ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի կարգադրութեամբ, մի քանի օրից Ազգային ժողովի նախագահի տեղակալ Յակոբ Արշակեանը, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւորներ Ռուստամ Բաքոյեանն ու Շիրակ Թորոսեանը Դամասկոս են մեկնելու:
Բարեկամական խմբի անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանի համար սա առնուազն տարօրինակ որոշում է, երբ բարեկամական խմբի անդամները գործուղման են մեկնում առանց ղեկավարի։ MediaHub-ի հետ զրոյցում Մանուկեանը կարճ մեկնաբանութիւն տուեց՝ բարի ճանապարհ։
«Սա կրկին խօսում է իշխանութեան նեղմտութեան, քաղաքական եւ ազգային անգրագիտութեան ու բոբիկութեան մասին։ Իրենց կարծիքով՝ ԱԺ-ն եւ ՀՀ-ն իրենց КВН-ներն ու մանկապարտէզներն են։ Պաշտօնապէս տեղեակ չենք եղել։ Ամիսներ առաջ Սիրիայի խորհրդարանի նախագահը Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի պատուիրակութեանը հրաւիրել է Սիրիա, եւ Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի սիրիական կողմի ղեկավարը մէզ փոխանցել է այդ մասին։ Նոյնիսկ Հայաստանում Սիրիաի արտակարգ եւ լիազօր դեսպանը գրաւոր ԱԳՆ է դիմել այդ հարցով։ Արհեստականօրէն գործուղումը ձգձգւում էր, եւ այդ փոխադարձ այցը չկայացաւ։ ԱԺ նախագահի հետ քննարկումներ ենք ունեցել այս հարցով, յետոյ արդէն ականջիս ծայրին հասնում է, որ Դամասկոս նման պատուիրակութիւն է մեկնում»,- ասաց նա։
Մանուկեանի համար ամենազարմանալին այն է, որ ԱԺ փոխնախագահ Յակոբ Արշակեանն է ղեկավարելու պատուիրակութիւնը։
«Ո՞ւմ հրաւէրով է նա մեկնում, եթէ հրաւէրը ուղղուած է եղել բարեկամական խմբի ղեկավարին: Իհարկէ, մեր ուշքն ու միտքը ճամփորդելը չէ։ Դաշնակցականները Սիրիա էին մեկնում, մեր սիրիահայ հայրենակիցների կողքին էին լինում, երբ դեռ Հալեպում դժնդակ պատերազմական օրերն էին։ Ուղղակի այստեղ պետական մտածելակերպի բացակայութիւնն է»,- ամփոփեց պատգամաւորը։
Նշէնք, որ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավարն է Իշխան Սաղաթելեանը:
Լիաննայ Թորոսեան