Ֆրանսիան պահանջում է հայ գերիների վերադարձը, Հայաստանի իշխանութիւնները` չէն պահանջում

Ֆրանսիան պահանջում է հայ գերիների վերադարձը, Հայաստանի իշխանութիւնները` չէն պահանջում

Փաշինեանը նոյեմբերի 9-ին իր X միկրոբոլոգում գրառում էր արել, որ ինքը «գերազանց» հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրօնի հետ։ Յիշեցնենք, որ Նիկոլ Փաշինեանը կնոջ հետ Ֆրանսիայ էր մեկնել՝ Փարիզի խաղաղութեան ամենամեայ համաժողովին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխաւոր կոնֆերանսին մասնակցելու համար։ 
Այս այցի մասին  «Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի հետ, ում մուտքը Հայաստան Նիկոլ Փաշինեանն արգելել է։ 

— Հիւրերի ցանկը բաւականին իւրօրինակ էր` Կոնգոյի նախագահն էր ներկայ, այլ պետութեան ղեկավարներ կարծես չկային։ Այդ համաժողովը առանձնապէս կարեւոր իրադարձութիւն չէր, բայց նման առիթները, որպէս կանոն, օգտագործում են կարեւոր հարցեր քննարկելու համար: Գուցէ սա պարզապէս առիթ էր հերթական անգամ Մակրօնին հանդիպելո՞ւ եւ ցոյց տալու, որ դէպի Արեւմուտք Հայաստանի ընթացքն անխափա՞ն է։

 — Կարծում եմ, միայն սիմուոլիկ նշանակութիւն ունէր իր ներկայութիւնը, որովհետեւ Ֆրանսիան իսկապէս պրոհայկական երկիր է, պրոՀայաստան ու պրոԱրցախ, բայց սա Նիկոլ Փաշինեանի շնորհիւ չէ՝ ֆրանսահայութեան շնորհիւ է, որ տասնեակ տարիների ընթացքում կարողացաւ զանազան նախագահների հետ՝ Ժակ Շիրակ, Նիկոլեայ Սարկոզի, Ֆրանսուայ Օլանդ, Էմմանուել Մակրօն, տարբեր կառավարութիւնների, բոլոր քաղաքական ուժերի հետ աշխատել եւ համոզել իրենց, որ Հայաստանին եւ Արցախին պէտք է զօրաւիգ կանգնել։ Ուրեմն, Փաշինեանը գտել է Ֆրանսիայի նախագահի պարագայում գործընկեր, որը ճիշտ է` պատրաստ էր զօրաւիգ կանգնել Հայաստանին եւ Փաշինեանը անշուշտ, առիթը բաց չի թողնի հանդիպել Մակրօնին։ 

— Այս փուլում հայ-ֆրանսիական յարաբերութիւններն ինչպե՞ս եք գնահատում եւ ի՞նչ արդիւնքներ ունենք։ 

— Մակրօնի հետ մեր յարաբերութիւնները փայլուն են, արդիւնք են բերում, որովհետեւ Ֆրանսիան միշտ ներկայացնում է մեր պահանջները միջազգային ընտանիքի մօտ։ Ֆրանսիան զարմացած է, որ Փաշինեանն այնքան արագ զիջում է եւ հայկական կողմը չի պայքարում, որպէսզի Հայաստանի եւ Արցախի իրաւունքները Ադրբեջանի դէմ աւելի արդիւնաւետ պաշտպանի։ ԱՆգամ միջազգային կազմակերպութիւններում մասնակցութեան առումով Մակրօնը զարմացած է եւ հանրային տեսակէտներ է փոխանցել, որ չի հասկանում, թէ ինչու Փաշինեանը չի պաշտպանում հայկական կողմի, ինչու է Հայաստանի ու Արցախի իրաւունքները արագ զիջում Ադրբեջանին։ Սա նշանակում է, որ Փաշինեանը միջազգային հանրութեան մօտ շատ տկար անձնաւորութիւն է, փոքր ղեկավար է եւ ուժ չունի՝ սա յստակ է։ Բրիւսելում Փաշինեանի վերջին ելոյթից յետոյ Եւրախորհրդարանի մի պատգամաւոր մէզ պատմում էր, որ ինքը զարմացած է, որ Փաշինեանը եւ Փաշինեանի թիմը պատրաստ են ամէն ինչ զիջել՝ առանց բանակցութեան։ 

