Արցախի աւելի քան 120 կուսակցութիւններ, կազմակերպութիւններ, լրատուամիջոցներ ու համայնքներ ուղերձ են յղել միջազգային հանրութեանը՝ դեկտեմբերի 10-ի առթիւ․
«Հասցեատէրեր՝ ՄԱԿ Գլխաւոր քարտուղար, ՄԱԿ Անվտանգութեան խորհուրդ, ԵԱՀԿ գործող նախագահ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, Եւրոպայի Խորհուրդ (Գլխաւոր քարտուղար, ԵԽԽՎ նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ), Եւրամիութիւն Խորհուրդի նախագահ, Եւրոպական Խորհրդարանի նախագահ, ԱՊՀ Գլխաւոր քարտուղար, ՀԱՊԿ Գլխաւոր քարտուղար, ՆԱՏՕ Գլխաւոր քարտուղար։
Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարուել իր ինքնիշխան իրաւունքներից եւ ենթարկուել իր համար օտար պետութեան գերիշխանութեանը, առաւել եւս մի պետութեան, որը ղեկավարւում է իր անպատժելիութեամբ արբեցած աւտօրիտար, կոռումպացուած եւ ռասիստական ռեժիմի կողմից:
Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր Հայրենիքը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութիւնը, մեր տները, թողնել Սբ․ Մկրտչի մասունքները, մեր հայկական եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարեր ի վեր, ապացոյց է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատութիւնը բարձրագոյն արժէք է։ Այս ճարահատ որոշումն ընդունուել է շարունակական ցեղասպանական գործողութիւնների եւ մեր գլխին կախուած գոյաբանական լուրջ սպառնալիքների պայմաններում։
Մենք կայացրինք այդպիսի որոշում, քանի որ նրանք, ովքեր իրենց համարում են մարդու իրաւունքների ու ազատութիւնների ջատագովներ ու պաշտպաններ, որոշեցին հանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ թուացեալ խաղաղութեան ձեռքբերման եւ հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի մերժել սեփական հայրենիքում արժանապատիւ ապրելու եւ ինքնորոշման մեր իրաւունքները։
Մենք հեռացանք, քանի որ միայն այդպէս կարող էինք ապահովել մեր անվտանգութիւնը եւ պահպանել մեր մարդկային ու ազգային արժանապատուութիւնն ու մեր գենաֆոնդը, քանի որ միայն այդպէս կարող էինք բացայայտել այն մեծ սուտը, որի վրայ հիմնուած էր հակամարտութեան միակողմանի եւ ուժային լուծման քաղաքական գաղափարը, որը ենթադրում էր մէզ եւ մեր երեխաներին ստիպել հպատակուելու եւ հաւատարմութեան երդում տալու մէզ ոչնչացնող եւ ատող վարչակարգին։
Աւելի քան երեք տասնամեակ շարունակ մենք մեր բոլոր ուժերով պաշտպանել ենք մեր երեխաների խաղաղութեան եւ ազատ զարգացման իրաւունքը: Մենք դիմակայում էինք քաղաքական գործարքներին, որոնցով մերժւում էր սեփական Հայրենիքում ապրելու մեր ինքնիշխան իրաւունքը, որը ձեռք է բերուել բազմաթիւ մարդկանց կեանքի գնով, հանուն մեր ազգային արժանապատուութեան ու ինքնութեան պահպանման՝ մի քանի սերունդների դարաւոր պայքարի ընթացքում ահռելի կորուստների գնով։ Եւ այս պայքարը չի աւարտուել։ Մենք վստահ ենք, որ ճշմարտութեան եւ արդարութեան զօրութեամբ կուերադարձնենք մեր Հայրենիքը։
