ԱՄՆ 60 սենատորներ եւ ներկայացուցիչներ, միանալով դէմոկրատ սենատորներ Ալեքս Պադիլլայի եւ Աննայ Էշուի նամակին, կոչ են արել Կոնգրեսի առաջնորդներին մեծացնել անվտանգութեան օգնութիւնը Հայաստանին եւ մարդասիրական օգնութիւնը Արցախի փախստականներին, յայտնում է Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը (ANCA):
Մասնաւորապէս, Պադիլա- Էշուի նամակում կոչ է արւում, որպէս ԱՄՆ արտաքին ռազմական ֆինանսաւորում,10 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին, եւ յաւելեալ օգնութեան օրինագծով մարդասիրական օգնութիւն՝ էթնիկ զտումների հետեւանքով Արցախից տեղահանուած 120 հազար հայերի կարիքները բաւարարելու համար, փոխանցում է ANCA-ն։
«Լաչինի միջանցքի ամիսներ տեւած շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի վրայ Ադրբեջանի դաժան, անհիմն ռազմական յարձակումը սարսափելի մարդասիրական ճգնաժամ է ստեղծել՝ ստիպելով աւելի քան 100 հազար էթնիկ հայեր լքէն իրենց տները», — ասել է սենատոր Պադիլլան՝ շարունակելով․ — «ԱՄՆ-ը պէտք է քայլեր ձեռնարկի այս արտակարգ դրութիւնը լուծելու համար։ Ես վճռականօրէն կոչ եմ անում Կոնգրեսի ղեկավարութեանը արտաքին օգնութեան փաթեթում ներառել Հայաստանին անվտանգութեան եւ հումանիտար աջակցութիւնը»:
Աննայ Էշոն իր հերթին յայտարարել է․ — «Հայաստանին շտապ անհրաժեշտ է ԱՄՆ օգնութիւնը՝ Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու իր ժողովրդավարութիւնը եւ մեղմելու հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների հետեւանքով։ Քանի որ Կոնգրեսը պատրաստում է օրինագիծ՝ աջակցելու մեր խոցելի ժողովրդավարական դաշնակիցներին ամբողջ աշխարհում, Հայաստանը պէտք է ներառուի այդ ցուցակում»:
Ազգային անվտանգութեան լրացուցիչ ֆինանսաւորման օրինագիծը կուերանայուի յաջորդ շաբաթ, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը։
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողութիւններից յետոյ աւելի քան 100 հազար բնակիչներ լքեցին Արցախը։