Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի յայտարարութիւններին, որոնք արուել են «ՍիւիլՆեթ»-ին տուած հարցազրոյցում:Մասնաւորապէս գերատեսչութեան մամուլի քարտուղար Այխան Հաջիզադէն Իրանի դեսպանի կարծիքը որակել է «սադրիչ» եւ «անհիմն», գրում է interfax.az-ը։
«Նման յայտարարութիւնները վնասում են Ադրբեջանի եւ Իրանի յարաբերութիւններին՝ հիմնուած միմեանց տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան նկատմամբ փոխադարձ յարգանքի վրայ, ինչպէս նաեւ հակասում են Իրանի նախագահի՝ 2023 թուականի նոյեմբերի 9-ին Տաշքէնդում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասած խօսքերին։ Նշուած հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ուրախութեամբ նշել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է իր տարածքային ամբողջականութիւնը, եւ որ Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանին»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ խօսնակը։Հաջիզադէն նշել է, որ Բաքուն Հայաստանում Իրանի դեսպանի կարծիքը համարում է «սադրանք»։«Մենք ակնկալում ենք, որ Իրանը կը կանխի մեր յարաբերութիւնների ոգուն չհամապատասխանող նման քայլերը, ինչպէս նաեւ համապատասխան միջոցներ կը ձեռնարկի դեսպանի արտայայտած կարծիքի կապակցութեամբ»,- յաւելել է Ադրբեջանի ԱԳՆ խօսնակը։Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «ՍիւիլՆեթ»-ին տուած հարցազրոյցում յայտարարել էր Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան անհրաժեշտութեան մասին։«Մենք ճանաչում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը միջազգային եւ ՄԱԿ-ի նորմերին համապատասխան, բայց դա չի նշանակում, որ պէտք է ոտնահարուէն այնտեղ գտնուող մարդկանց իրաւունքները։ Մենք կարծում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրաւունքները պէտք է ապահւուէն, Ղարաբաղի ժողովրդի իւրաքանչիւր ներկայացուցչի իրաւունքները պէտք է ապահւուէն, նրանք պէտք է հնարաւորութիւն ունենան իրացնելու իրենց իրաւունքները։ Սա իրողութիւն է, որը ոչ ոք, այդ թւում՝ Ադրբեջանը, չի կարող անտեսել։ Երբ սկսուեց ղարաբաղեան ճգնաժամը, եւ ղարաբաղցիները եկան Հայաստան, մի խումբ փախստականներ գտնւում էին Կապանում, ես գնացի եւ հարցրեցի նրանց, թէ ինչու են լքել այդ տարածքը, եւ նրանք ասացին, որ իրենց կեանքին վտանգ է սպառնում։ Երկիրը, որը միւսներին իր քաղաքացին է անուանում, պէտք է պայմաններ ստեղծի, որպէսզի այդ մարդիկ իրենց ապահով զգան եւ չլքէն այդ տարածքը, այդ հողը։ Մենք Ղարաբաղի ժողովրդի օրինական եւ լեգիտիմ իրաւունքների ապահովման կողմնակիցն ենք»,- ասել էր նա։Խոսելով Հայաստանով անցնող ճանապարհների դէպքում միջանցք տէրմինի օգտագործման մասին՝ նա նշել էր, որ «այդ յայտարարութիւնների հետեւում գաղտնի մտքեր են թաքնուած»։
«Մենք պաշտպանում ենք Հայաստանի անկախութիւնը, տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութունը եւ դէմ ենք այն ամէնին, ինչը խախտում է նրա միջազգային սահմանները։ Ինչ վերաբերում է միջանցքին, ապա նշեմ, որ միջազգային գրականութեան մէջ այն նշանակում է հաղորդակցման ուղի, բայց երբ այն կապուած է Հայաստանի հետ, այն ձեռք է բերում յատուկ իրաւաբանական նշանակութիւն։ Նրանք, ովքեր կրկնում են այս բառը, այն օգտագործում են յատուկ իմաստով եւ գաղտնի մտքեր են թաքցնում իրենց յայտարարութիւնների հետեւում»,- ասել էր դեսպանը։Դեսպանը վստահեցրել էր, որ Իրանը դէմ չէ տրանսպորտային հաղորդակցութեան վերականգնմանը, սակայն անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողութիւնից դուրս ճանապարհների առկայութիւնը։«Մենք դէմ ենք այն հաղորդակցութիւններին ու ուղիներին, որոնք դուրս են գալիս Հայաստանի ինքնիշխանութեան շրջանակներից եւ կասկածի տակ են դնում Հայաստանի անկախութիւնը։ Մեր տեսանկիւնից՝ անընդունելի է այն ճանապարհը, որը չի գտնւում Հայաստանի վերահսկողութեան եւ ինքնիշխանութեան ներքոյ»,- ասել էր Մեհդի Սոբհանին։