Նրանց համար, ովքեր կարծում են, թէ աշխարհը կարելի է կառավարել ստով ու բռնութեամբ, կրկնում ենք.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը խորհրդարանական ճանապարհով հռչակուել է 1991 թուականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնաւար Մարզի եւ Ադրբեջանական ԽՍՀ Շահումեանի շրջանի օրինական իշխանութիւնների կողմից, այն բանից յետոյ, երբ Ադրբեջանի իշխանութիւնները յայտարարեցին ԽՍՀՄ-ից դուրս գալու որոշման մասին։ ԼՂՀ-ի ձեւաւորման մասին քաղաքական հռչակագիրը հիմնուած էր այն ժամանակ գործող միութենական օրէնքի իրաւական նորմի եւ արցախցիների կամարտայայտութեան վրայ, որը դրսեւորուել է համաժողովրդական հանրաքուէով։
Մեր ինքնորոշման իրաւունքը ճանաչուել է նոյնիսկ Խորհրդային Ռուսաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից 1920 թուականին, հիմք է հանդիսացել 1923 թուականին Լեռնային Ղարաբաղի Ինքնաւար Մարզի ձեւաւորման համար, ամրագրուել է ԽՍՀՄ սահմանադրութեամբ, Ադրբեջանական ԽՍՀ սահմանադրութեամբ եւ «ԼՂԻՄ-ի մասին» Ադր.ԽՍՀ օրէնքով, այն պահպանուել է «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետութեան դուրս գալու հետ կապուած հարցերի լուծման կարգի մասին» 1990 թ. ապրիլի 3-ի դաշնային օրէնքով, ինչպէս նաեւ խարսխուած է ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ 1966 թ. ընդունուած Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագրի վրայ։
1991 թուականի դեկտեմբերի 10-ի հանրաքուէն հաստատեց, որ ընտրողների բացարձակ մեծամասնութիւնը պաշտպանել է մեր Հանրապետութեան անկախութիւնը հռչակելու որոշումը։ Ցեղասպանական պաշարման եւ ռազմական ագրեսիայի պայմաններում ժողովրդավարական չափորոշիչներով ընտրուած օրինական խորհրդարանը 1992 թուականի յունուարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հռչակագիրը։ Այս ընտրութեան համար իրենց կեանքով վճարեցին մեր հազարաւոր հայրենակիցները։
1992 թուականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ — պետութիւնները ճանաչեցին Լեռնային Ղարաբաղի ընտրուած ներկայացուցիչների իրաւունքը՝ մասնակցելու ԵԱՀԿ միջազգային համաժողովին, որը լիազօրուած է կարգաւորելու ղարաբաղեան հակամարտութիւնը։
Մեր ժողովուրդը 2006 թուականին հանրաքուէով հաստատել է Հանրապետութեան Սահմանադրութիւնը, որով սահմանուել է Լեռնային Ղարաբաղի օրինական ներկայացուցիչների ընտրութեան կարգը եւ նրանց լիազօրութիւնները, իսկ 2017 թուականի հանրաքուէով ժողովուրդը հաստատել է նոր Սահմանադրութիւնը։ Այս Սահմանադրութիւնը եղել եւ մնում է միակ հիմնարար օրէնքը, որով առաջնորդւում եւ որին ենթարկւում են մեր Հանրապետութեան քաղաքացիներն իրենց կամքով։
Հետեւաբար, մենք՝ Արցախի Հանրապետութեան քաղաքացիներս, ձգտելով պաշտպանել մեր օրինական իրաւունքներն ու մեր Հանրապետութեան սուբյեկտութիւնը, պնդում ենք, որ ինքնորոշուած Լեռնային Ղարաբաղը ոչ մի մասնակցութիւն չի ունեցել ինքնահռչակ Ադրբեջանի Հանրապետութեան սահմանադրութեան եւ իշխանութեան մարմինների ձեւաւորման գործում, այլ, ընդհակառակը, յայտարարել է սեփական անկախութեան մասին։ Սակայն նորաստեղծ Ադրբեջանը չէր թաքցնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր անհիմն յաւակնութիւնները։
