Ադրբեջանական մեդիա տիրոյթի ուսումնասիրութիւնը, համադրելով տարբեր պաշտօնեաների կողմից արւած յայտարարութիւնների հետ, հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը փորձելու է առաջիկայում գործողութիւնների գնալ այսպէս կոչւած «անկլաւների», իսկ աւելի ստոյգ ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող ճանապարհների հատւածում ստրատեգիական նշանակութեան ուղղութիւններով։ Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում յայտնեց ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը:
Հայրապետեանը շեշտեց, որ Վրաստանին կապւելու համար Իրանը եւս օգտւում է այդ երթուղիներից։ Դրանք, յիրաւի, ունեն քաղաքական ու ռազմավարական կարեւոր նշանակութիւն։
Փորձագէտի համոզմամբ՝ յամենայն դէպս, եթէ հետեւենք իրադարձութիւնների ընթացքին, ապա Ադրբեջանն ունի նման մտադրութիւն, հարցն այն է, թէ որքանով նրանց կը յաջողւի միջազգային կոնսեսուս ձեւաւորել այդ հարցի շուրջ։ Ադրբեջանը միշտ այդ տրամաբանութեան է աշխատում՝ ձեւաւորել կոնսեսուսներ՝ խոշոր խաղացողների միջեւ իր ագրեսիւ քայլերի համար, նոր յետոյ գնալ գործողութիւնների։ Դա տեղի ունեցաւ Արցախը էթնիկ զտման ենթարկելուց առաջ։ Հիմա էլ նոյն քաղաքականութիւնն է ընթանում։
Անդրադառնալով հարցմանը, որ նախորդ շաբաթ Ադրբեջանը սկսեց Թուրքիայի հետ համատեղ զօրավարժութիւնների շարքը, ինչպէս դա արեց 2020 թւականի սեպտեմբերին Արցախ ներխուժելուց մի քանի շաբաթ առաջ: Այդ գործողութիւնները, ի՞նչ են կարող յուշել արդեօք, Ադրբեջանը պատրաստւում է հնարաւոր ներխուժման՝ միաժամանակ փորձելով վախեցնել Հայաստանին, որպէսզի վերջինս զիջի տարածքներ եւ «միջանցքի» իրաւունքները, Տաթեւիկ Հայրապետեանը ասաց, որ Հայաստան-Իրան սահմանի նկատմամբ Ադրբեջանի յաւակնութիւնները չեն վերացել, դրանք կան, որոնց վերաբերեալ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանն ունեն ռազմական ծրագրեր։ Խնդիրն այն է, որ Իրանը շատ յստակ է արտայայտւել այդ հարցում, նաեւ այլընտրանքային ուղի է առաջարկել, որը կոչւում է Արաքսի ճանապարհ։
«Դրա վերաբերեալ Ադրբեջանի ու Իրանի միջեւ արդէն կան պայմանաւորւածութիւններ։ Այս ամէնը ժամանակաւորապէս կանխում է ՀՀ Սիւնիքի մարզի ուղղութեամբ ադրբեջանական հնարաւոր ոտնձգութիւնները»,- նշեց նա՝ յաւելելով, որ բացառւած չէ իրավիճակ, որ աշխարհի այլ կէտերում նաեւ Իրանի զբաղւածութիւնից օգտւելով նրանք գնան ագրեսիւ գործողութիւնների։
Ըստ Հայրապետեանի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ինտենսիւ համագործակցութիւնը, վերջերս տեղի ունեցած զօրավարժութիւնները, դրանց համատեքստում օգտագործւած տեխնիկական միջոցները գալիս են փաստելու, որ իրենք պատրաստւում են գործողութիւնների:
Յիշեցնելով, որ այդ զօրավարժութիւնների շրջանակներում Բաքու էին բերւել «F-16» կործանիչները, Հայրապետեանը նշեց, որ եթէ նայենք, թէ ինչ տեխնիկական միջոցներ էին պատրաստւում խոցել վերոնշեալ զօրավարժութիւնների շրջանակներում, ապա կը տեսնենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմն ունի յստակ ագրեսիւ նպատակներ ընդդէմ Հայաստանի։
