Շաբաթուայ սկզբին գրել էինք, որ Ադրբեջանի սեպտեմբերեան ագրեսիայից յետոյ առաջին անգամ Արցախի ԱԺ պատգամաւորները մտադիր են ԱԺ նիստ հրաւիրել, նախնական պայմանաւորուածութեամբ՝ այդ նիստը պէտք է կայանար երեքշաբթի օրը` նոյեմբերի 28-ին, բայց մինչ օրս չի կայացել։ Ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ նիստի կայանալուն խոչընդոտել է ԱՀ նախագահ Սամուել Շահրամանեանը, ով մէկ օր առաջ հանդիպել է «Ազատ հայրենիք»-ՔՄԴ խմբակցութեան պատգամաւորների հետ ու խնդրել է նիստը յետաձգել, մինչեւ որոշ հարցեր ճշգրտի։
ԱՀ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը հաստատում է՝ հանդիպում պատգամաւորների եւ Արցախի նախագահի միջեւ, իսկապէս, եղել է, բայց Շահրամանեանը, ճիշտ հակառակը՝ խօսել է նիստ հրաւիրելու անհրաժեշտութեան եւ կարեւորութեան մասին, ինչը, փաստացի, կամրագրի Արցախի պետական ինստիտուտներից գոնէ խորհրդարանի գոյութեան փաստը։ ԱՀ նախագահի եւ խորհրդարանի պատգամաւորների հանդիպումը տեղի է ունեցել անցած շաբաթ` պատգամաւոր Յակոբեանը կոնկրէտ օրը չի յիշում, սակայն յիշում է, որ 44-օրեայ պատերազմի հանգամանքները քննող յանձնաժողով նրա այցից առաջ էր: Յիշեցնենք, որ Շահրամանեանն այս յանձնաժողով էր հրաւիրուած նոյեմբերի 24-ին՝ ուրբաթ օրը։ Իսկ խորհրդարանի՝ նախապէս նշանակուած երեքշաբթի օրուայ նիստը չի կայացել «տեխնիկական» պատճառներով, քանի որ լիագումար նիստից առաջ նախ պէտք է գլխադասային յանձնաժողովը նիստ անցկացնի, քննարկի օրակարգային նախագծերը, ապա նոր դրանք մտնէն լիագումար նիստի օրակարգ։
«Նախագահի հետ հանդիպմանն ընդհանրապէս նիստ յետաձգելու մասին խօսք չի գնացել, ճիշտ հակառակը՝ նիստ հրաւիրելու կարեւորութեան մասին Շահրամանեանն է ընդգծել։ Մենք` պատգամաւորներս, որոշում ենք կայացրել այս շաբաթուայ ընթացքում նիստ անցկացնել` շաբաթը չի աւարտուել, ուստի կարիք չկայ տապալման մասին խօսել: Աեօ, երեքշաբթին նախնական պայմանաւորուածութիւն էր, բայց չգումարուեց, քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով չյաջողուեց արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նիստ հրաւիրել․ յանձնաժողովի անդամները տարբեր ժամանակ եկան, իսկ նախագահը՝ բաւականին ուշ, դրանով պայմանաւորուած՝ որոշում կայացուեց այդ լիագումար նիստը յետաձգել։ Եթէ չեմ սխալւում, մշտական յանձնաժողովի նիստն արդէն կայացել է, եւ որեւէ խոչընդոտ չկայ, որ ԱԺ նիստ հրաւիրենք, շաբաթն էլ առջեւում է, եւ աբսուրդ է, թէ նախագահի պահանջով ենք յետաձգել»,- ասաց Յակոբեանը՝ փոխանցելով, որ նախագահի հետ հանպատրաստից են հանդիպել, իրենք Արցախի ներկայացուցչութիւնում ԱԺ նիստի օրակարգային եւ նախապատրաստական հարցերը քննարկելիս են եղել, երբ Շահրամանեանն իրենց այցի է եկել: Ի դէպ, հանդիպմանը ներկայ են եղել Սամուել Բաբայանի կուսակից, ԱԺ խօսնակի ժամանակաւոր պաշտօնակատար Գագիկ Բաղունցը ու եւս մէկ պատգամաւոր՝ «Միասնական հայրենիք» կուսակցութիւնից․ «Կարելի է ասել՝ ինֆորմացիայի փոխանակում ենք ունեցել, դա պաշտօնական հանդիպում չէր, որի ընթացքում պէտք է որոշում ընդունէինք։ Հիմնական զրոյցը ծաւալուել է իրավիճակի նկարագրութեան շուրջ, արցախցիների սոցիալական խնդիրների վերաբերեալ ենք բարձրաձայնել: Ի վերջոյ, ԱՀ եւ ՀՀ կառավարութիւնների շփումներից էինք խօսում, որ հարկ եղած դէպքում ինչպէս հասցնել խնդիրները, եթէ լուծողն այսօր Արցախի կառավարութիւնը չէ։ Խոսել ենք, աեօ, նիստ անցկացնելու կարեւորութեան մասին, մօտաւոր օրակարգի մասին, Շահրամանեանը թեեւ խօսել է նիստի կարեւորութեան մասին, սակայն ասել է, որ մենք պէտք է որոշենք օրը եւ ժամը, ինքը չի խառնուելու»։
Յակոբեանը մէկ անգամ եւս յայտարարեց, որ Սամուել Շահրամանեանն իրենց չի ասել, թէ բանակցում է Բաքուի հետ՝ արցախցիների վերադարձի հարցի շուրջ, առաւել եւս աբսուրդ է, թէ այդ պատճառով կարող էր խնդրել, որ յետաձգէն ԱԺ նիստը։ Յակոբեանը հաստատեց մեր՝ աւելի վաղ յայտնած տեղեկատուութիւնը, որ առաջիկայ նիստի օրակարգում երկու հարց է լինելու՝ նոր պատգամաւորների երդմնակալութեան եւ Արցախի հարցով միջազգային յանձնախմբի ձեւաւորման․ «Տեւական ժամանակ է` մենք տարբեր յանձնախմբեր ձեւաւորելու վերաբերեալ քննարկումներ ենք ունենում, որոնցում ներգրաւուած կը լինէն ոչ միայն խորհրդարանականներ, այլեւ Հայաստանից ու սփիւռքից հասարակական-քաղաքական գործիչներ, դիւանագէտներ եւ այլք, որպէսզի կարողանանք Արցախի հարցը միջազգային խողովակներում լսելի դարձնել»։
Յիշեցնենք․ մենք գրել էինք, որ միջազգային յանձնախումբ ստեղծելու գաղափարը Վարդան Օսկանեանինն է, նրա հետ էլ Արցախի պատգամաւորները քննարկում են հարցը: Մետաքսէ Յակոբեանն ասաց, որ շատերի հետ են քննարկել։ Ի՞նչ մանդատով է օժտուած լինելու ստեղծուելիք յանձնախումբը եւ ի՞նչ առաքելութեամբ։ «Առաքելութիւնը լինելու է որեւէ մէկի օրակարգում չլինելը, որեւէ մէկի օրակարգից դուրս լինելը, ունենալ սեփական օրակարգ, որը հնարաւորութիւն կը տայ Արցախի հարցը բարձրացնել միջազգային հարթակներում կամ քննարկման թեմայ դարձնել։ Յանձնախմբի գործունէութեան ազդեցութիւնը կախուած կը լինի նրանից, թէ ովքեր կը լինէն ներկայացուած յանձնախմբում»:
Լուսինէ Շահուերդեան — hraparak.am