Ալմա-Աթայի հռչակագրի աղաւաղումների եւ իրաւական կամայականութիւնների հետեւանքների մասին
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինուած ուժերը լայնածաւալ ագրեսիայի ընթացքում հրետանու եւ ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են զանգուածային հրետակոծել Ստեփանակերտը եւ Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Ռազմական գործողութիւնների յետագայ էսկալացիան կանխելու եւ խաղաղ բնակչութեան կեանքը փրկելու համար Արցախի Հանրապետութեան նախագահը ստիպուած է եղել կատարել Ադրբեջանի վերջնագրային պահանջը եւ անօրինական հրամանագիր ստորագրել 2024թ. յունուարի 1-ից Արցախի Հանրապետութեան գոյութիւնը դադարեցնելու մասին։
Սա դարձաւ 2020թ. Ադրբեջանի ագրեսիայից յետոյ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան դէմ 2020թ. նոյեմբերի 9-ին կնքուած Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ յայտարարութեան հրադադարի պայմանների իրականացման եռամեայ գործընթացների գլխաւոր արդիւնքներից մէկը։
Այս հրամանագրին նախորդած Ադրբեջանի գործողութիւնները՝ 2020թ. 44-օրեայ պատերազմը, ԼՂՀ-ն արտաքին աշխարհին կապող բոլոր տրանսպորտային հաղորդակցութիւնների 280-օրեայ շրջափակումը, 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան, որոնք ուղեկցուել են բռնութիւններով, խաղաղ բնակչութեան, այդ թւում՝ երեխաների եւ տարէցների սպանութիւններով, վանդալիզմի գործողութիւններով, վկայում են այն կանխամտածուած արարքների մասին, որոնց նպատակը հազարամեակներ շարունակ իրենց հայրենի հողում ապրող հայերին վտարելն ու ցեղասպանութիւնն էր։ Այսօր ԼՂՀ-ն լքել է ողջ մնացած գրեթէ ամբողջ բնակչութիւնը։
Տեղի ունեցածը բնութագրում է նաեւ բանակցային գործընթացների արդիւնքները, որոնք տեղի են ունեցել հակամարտող կողմերի միջեւ մոսկովեան, վաշինգտոնեան եւ բրիւսելեան հարթակներում եւ ուղեկցուել են ղարաբաղահայութեան իրաւունքների եւ անվտանգութեան պաշտպանութեան լաւատեսական յայտարարութիւններով ու կոչերով: Ադրբեջանի յանցաւոր արարքների դէմ եւ Ղարաբաղի հայերի ցեղասպանութիւնը կանխելու համար չէն կիրառուել ՄԱԿ-ի անդամ պետութիւնների միջազգային պարտաւորութիւններով նախատեսուած միջոցներ: ՄԱԿ անվտանգութեան խորհուրդը, արտահերթ նիստում քննարկելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղէտի հարցը, սահմանափակուել է զսպուածութեան եւ մարդու իրաւունքների պահպանման կոչերով, որոնք ուղղուած են եւ՛ ագրեսորին, եւ՛ դրա զոհին:
Նման անգործութիւնը «արդարացնելու» համար աղաւաղւում են միջազգային փաստաթղթերում պարունակուող առանցքային հասկացութիւնների տեքստէրն ու իմաստը, որոնց յղում են կատարել պետութիւնների եւ դրանց արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները՝ հետապնդելով իրենց աշխարհաքաղաքական նպատակները։ Որպէս իրաւական «հիմնաւորում» նրանք դիմում են ԽՍՀՄ լուծարման
արդիւնքում ձեւաւորուած նորանկախ պետութիւնների 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրին։ Ինչպէս վերջերս Եւրախորհրդարանում յայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը, իբր այդ հռչակագիրը ստորագրած հանրապետութիւնները ճանաչում են տարածքային ամբողջականութիւնը, միմեանց ինքնիշխանութիւնը, գոյութիւն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիութիւնը, եւ, հետեւաբար, Խորհրդային Միութեան հանրապետութիւնների միջեւ գոյութիւն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ալմա-Աթայի հռչակագրին նմանատիպ յղումներ ժամանակին ներկայացրել են նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լաւրովը, Եւրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը եւ այլք:
Սակայն Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած պետութիւնների տարածքային ամբողջականութեան ճանաչումն ու յարգանքը դրանում կապուած է փաստաթղթի ստորագրման պահին գոյութիւն ունեցող սահմանների անձեռնմխելիութեան հետ, այլ ոչ թէ նախկին ԽՍՀՄ հանրապետութիւնների վարչական սահմանների, որոնց մասին հռչակագրում ընդհանրապէս որեւէ յիշատակում չկայ: Կարեւոր է նշել, որ նախկին միութենական հանրապետութիւնների վարչական սահմանների մասին յիշատակման բացակայութիւնը պայմանաւորուած է նրանով, որ այս հռչակագրի ստորագրման պահին ԽՍՀՄ փլուզման հետեւանքով արդէն անկախացած որոշ պետութիւնների սահմանները ոչ դէ ֆակտոյ, ոչ էլ դէ իւրէ չէին համընկնում միութենական հանրապետութիւնների վարչական սահմանների հետ: Հռչակագրի տեքստում չկան թուեր, որոնք սահմանում են այդ փաստաթղթերը ստորագրած պետութիւնների տարածքը։ Ոչ մի տող չկայ այն մասին, որ Խորհրդային Միութեան հանրապետութիւնների միջեւ գոյութիւն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս էր գալիս գործող օրէնսդրութեան կոպտագոյն խախտումներով՝ մերժելով Ադրբեջանական ԽՍՀ իրաւայաջորդութիւնը՝ դէ ֆակտոյ եւ դէ իւրէ առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնաւար Մարզի: Սա իրաւունք տուեց ԼՂԻՄ-ին ԽՍՀՄ օրէնքներին եւ միջազգային իրաւունքի դրոյթներին համաձայն ինքնուրոյն տնօրինելու իր յետագայ ճակատագիրը՝ ստեղծելով անկախ պետական կազմաւորում։