Յենց այսպիսի պայմաններում է միջազգային հանրութիւնն արձանագրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարաձայնութիւնների առկայութեան փաստը՝ ճանաչելով տուեալ տարածքի վիճելիութիւնը։ Հայաստանն ու Ադրբեջանն այն ժամանակ ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ-պետութիւններ են դարձել պայմանով, որ ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելութեան հարցում տարաձայնութիւնների առկայութեան փաստը եւ համաձայնւում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակը որոշուի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքոյ անցկացուելիք խաղաղութեան համաժողւում։ Երկու պետութիւններն էլ հիմնախնդիրը բացառապէս խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պարտաւորութիւն են ստանձնել։
Սակայն, ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ դառնալով՝ Ադրբեջանն անմիջապէս խախտեց վէճերը խաղաղ ճանապարհով լուծելու իր միջազգային պարտաւորութիւնը։ Պաշտօնական Բաքուն ապօրինի ուժ կիրառեց ԼՂՀ-ի՝ որպէս վիճելի տարածքի նկատմամբ, նպատակ ունենալով խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը նուիրուած միջազգային համաժողովի անցկացումը։ Ստեղծուած իրավիճակում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օգտուել է ինքնապաշտպանութեան իր իրաւունքից։ 1992-94 թթ. Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան պարտութեամբ պսակուեց այդ երկրի համար ու յանգեցրեց տարածքային զգալի կորուստների։ Կարեւոր է ընդգծել, որ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զօրքերի շփման գիծը միջազգայնօրէն ճանաչուել է։
Այդուհանդերձ, հակամարտութեան երեք տասնամեակի ընթացքում ոչ մի պետական գործիչ, քաղաքական գործիչ կամ իրաւական իշխանութեան որեւէ միջազգային մարմին չի պատասխանել մի պարզ հարցի. ինչու՞ Ադրբեջանը եւ այլ պետութիւններ, որոնք իրաւական առումով ճանաչել են օրէնքի գերակայութեան սկզբունքին հետեւելու պարտաւորութիւնը՝ որպէս իրենց պետականութեան հիմնարար սկզբունք, կարող են չկատարել այս սկզբունքից բխող՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը յարգելու պարտաւորութիւնը եւ ուժի չկիրառման սկզբունքը։
Սոյն հանգամանքն Ադրբեջանին թոյլ է տուել սեփական քաղաքականութեան զինանոցում պահպանել բնիկ հայ ժողովրդի բռնի տեղահանման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի զաւթման ռազմավարութիւնը։ Այդ երկրի նախայարձակ քաղաքականութիւնն այդպէս էլ միջազգային պատշաճ դատապարտման չի արժանացել։ Միջազգային ակտորները, ի հեճուկս բնակչութիւնը ցեղասպանութիւնից պաշտպանելու համար պատասխանատուութիւն ստանձնելու իրենց միջազգային պարտաւորութիւնների (Responsibility to Protect), ցաւօք, պատշաճ ուշադրութիւն չդարձրին Արցախի բնակչութեան լրջագոյն գոյաբանական սպառնալիքների մասին Արցախի խորհրդարանի 2023 թ. յուլիսի 27-ի ուղերձին եւ չկանխեցին Ադրբեջանի յանցաւոր գործողութիւնները, ինչի արդիւնքում Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերին հերթական ռազմական ագրեսիան ձեռնարկեց ԼՂՀ-ի դէմ եւ Արցախի բնիկ հայ ազգաբնակչութեանն արտաքսեց իր պատմական հայրենիքից։
Հարկ է յիշեցնել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի կնքումից յետոյ Ադրբեջանի նախագահը յայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այլեւս գոյութիւն չունի, եւ որ բոլորը պէտք է համակերպուէն Երկրորդ ղարաբաղեան պատերազմի արդիւնքներին։ Ձգտելով նենգափոխել հակամարտութեան էութիւնը՝ Ադրբեջանն իր դիւանագիտական բառապաշարի մէջ մտցրեց «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի զաւթման» մասին կեղծ պատումը, որի միջոցով էլ փորձում է խլացնել իր իսկ ագրեսիւ ցեղասպանական քաղաքականութեան արձագանքները։
Մենք մտադիր չենք փոխելու սեփական Հայրենիքի նկատմամբ մեր սկզբունքները, համոզմունքներն ու իրաւունքները՝ ո՛չ ուժի, ո՛չ բնաջնջման սպառնալիքի, ո՛չ աքսորի, ո՛չ էլ որեւէ այլ քաղաքական հանգամանքներում։
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր կանգնած է ընտրութեան առաջ՝ կամ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում, հիմնուած ինքնորոշման իրաւունքի եւ ժողովուրդների ու մարդու այլ իրաւունքների ու ազատութիւնների վրայ, կամ լռելեայն համաձայնուել, որ շրջափակումը, ռազմական ագրեսիան, ցեղասպանութիւնը եւ օկուպացիան հակամարտութիւնների լուծման օրինական միջոցներ են հանդիսանում:
Այսօր բազմաթիւ երկրների առաջնորդներ խօսում են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի անհրաժեշտութեան մասին։ Սակայն, մենք գտնում ենք, որ սեփական Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի ու կեանքի համար անհրաժեշտ են հետեւեալ անուիճարկելի պայմանները.
Առաջին՝ մենք բացառում ենք Արցախի Հանրապետութեան քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրաւազօրութեան ներքոյ։ Ադրբեջանական զինուած ուժերը, ոստիկանութիւնը եւ վարչակազմը պէտք է ամբողջութեամբ դուրս բերուէն Արցախի Հանրապետութեան տարածքից, ներառեալ Շահումեանի շրջանը, որտեղ 1992 թ. իրականացուած էթնիկ զտման համար Ադրբեջանը լիակատար պատասխանատուութիւն է կրում։
Երկրորդ՝ Արցախի Հանրապետութեան ողջ սահմանի երկայնքով պէտք է տեղաբաշխուէն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, եւ ստեղծուի ապառազմականացուած գօտի։
Երրորդ՝ Լաչինի միջանցքը պէտք է փոխանցուի ՄԱԿ-ի վերահսկողութեանն ու կառավարմանը։
Չորրորդ՝ Արցախի Հանրապետութեան տարածքը պէտք է փոխանցուի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական եւ իրաւական հաստատութիւնների ստեղծման եւ տնտեսութեան վերականգնման համար պայմաններ ապահովելու համար։ Բոլոր փախստականները պէտք է ունենան հաւասար կարգավիճակ, հաւասար իրաւունքներ եւ ենթարկուեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին մինչ հանրաքուէն, որը կը հաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդիւնքը իրաւաբանօրէն կը ճանաչուի բոլոր պետութիւնների կողմից։
Հինգերորդ՝ պէտք է լիովին բացառուի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան քաղաքացիների՝ հակամարտութեան ողջ ընթացքի հետ կապուած ցանկացած մեղադրանքով քրէական հետապնդման հնարաւորութիւնը։ Բոլոր ձերբակալուած եւ արդէն դատապարտուած հայերը պէտք է անյապաղ ազատ արձակուեն։ Մենք պատրաստ ենք ճանաչել միջազգային տրիբունալի իրաւասութիւնը՝ հետաքննելու իւրաքանչիւր ռազմական յանցագործութիւն, որոնցով մեղսագրւում են մեր քաղաքացիները, սակայն պայմանով, որ այդ տրիբունալը նոյնկերպ կքննի բոլոր ռազմական յանցագործութիւնները, որոնք կատարուել են Ադրբեջանի քաղաքացիների եւ նրա վարձկանների կողմից։
Մենք պատրաստ ենք ըստ ամենանի նպաստել հակամարտութեան խաղաղ լուծմանը, որը հիմնուած կը լինի ինքնորոշման իրաւունքի եւ ժողովուրդների ու մարդու՝ միջազգայնօրէն ճանաչուած այլ իրաւունքների ու ազատութիւնների լիակատար յարգման վրայ»։