Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Պատահական չեն արցախցիների դէմ քարոզչութիւն տանում․ նոր ռումբ են տեղադրում մեր պետութեան տակ»

Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Պատահական չեն արցախցիների դէմ քարոզչութիւն տանում․ նոր ռումբ են տեղադրում մեր պետութեան տակ»

Քաղաքագէտ Հրանտ ՄելիքՇահնազարեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է

«Քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն առաջինն ընդունած ժողովրդիս մի հատւածը քննադատում է բոլորովին վերջերս հարիւրաւոր զոհեր տւած, բռնի տեղահանւած, ամէն ինչ կորցրած, փողոցներն ընկած իր միւս հայրենակիցներին։ Քննադատելը ո՞րն է՝ կոնկրետ ատելութիւն են տարածում արցախցիների նկատմամբ։

Բողոքում են, որ մեր ժողովրդի դաւաճանւած հատւածն ուզում է քիչ թէ շատ լաւ տներում ապրել, նորմալ աշխատանք ունենալ, իրեն նորից մարդ զգալ… Թէ բա՝ ինչ տալիս ենք, դրանով բաւարարւէք։ Չէ՞ք ուզում՝ գնացէք Ադրբեջանի անձնագիր վերցրէք ու ձեր Ղարաբաղում ոնց ուզում էք ապրէք։

Ու այսպէս մտածող աղբը սկսում է գլուխ բարձրացնել։ Երեւի կարծում են՝ երկու ամիսը բաւական էր, որպէսզի արցախցիները մոռանան իրենց զոհւած հարազատներին, կորցրած գիւղերն ու քաղաքները, Հայրենիքը։ Մտածում են, որ արդէն շատ հանդուրժեցին իրենց համար այդքան ատելի արցախցիներին։ Դրանցից ձերբազատւելու ժամանակն է։

Նման տգէտները, իհարկէ, չեն հասկանում, թէ ինչ նոր ռումբ են տեղադրում մեր պետութեան ու ժողովրդի տակ։ Դրանք սկի չեն էլ պատկերացնում, թէ այդ ռումբի պայթիւնն ինչ աւիրածութիւններ է պատճառելու մեր երկրին։ Բայց միւսները պէտք է դա լաւ հասկանան ու թոյլ չտան, որպէսզի հասարակութիւնը հերթական աւերիչ ներազդման ենթարկւի։

Նախ, արցախցիների վարքի մասին։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլեւ լաւ գիտեմ, որ նրանց մէջ կան մեղմ ասած շատ անշնորհք մարդիկ։ Բայց դրանք բացառութիւններ են։ Ու պէտք չի մեր 150 հազար հայրենակիցներին ճանաչել եւ/կամ բնութագրել այդ բացառութիւնների վարքագծով։ Նման բան անողները մեր ժողովրդի թշնամիներն են։ Ու նրանք պատահական չեն այդպիսի քարոզչութիւն իրականացնում։ Դա մեր թշնամիների կողմից կազմակերպւած քայքայիչ գործունէութիւն է, որն արդէն տարիներ շարունակ իրականացւում է ժողովրդի մէջ։

Երկրորդը, այո՛ արցախցիները պէտք է նորմալ պայմաններում ապրեն, լաւ վարձատրւող աշխատանք ունենան ու պէտք է կարողանան յարմարւել նոր իրողութիւններին։ Ամբողջ ժողովուրդը պէտք է այդպէս ապրի, բայց յատկապէս արցախցիները։ Ինչո՞ւ յատկապէս արցախցիները։ Երկու պատճառով։ Որովհետեւ դա է պահանջում սովորական մարդասիրութիւնը (էլ չեմ խօսում ներազգային համերաշխութեան ու սրտացաւութեան մասին) եւ երկրորդ՝ որովհետեւ չի կարելի թոյլ տալ, որպէսզի առանց այն էլ դաւաճանւած ու կոտրւած մեր ժողովրդն ունենայ թշւառացած ու մերժւած սգաւորների այդպիսի մեծ զանգւած։ Դա կը կործանի բոլորին։

Ցաւը վերապրել է պէտք։ Սովածներին կերակրել, իսկ հիւանդներին բժշկել է պէտք։ Քեզնից պոկել ու դիմացինիդ տալ է պէտք։ Քո հաշւին մերձաւորիդ խնդիրները լուծել է պէտք։ Լաւ քրիստոնեայ, լաւ մարդ ու լաւ հայ լինել է պէտք։ Բաւական է արդէն Տիրոջ ուղին մերժելով, սատանայի ճամբէքով քայլել։ Տեսանք որտեղ հասցրեց մեզ այդ ատելութիւնը։ Քի՞չ է։ Էլի՞ ենք ուզում կոտորւել»։

Share