Եւրանեսթում Արթուր Խաչատրեանը սուր է արձագանքել ադրբեջանական պատուիրակութեան կեղծ խաղաղասիրական կոչերին

Եւրանեսթում Արթուր Խաչատրեանը սուր է արձագանքել ադրբեջանական պատուիրակութեան կեղծ խաղաղասիրական կոչերին

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի արձագանքը՝ Եւրոպական Խորհրդարանում անցկացուող Եւրանեսթ խորհրդարանական վեհաժողովի յանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ադրբեջանական պատուիրակութ
յանը․

«Երբ լսում եմ Ադրբեջանի յայտարարութիւնները, մտքումս յայտնւում է մեծագոյն ստրատէգ Կարլ ֆոն Կլաուզեւիցի խօսքերը. «Նուաճողը միշտ խաղաղասէր է. նա կգերադասէր տիրանալ մեր երկրին առանց հակադրուելու»: Ադրբեջանի համար խաղաղութեան այլ տարբերակ ընդունելի չէ, քան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ամբողջական կապիտուլեացիան։ Դուք ինքներդ դատեք։ Ադրբեջանը խօսում է խաղաղութեան մասին, բայց ձեռնարկել է չհրահրուած ագրեսիայ Լեռնային Ղարաբաղի դէմ, այնտեղ էթնիկ զտումներ ու ցեղասպանութիւն է իրականացրել։ Այսօր՝ Ղարաբաղում ոչ մի հայ չկայ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ղեկավարութեան անդամները, այդ թւում՝ երեք նախկին նախագահները, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահը առեւանգուել են ու գտնւում են Ադրբեջանի բանտում։

Յենց այս պահին, երբ ես պատիւ ունեմ դիմելու այս յարգարժան լսարանին, ադրբեջանական զօրքերը գտնւում են միջազգայնօրէն ճանաչուած Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքում։ Հայաստանի տարածքի մօտ 250 քկմ-ը գտնւում է ադրբեջանական օկուպացիայի ներքոյ։ Ադրբեջանական կրակից խաղաղ բնակիչներ ու զինծառայողներ են զոհւում։ Սահմանամերձ գոտում մարդկանց կեանքը վերածուել է մղձաւանջի։ Ադրբեջանը յայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի Հայաստանից, բայց դուրս չի բերում իր ուժերը իմ երկրից։ Ճիշտ հակառակը՝ նրանք աւելի շատ պահանջներ ունեն Հայաստանից։ Հայաստանին նոյնիսկ «Արեւմտեան Ադրբեջան» են անուանում։ Ադրբեջանը վկայակոչում է 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը, որը պահանջում է միջանցք Հայաստանով, սակայն նրանք մոռանում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան աւելի քան 30 տարի լիակատար շրջափակման մէջ են պահում  Հայաստանը։ Նոր ճանապարհներ խնդրելուց առաջ պէտք է բացէն ճանապարհները։ Ադրբեջանի նոր տարածքների ծարաւը չի յագենում 250 քկմ-ով։ Նրանք նոր տարածքային պահանջներ ունեն Հայաստանի նկատմամբ՝ Ալմաթիի հռչակագրի շատ ընտրովի մեկնաբանութեան պատճառով։
Հայաստանը յայտնուել է Ադրբեջանի նոր ագրեսիայի սպառնալիքի տակ։ Հայաստանի հետ սահմանին կուտակուած զօրքը, թուրքական զինուած ուժերի հետ յաճախակի զօրավարժութիւնները եւ թշնամական հռետորաբանութիւնն իմ խօսքերի ապացոյցն են։

Ադրբեջանի ախորժակը մեղմելու եւ Հայաստանի դէմ նոր ագրեսիան կասեցնելու համար Եւրանեսթ խորհրդարանական վեհաժողովը պէտք է յստակ ընդգծի, որ չի հանդուրժի Ադրբեջանի ագրեսիւ պահուածքը։ Ադրբեջանը պէտք է դուրս բերի իր ուժերը Հայաստանից, վերացնի Հայաստանի շրջափակումը, ազատ արձակի բոլոր գերիներին ու պատանդներին եւ վերադառնայ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցութիւններին։ Եւրանեսթը պէտք է շատ յստակ լինի այս հարցում եւ անհրաժեշտութեան դէպքում նոյնիսկ քննարկի Եւրանեսթից Ադրբեջանի անդամակցութիւնը կասեցնելու հարցը»։

Share