ոկտեմբերի 30-ին հայ-ատրպէյճանական սահմանին կայացաւ Հայաստանի եւ Ատրպէյճանի սահմանազատման յանձնաժողովների 5-րդ հանդիպումը, որի ընթացքում, ըստ պաշտօնական հաղորդագրութեան, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահութեամբ երկու յանձնաժողովները նախնական համաձայնեցրել են յանձնաժողովների միջեւ նիստերի եւ համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման, նիստերի անցկացման աշխատակարգի տեքստը: Պայմանաւորուել են սկսել յանձնաժողովների համատեղ գործունէութեան վերաբերեալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպէս նաեւ համաձայնութեան են եկել ակտիւացնել յանձնաժողովների հանդիպումների անցկացումը:
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում քարտէզագիր Ռուբէն Գալչեանը, անդրադառնալով Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներին, շեշտեց՝ անկախ նրանից, թէ այս յանձնաժողովները քանի անգամ կը հանդիպեն, Հայաստանը պէտք է պնդի, որ որեւէ հարցով քննարկում տեղի պէտք է չունենայ, քանի դեռ ատրպէյճանական զօրքը չի հեռացել Հայաստանի օկուպացրած տարածքներից։
«Ատրպէյճանն օկուպացրել է Սեւ լճի տարածքը, գրաւել Շորժայի մեծ մասը, Ջերմուկում է առաջ եկել, ինչպէս նաեւ Գեղարքունիքի մարզում եւ այլ տարածքներում։ Եթէ ընդունենք, որ Ատրպէյճանն այդ տեղում կանգնած սկսի Հայաստանի հետ սահմանագծում եւ սահմանազատում անել, դա նշանակում է, որ Հայաստանն ընդունում է, որ օկուպացուած տարածքն Ատրպէյճանինն է։ Քանի դեռ Ատրպէյճանի ղեկավար Ալիեւը չի յայտարարել, որ դուրս է գալիս Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2021 թուականից յետոյ, Հայաստանի իշխանութիւնն իրաւունք չունի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ կատարելուն համաձայնութիւն տալ», ասաց Ռուբէն Գալչեանը։
Քարտէզագրի խօսքով՝ երբ Ալիեւը հրաժարւում է յայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի քիլոմեթր տարածքը, իսկ դրան հակառակ՝ Հայաստանի իշխանութեան ղեկավարը յայտարարում է Ատրպէյճանի 86.600 քառակուսի քիլոմեթր տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու մասին, նշանակում է՝ դրանով Ալիեւի ձեռքը տալիս է խաղաթուղթ՝ Հայաստանից վերցուած տարածքներն իրենը համարելու համար: Մինչդեռ Ալիեւը չունի անգամ իրաւունք ոչ դրա, ոչ էլ Հայաստանից պահանջելու այդ «անկլաւներ» կոչուածները, քանի որ ներկայիս Ատրպէյճանը Խորհրդային Միութեան իրաւայաջորդը չէ, իսկ անկլաւները Խորհրդային Միութեան օրօք են ձեւաւորուել։
«Անկլաւները տրուել են Ատրպէյճանին 1936-1939 թուականներին. Խորհրդային Միութիւնը պարզապէս գծել եւ տուել է։ Չկայ արխիւային գէթ մէկ փաստաթուղթ, որն ապացուցի, որ Հայաստանը փաստաթղթով կողմ է եղել, որ այդ անկլաւները տրուեն Ատրպէյճանին», ասաց Գալչեանը՝ շեշտելով՝ միջազգային իրաւունքի տեսակէտից եւս ապօրինի է Ատրպէյճանի պահանջը Հայաստանից։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանութեան ղեկավարի այն յայտարարութեանը, որ պէտք չէ Տիգրանաշէնի կարեւորութիւնն այդքան ընդգծել, Ռուբէն Գալչեանը պատասխանեց՝ եթէ առանց նոր այլընտրանքային ճանապարհ կառուցելու՝ Տիգրանաշէնը տան Ատրպէյճանին, ապա Հայաստանի կապն իր հարաւային սահմանի հետ կը կտրուի։
«Ատրպէյճանը Տիգրանաշէնով չի բաւարարուելու։ Պէտք է ոչինչ չտանք Ատրպէյճանին, հակառակ դէպքում ամբողջ Սիւնիքն է ուզելու։ Ի վերջոյ, պէտք է մի կէտում կանգնել Ատրպէյճանի առջեւ։ Ինչ վերաբերում է նրան, որ Ատրպէյճանի ուզածը չտանք, պատերազմ կը լինի, ապա դա լինելու է՝ ուզեն թէ չուզեն։ Ալիեւն ամբողջ Սիւնիքն է ուզում, եւ Հայաստանը պէտք է կանխի այդ ցանկութիւնները՝ այսօրուանից հրաժարուելով զիջել», ասաց Գալչեանը։
Հարցազրոյցի մանրամասները՝ տեսանիւթում.