— Նախօրեին Դուք Փարիզում կոնֆերանս էիք կազմակերպել` Ադրբեջանում ապօրինի պահուող հայ գերիների թեմայով, որտեղ Ֆրանսիայի քաղաքապետը պահանջել է Ադրբեջանից՝ ազատ արձակել 55 հայ քաղբանտարկեալներին։ 

— Մենք կազմակերպեցինք Լուիզ Մորենոյ Օկոմպոյի այցելութիւնը Ֆրանսիայ, որ նախկին գլխաւոր դատախազն է` Միջազգային քրէական դատարանի, 12 տարի դատախազն է եղել, եւ այցելութեան ընթացքում Փաիզի քաղաքապետի հետ համաձայնութիւն ստացանք, որ մամուլի ասուլիս կազմակերպենք միասին` պահանջելու համար 55 գերիների ազատ արձակումը Արդբեջանից եւ այս մամուլի ասուլիսին բաւականին մեծ թուով լրագրողներ էին ներկայ։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն խոստացաւ, որ այս շաբաթ՝ այս օրերին Փարիզի կողմից յայտարարութիւն կը ներկայացնի, որով պաշտօնապէս կը պահանջի հայ ռազմագերիների ազատ արձակումը՝ շեշտը դնելով 8 հայ ղեկավարների վրայ՝ Դաւիթ Իշխանեան, Ռուբէն Վարդանեան, Արայիկ Յարութիւնեան, Բակոյ Սահակեան, Արկադի Ղուկասեան, Դաւիթ Բաբայան, Դաւիթ Մանուկեան եւ Լեւոն մՆացականեան։ Իրենց ազատ արձակումն է պահանջելու եւ միջազգայնացնելու է այս հարցը։ Ցաւօք, մենք չենք լսում Հայաստանի իշխանութիւնների աշխատանքի կամ գործընթացի մասին, որ իրենք մասնակցէն, իրենք պահանջէն այս գերիների ազատ արձակումը։ 

— Այսինքն, իշխանութիւնները բաւարար ջանքեր չե՞ն գործադրում այս ուղղութեամբ։ 

— Մեկ այլ բան էլ պատմեմ Ձեզ, մէկ ու կէս տարի առաջ, երբ Մակրօնի հետ հանդիպել էինք, նա լսում էր մէզ եւ ասաց, որ մենք պահանջում էինք իրենցից, որ իրենք աշխատանքներ տանեն, որ ռազմագերիներին ազատէն, ասաց, որ աշխատեցին այդ ուղղութեամբ` մի քանի հոգու ազատեցին եւ երբ վերջիններս Հայաստան վերադարձան, բանտարկուեցին, ինչպե՞ս կբացատրեք սա։ Ես հետաքրքրուեցի՝ Դուք այս հարցումը չուղղեցի՞ք Նիկոլ Փաշինեանին, ինչին Մակրօնը պատասխանեց, որ հարցումն ուղղել է, բայց Փաշինեանը չի պատասխանել։ Ուրեմն, ճիշտ է, որ այսօր Հայաստանի իշխանութիւնները չէն օգնում, որ արցախահայութիւնը վերադառնայ Արցախ, երբ որ Ֆրանսիան առաջին ժամէրի ընթացքում պահանջել է, որ արցախահայութիւնը կարողանայ ապահով կոնտեքստի մէջ վերադառնալ Արցախ, Հայաստանի իշխանութիւնները չէն պահանջում գերիների ազատ արձակումը, երբ որ Ֆրանսիայի մէջ կոնկրէտ մարդիկ ու պաշտօնեաներ պահանջում էին…շատ դժուար է աշխատել, պաշտպանել Հայաստանն ու Արցախն այս կառավարութեան հետ։ Շատ դժուար է, որովհետեւ նոյն դիսկուրսը չունենք։ Մենք պաշտպանում ենք հայկական կողմն ու հայ ժողովրդի շահերը, իրենք՝ այս գծի վրայ չէն։ 

Հ. Ալոյեան

Share