ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը եւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հոկտեմբերի 28-ին Մալթայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկկողմ յարաբերութիւնների ներկայ վիճակը։
«Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանութեան «Ֆեյսբուք»-ի պաշտօնական էջում հրապարակուած հաղորդագրութեան մէջ ասւում է, որ նշուել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպման կարեւորութիւնը, հանդիպում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
«Անդրեյ Երմակը շնորհակալութիւն է յայտնել սեպտեմբերի սկզբին Կիեւում կայացած Առաջին տիկնանց եւ պարոնների գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ Աննայ Յակոբեանի մասնակցութեան եւ ուկրաինացի դպրոցականների համար մարդասիրական օգնութիւն տրամադրելու համար։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է ուկրաինական կողմի յանձնառութիւնը Հայաստանի հետ համագործակցութեան ամրապնդման հարցում, մասնաւորապէս, եւրաինտեգրման հարցերում»,-ասւում է հաղորդագրութեան տեքստում:
Ընդգծւում է, որ կողմերը շնորհաւորել են միմեանց Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան Կառաւարիչների խորհրդի կազմում Հայաստանի եւ Ուկրաինայի ընտրուելու կապակցութեամբ եւ քննարկել են երկու երկրների փոխգործակցութիւնը այդ կազմակերպութեան շրջանակներում եւ ընդհանուր՝ էներգետիկայի ոլորտում: