Համացանցի վրայ այսօրուանից ներկայացուող «Դրօշակ» պարբերականի նոր համարը ունի թեմատիկ բնոյթ՝ այն ամբողջովին նուիրուած է Սփիւռքի հիմնահարցերին, վերակազմակերպման եւ զարգացման խնդիրներին, ինչպէս եւ Հայրենիք-Սփիւռք փոխյարաբերութիւններին, ընդհանուր ռազմաւարութեանն ու նպատակներին։ Յոդուածների հեղինակները, լինելով Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքի տարբեր համայնքներից, Կլոր սեղանի շրջանակում տեսակէտներ են յայտնում առաջադրուած հարցերի վերաբերեալ, կարծիքներ են ներկայացնում այլ հեղինակների տեսակէտների շուրջ։
Կլոր սեղանի ձեւաչաձով այս քննարկումը տեղի է ունեցել որոշակի ժամանակահատուածում եւ սկիզբ է առել այն ժամանակ, երբ դեռ տեղի չէր ունեցել Արցախ օկուպացման եւ հայաթափման ցեղասպանական գործողութիւնը։ Համարի լոյս ընծայումից առաջ խմբագրակազմը անդրադարձել է այս իրողութեանը եւ որոշել է եղած յօդուածները լոյս ընծայել այնպէս ինչպէս կան, երբ մասնաւորապէս, հրապարակուած նիւթերում, բնականօրէն, բացակայում են մեծ ողբերգութիւնն արձագանքները։
Ձեռնամուխ լինելով այս նախաձեռնութեանը պաշտօնաթերթի խմբագրակազմը նկատի ունեցաւ կուտակուած հիմնահարցերը եւ ակնկալում է, որ սկսելով այս համազգային նշանակութեան խօսակցութիւնը կարող է խթանել վերջինիս ծաւալմանը եւ արդիւնաւետ լուծումների որոնմանը։ Տարբեր մայրցամաքներ ու երկրներ ներկայացնող յօդուածների հեղինակները կուսակցական եւ ոչ կուսակցական մտաւորականներ են, մտորումներով կիսւում է նաեւ հոգեւոր դասի ներկայացուցիչը։ Բոլոր այս յարգարժան անհատները հնարաւորութիւն են ունեցել ազատօրէն ներկայացնելու իրենց գնահատականներն ու տեսակէտները։ «Դրօշակի» խմբագրակազմը ակնկալում է, որ սկսուած խօսակցութիւնը կ’ունենայ շարունակութիւն՝ ներգրաւելով հայրենի եւ սփիւռքահայ այլ անուանի մտաւորականների ու գործիչների, որոնց տեսակէտների համար առաջիկայում եւս պաշտօնաթերթը սիրով կտրամադրի իր ամբիոնը։