիման վրայ Հանրապետութեան կայացման առհաւատչեան 1991 թուականի Անկախութեան հանրաքուէն է: 1991 թուականի Անկախութեան հանրաքուէն այն հիմնաքարն էր, որի վրայ կառուցուեց Արցախի Հանրապետութիւնը եւ դարձաւ համայն հայութեան պարծանքն ու յաղթանակի փարոսը: Արցախի ժողովուրդը 2006 թուականի նոյն օրը Սահմանադրութեան ընդունման հանրաքուէով մէկ անգամ եւս արտայայտեց անկախ պետութիւն ունենալու եւ ազատութեան համար պայքարի ուղին անշեղօրէն շարունակելու իր կամքը:
2023 թուականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհուեցին հարիւրաւոր մեր հայրենակիցներ, այդ թւում ՝ երեխաներ եւ կանայք, հայաթափուեց հայ ժողովրդի հազարամեայ հայրենիք Արցախը:
Անվտանգութեան եւ իրաւունքների իրացման անհնարինութիւնից ելնելով՝ Արցախի բնակչութիւնը դիմեց հայրենիքը լքելու ծայրահեղ քայլի։ Այս ամէնին իր գնահատականը տուեց նաեւ միջազգային հանրութիւնը: Ֆրանսիայի եւ Կիպրոսի արտաքին գործերի նախարարութիւնները, Գերմանիայի Բունդեսթագը, Աւստրիայի եւ Նիդեռլանդների խորհրդարանները, Եւրախորհրդարանը, Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտը եւ այլ միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւններ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակեցին որպէս էթնիկ զտում։
Ադրբեջանը, հայ ժողովրդի դէմ ցեղասպանութիւն իրականացնելուց յետոյ, միջազգային դերակատարների աչքին թոզ փչելու եւ իր արարքն արդարացնելու համար, որպէս ռազմական գործողութիւնների դադարեցման նախապայման, Արցախի Հանրապետութեան Նախագահին պարտադրեց ստորագրել փաստաթուղթ:
Ի սկզբանէ գիտակցելով Ադրբեջանի կողմից պարտադրուող փաստաթղթի հակասահմանադրականութիւնը, գնահատելով խաղաղ բնակչութեանը ցեղասպանութեան ենթարկելու, նրա ազատ տեղաշարժը խոչընդոտելու եւ կամայական ձերբակալութիւնների հնարաւոր վտանգների առկայութիւնը՝ նախագահի կողմից ընդունուեց հրամանագիր, որով մինչեւ 2024 թուականի յունուարի 1-ը պէտք է կազմալուծուեին Արցախի պետական ինստիտուտները, իսկ բնակչութիւնը որոշում կայացներ՝ լքել հայրենիքը կամ ինտեգրուել Ադրբեջանին։
Հաշուի առնելով Արցախի հարցի վերջնական փակմամբ շահագրգռուած կողմերի կատարուած եւ կատարուող քայլերի ինտենսիւութիւնն ու դրանում շահագրգիռ կողմերի ագրեսիւ վարքագիծը՝ Ազգային ժողովը վերահաստատում է իր յանձնառութիւնը՝ տէր կանգնելու Արցախի ժողովրդի իրաւունքներին եւ յայտնում իր պատրաստակամութիւնը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարոյց հարցերը։
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը, հաւատարիմ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտայայտման արդիւնքում ստացած մանդատին, վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարաւոր հաեորդիների արիւնով ու քրտինքով իրացուած իրաւունքներն ու ազատութիւնը: