Րաֆֆին հանուել է Հայաստանի դպրոցների դասագրքերից

Րաֆֆին հանուել է Հայաստանի դպրոցների դասագրքերից

Երկիր յանձնելիս այն խոչընդոտ է

«Րաֆֆին պէտք է գալիս երկիր ազատագրելիս, իսկ երկիր յանձնելիս այն խոչընդոտ է ու պիտի անհետանայ, ինչպէս ժամանակին անհետացաւ նրա ծաւալուն արխիւը՝ Հայաստան ճանապարհւելիս»,-  իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է գրականագէտ Կարօ Վարդանեանը։

«Միեւնոյն է, մի օր դա իրագործւելու է, ու նորից ուշացած մարգարէութիւններ ենք անելու: Աւելի լաւ է՝ հիմա յուշեմ: Ոչ հեռու ապագայում գրականութեան ու պատմութեան նոր դասագրքերը կը յագեցւեն «երկրի հակառակ կողմը» (Նիկոլ Փաշինեանի հեղինակած գիրքը) աղէտագրի բազում էջերով: Պետրոսի կնիկը (խօսքը հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարեանի կնոջ՝ ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրէասեանի մասին է) ուղղակի պատուէր չի իջեցնի, որպէսզի աւելորդ աղմուկ չլինի: Առայժմ նա սպասում է, որ դասագիրք մոգոնողներն իրենք գլխի ընկնեն, բայց դէ դրանք էլ շատ զգուշաւոր են, միշտ ուզում են, որ ուղիղ կերպով պատուէրը ձեւակերպուի: Ուստի մի օր ինձ նման մէկի միջոցով դա կը յուշեն իրենց: Իհարկէ, ինքս որպէս գրող ու գրականագէտ լաւ գիտեմ, որ դա ապականուած հոգու ցրուածք է, բայց իմ իմանալը քիչ է: Ես չեմ մոռացել, որ հողատւութեան արշալոյսին դա անհամար տպաքանակով տարածւեց, իսկ շնորհանդէսին մի շարք գրողներ ու գիտական աստիճան ունեցող գրականագէտներ (նաեւ դասագրքաստեղծ) այն հռչակեցին դասական գրականութիւն: Ու դրանից յետոյ Հայոց աշխարհում ամէն ինչ ընթացաւ ու շարունակում է ընթանալ ճիշտ այնպէս, ինչպէս ցուցանուած է այդ գրուածքում:

Իսկ օրերս Րաֆֆին վտարւեց դասագրքերից: Փորձառու գրանտակերները գուցէ կը չարախնդան, թէ ինչու Սերժի ժամանակ ձեզ չէիք ճղում, երբ Պերճ Պռօշեանն էր վտարւում դասագրքերից: Ասեմ, որ մեզ ճղում էինք: Միայն ինքս Պ. Պռօշեանի տուն-թանգարանում կազմակերպած բոլոր միջոցառումները լուսահոգի Լեւոն Անանեանի հետ բացում ու փակում էի հէնց այդ աղաղակով՝ օրուայ նախարարի ու լրագրողների ներկայութեամբ: Բայց Պռօշեանը ոչ մի ռեժիմի ժամանակ արգելուած չի եղել, դա դասագիրք կազմողների նախասիրութիւնն ու քմահաճոյքն էր: Րաֆֆին ուրիշ է: Րաֆֆին հեշտ չի մտել դասագիրք: Նա երկար տասնամեակներ արգելուած էր բոլշեւիկեան ռեժիմի կողմից, որովհետեւ քարոզում է ընդվզում ու ազատագրական շարժում: Սրանք եւս կատաղած են Րաֆֆու վրայ, քանի որ Արցախ յանձնելուց եթէ եղել են որոշ դժուարութիւններ, ապա դրանք յարուցւել են նաեւ Րաֆֆիով դաստիարակուած մարդկանց կողմից: Րաֆֆին պէտք է գալիս երկիր ազատագրելիս, իսկ երկիր յանձնելիս այն խոչընդոտ է ու պիտի անհետանայ, ինչպէս ժամանակին անհետացաւ նրա ծաւալուն արխիւը՝ Հայաստան ճանապարհւելիս»:

Yerkir.am

Share