Անբարոյականութիւն է ասել, թէ նախկին զէնքերը ժանգոտած էին․ Տիրան Խաչատրեան

Անբարոյականութիւն է ասել, թէ նախկին զէնքերը ժանգոտած էին․ Տիրան Խաչատրեան

Իրաւունք չունենք «անկլաւները» յանձնել, նրանք  Հայաստանի տարածքն են, պէտք է հանրաքուէի դրուի, ժողովուրդը որոշի, դա Սահմանադրութեան խախտում է: Բացի այդ, անկլաւները տալով հարցը չի փակուելու, նոր պահանջներ է դրուելու, արդէն խօսում են «Արեւմտեան Ադրբեջանի մասին»: Այս մասին 24 TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրեանը:

Անդրադառնալով նոր գնուած զէնքերին Խաչատրեանը նշեց, որ կիրառման մէջ չի տեսել, բայց տեղեակ է, որ շատ զէնքեր զօրային փորձարկում չէն անցել, գնուած զինատեսակներ էլ կան, որ  տուեալ երկիրը իր սպառազինութիւնում չի ներառել, եթէ արդիւնաւետութեան բարձր մակարդակ ունեն, ինչո՞ւ իրենց բանակում չի ներառուել:

Անդրադառնալով նախկինում «պիպետկով» զէնք տրամադրելու ՀՀ ԱԳ նախարարի յայտարարութեանը Խաչատրեանը նշեց, որ իր համար վիրաւորական է գործից չհասկացող մարդկանց մեկնաբանելը.

«Իր խելքի բանը չէ, չգիտի ԶՈւ-ն ինչ  է, սպառազինութեան  համակարգը ինչ կիրառութիւն ունի, վեր է կացել, ասում է՝ նախկինում «պիպետկով» են տալիս: Գնուած զէնքերը եթէ համեմատենք, ՌԴ զէնքերն աւելի բարձր էին, 80-ականի զէնքեր կան, որ կարող են մրցել նաեւ ԱՄՆ-ի հետ, անբարոյական մօտեցում է, թէ ժանգոտած զէնքեր են եղել»:

Դիտարկմանը, թէ Արցախի կորստի համար մեղադրում են նաեւ զինուորականներին, ասում են, եթէ չհանդուրժեին, Արցախի մնացած հատուածը կը պահպանուէր, Խաչատրեանն ասաց՝ իսկ ինչ էին մէզանից պահանջում, յեղաշրջո՞ւմ, զինուորականներից ռազմական յեղաշրջում պահանջողները յետոյ իրենց ազգի դաւաճան էին համարելու, որ լեգիտիմ իշխանութեան դէմ են գնացել:

Խոսելով Արցախի սեպտեմբերի 19-ի պատերազմի մասին եւ Հայաստանի կողմից չմիջամտելու հանգամանքին` Խաչատրեանն ասաց, որ շատ հասկացող զինուորականները դէմ էին Արցախի պատերազմին Հայաստանի չմիջամտելուն, բայց ինչ կարող էին անել. «Գործող բանակի զինուորականները ցաւը սրտէրում ասում էին՝ ախր մեր զինակիցները կռւում են, մենք այստեղ ենք»:

Հարցին, թէ պատերազմի օրերին Ազգային հերոսի կոչում եք ստացել, արդյօք վերցրե՞լ եք, գեներալ- լեյտենանտը նշեց, որ կոչումը չի վերցրել, քանի որ յանձնելու կարգը չի պահուել:

Դիտարկմանը, թէ «Ազգային հերոսի» կոչում ստացած որոշ գործիչներ հիմա կալանաւորուած են, Խաչատրեանը պատասխանեց.
«Սողացող արարածից պահանջում եք, որ թռչի՞, սրբութիւն չունեցողից ի՞նչ եք պահանջում, հերոսներին կալանաւորելը ինչպե՞ս բացատրենք: Մենք հերոսներ չպէտք է ունենանք, իշխանութեանը ձեռնտու չէ, պէտք է լինէն դեֆորմացուած, սկզբունքներ չունեցող արարածներ, որ աթոռներին պինդ մնան»:

Մանրամասները՝ տեսանիւթում։

Share