Հայրապետեանի խօսքով՝ թիրախում Սիւնիքի մարզն է, ինչպէս որ դա եղել է մօտ հարիւր տարի առաջ, երբ Գարեգին Նժդեհը իր զինակիցների հետ միասին կանխեց վտանգաւոր զարգացումները՝ թոյլ չտալով Հայաստանից պոկել Սիւնիքը։
Անդրադառնալով Ալիեւի այն յայտարարութեանը, որ եթէ տարածաշրջանում «նոր հակամարտութիւններ ծագեն, դա կը լինի Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի մեղքով», Հայրապետեանը շեշտեց, որ առհասարակ համաշխարհային պատմական փորձը ցոյց է տալիս, որ իրական խաղաղութիւնը յենւած է բալանսների վրայ, եթէ չկայ ռազմական ու քաղաքական բալանս, ապա չկայ նաեւ խաղաղութիւն։ Ֆրանսիան եւ այլ պետութիւններ, ելնելով իրենց իսկ շահերից, փորձում են օգնել վերականգնելու բալանսը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, քանի որ դա է խաղաղութեան հասնելու ուղին։ Ադրբեջանն էլ, քանի որ իրականում որեւէ հետաքրքրութիւն չունի խաղաղութեան հաստատման հարցում, դրա համար էլ շատ ագրեսիւ է վերաբերւում այն լուրերին, երբ որեւէ երկիր ՀՀ-ին զէնք վաճառելու պատրաստակամութիւն է յայտնում։
«Ադրբեջանը շատ պարզ ու անթաքոյց ցոյց է տալիս իր ծաւալապաշտական նպատակները, Ալիեւի ուղիղ յանձնարարութեամբ մեր երկիրը կոչւում է «Արեւմտեան Ադրբեջան», դրանից պարզ էլ ինչպէ՞ս ցոյց տան, որ որեւէ միտում չկայ մեզ հետ խաղաղութիւն կառուցելու հարցում։ Ադրբեջանին պէտք է խաղաղութիւն մեր տարածքների ու կեանքերի հաշւին, խաղաղութիւն, որտեղ չկան հայեր, ինչպէս որ դա տեղի ունեցաւ Արցախում մօտ մէկ ամիս առաջ»,- նշեց նա:
Փաշինեանի «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծին անդրադառնալով, որի սկզբունքները ներկայացւել է Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ընթացքում, Հայրապետեանը նշեց, որ բրեոշուրը ներկայացրել է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից յետոյ։ Նա փորձում է ցոյց տալ, թէ իբրեւ Արցախի կորստից յետոյ հնարաւոր է խաղաղութեան հասնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։
«Հայրապետեանը կարծում է, որ ինքնին նախագիծն առաջին հայեացքից լաւն է, խօսքը կապուղիների բացման մասին է, որը կօգնի նաեւ ՀՀ-ն տնտեսապէս զարգանալ։ Բայց հաշւի չի առնւում այն հանգամանքը, որ Ադրբեջանը որեւէ կերպ չի համաձայնւելու դրան, այսօր ադրբեջանական կողմը կրակում է Երասխում կառուցւելիք մետալուրգիական գործարանի վրայ՝ կանխելով դրա շինարարութիւնը։ Ինչպէ՞ս կարող է այդքան թշնամաբար ու ագրեսիւ տրամադրւած երկիրը համաձայնել նման նախագծի իրագործմանը։ Ես դա հաւանական չեմ համարում, բայց դէ, իհարկէ, օրակարգ է, որը կարող է դառնալ քննարկման առարկայ տարբեր երկրների հետ շփումների ժամանակ»,- նշեց նա:
ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