Հասկանալու համար, թէ, ի վերջոյ, ինչ են ուզում մէզնից Թուրքիան եւ Ադրբեջանը, բաւական է կարդալ սեպտեմբերի 18-ի Շահրամանեանի ստորագրած փաստաթուղթը՝ Արցախ բառը փոխարինելով Հայաստան բառով։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրոյցում ասել է քաղաքագէտ Բենիամին Մաթեւոսեանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինեանը հիանալի հասկանում է, որ իր վարած քաղաքականութիւնը յանգեցնում է պետականութեան փլուզման։
«Հայաստանին ստիպել են ապագայում եւս Արցախի խնդրից հրաժարուելու փաստաթուղթ ստորագրել։ Սեպտեմբերին Արցախի դէմ Ադրբեջանի լայնածաւալ ագրեսիայի սկսուելուց մի քանի օր առաջ հեռախօսազրոյց է տեղի ունեցել Փաշինեանի եւ Էրդողանի միջեւ։ Այնուհետեւ ադրբեջանական եւ թուրքական լրատուամիջոցներում հաղորդագրութիւն է յայտնուել, որ Արցախում տեղի ունեցող իրադարձութիւնները մտահոգութիւն են առաջացնում նաեւ պաշտօնական Երեւանում։ Ընդ որում, Հայաստանի իշխանութիւնները դա չհերքեցին»,- նշել է նա։
Ըստ Մաթեւոսեանի, բոլոր այս գործընթացները պատահական չէն, նպատակաուղղուած քաղաքականութիւն է տարւում։
Նա յիշեցրել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը վաղուց պահանջում են հրաժարուել հայկական պետութեան խորհրդանիշներից, մասնաւորապէս՝ զինանշանի վրայի Արարատի պատկերից։
«Բայց եթէ նոյնիսկ հրաժարուենք մեր զինանշանից, օրհներգից, Անկախութեան հռչակագրից, փոխենք Սահմանադրութիւնը, դա չի փոխի Բաքուի եւ Անկարայի մօտեցումները Հայաստանի նկատմամբ։ Նրանք ձգտելու են քանդել մեր պետականութիւնը»,- վստահ է փորձագէտը։
Նա ընդգծել է, որ իշխանութիւնները ոչնչացրել են Հայաստանի անվտանգութեան հիմնասիւներից մէկը․ Արցախը յանձնուել է թշնամուն, իսկ վստահութիւնը պետական կառոյցների եւ պաշտօնեաների նկատմամբ զրոյական է։
Քաղաքագէտի գնահատմամբ, Հայաստանի հետ նոյնն են անում, ինչ Արցախի հետ, երբ Արցախը մենակ մնաց Ադրբեջանի դէմ, Հայաստանին տանում են նոյն ճանապարհով։
news.am