Ալմա-Աթայի հռչակագրին դիմելիս լիովին անտեսւում են ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարուելու, տնտեսական եւ ցանկացած այլ ճնշման մեթոդների, վէճերի խաղաղ կարգաւորման, մարդու իրաւունքների եւ ազատութիւնների, ներառեալ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների յարգման, պարտաւորութիւնների բարեխղճօրէն կատարման եւ միջազգային իրաւունքի այլ համընդհանուր ճանաչուած սկզբունքների եւ նորմերի վերաբերեալ դրա դրոյթները, որոնք Ադրբեջանը կոպտօրէն խախտել է:
Հռչակագրի առանցքային հասկացութիւնների խեղաթիւրումներն ու կամայական մեկնաբանութիւններն եւ դրանց հիման վրայ հակամարտութեան կարգաւորման գործընթացում ներգրաւուած Հայաստանի, Եւրոպական միութեան եւ որոշ երկրների, միջազգային կազմակերպութիւնների ղեկավարների
յայտարարութիւնները տեղի են ունենում հազարաւոր խաղաղ բնակիչների զոհուելու ֆոնին: Հարիւրաւոր անմեղ մարդիկ համարւում են անհետ կորած, ածխաջրածիններով հարուստ Ադրբեջանի բանտերում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի են ենթարկւում անյայտ թուով մարդիկ: Առեւանգուել եւ ապօրինի դատավարութիւնների են մատնուել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչները: Մի կողմից ազգային ազատագրական շարժումներին մասնակցող, ինքնորոշման համար պայքարող ժողովուրդներին ահաբեկչական կազմաւորումներին հաւասարեցնելու սպառնացող նախադէպ է ստեղծւում, միւս կողմից՝ խրախուսւում տարածքային ամբողջականութեան կեղծ քօղի տակ յանցաւոր արարքների՝ ցեղասպանութեան, պատերազմական յանցագործութիւնների, մարդկութեան դէմ յանցագործութիւնների իրականացումը։
Նման խեղաթիւրումների եւս մէկ հետեւանք էր Հայաստանի տարածքային ամբողջականութեանն ուղիղ սպառնալիքը։ Ժամանակակից Ադրբեջանը ոչ մի իրաւական հիմք չունեցող պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետութեան տարածքների նկատմամբ՝ դրանք անուանելով «անկլաւներ»։ Եթէ հաւատարիմ մնանք Ալմայ-Աթայի հռչակագրին, ապա ոչ այսպէս կոչուած “անկլաւները”, ոչ էլ ԼՂՀ տարածքը, ըստ հռչակագրի, չէն գտնուել այդ փաստաթուղթը ստորագրած Ադրբեջանի Հանրապետութեան “գոյութիւն ունեցող սահմաններում”։ Ալիեւը սպառնում է ուժով բացել էքստերիտորիալ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հարաւային Սիւնիքի մարզով՝ այն անուանելով «Արեւմտեան Ադրբեջան»։ Այս բոլոր հակաիրաւական պահանջներն ուղեկցւում են ուժի ուղղակի կիրառմամբ, 2021-2022թթ. Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազաւթմամբ, սահմանային դիրքերի եւ գիւղերի պարբերական գնդակոծութիւններով, որոնք յանգեցրել են հարիւրաւոր մարդկանց մահուան:
Ադրբեջանի յանցաւոր գործողութիւններն իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն Հարաւային Կովկասի, այլեւ պայթիւնաւտանգ մերձաւորարեւելեան տարածաշրջանի անվտանգութեան համար:
Մենք դիմում ենք երկրների ղեկավարներին, Եւրոպական միութեան ղեկավարներին, դրանց համապատասխան կառոյցներին, խորհրդարանականներին պահանջով՝ տալ համարժէք գնահատական Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենի հողում ինքնորոշման իրաւական հիմքերին եւ դատապարտել Ադրբեջանի յանցաւոր գործողութիւնները:
Անհրաժեշտ է վճռական միջոցներ ձեռնարկել ի պաշտպանութիւն ԼՂՀ հայերի, պատժամիջոցներ կիրառել ժողովրդին ագրեսիայի եւ ցեղասպանութեան ենթարկած պետութեան նկատմամբ։
Կոչ ենք անում միջազգային կազմակերպութիւններին, մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցերով զբաղուող քաղաքական, իրաւական ինստիտուտներին եւ կազմակերպութիւններին, քաղաքական եւ հասարակական գործիչներին, փորձագիտական հանրութեանը ձայն բարձրացնել քաղաքական մանիպուլեացիաների դէմ, որոնք պէտք է անյապաղ բացայայտուէն բոլոր մակարդակներում եւ կանխուէն՝ իրաւական կամայականութիւնները եւ դրանց կործանարար հետեւանքները թոյլ չտալու նպատակով:
Լարիսայ Ալաւերդեան, ՀՀ մարդու իրաւունքների առաջին պաշտպան, «Ընդդէմ իրաւական կամայականութեան» ՀԿ գործադիր տնօրէն
Միհրան Շահզադեյեան, փիլիսոփայական գիտութիւնների թեկնածու, Քաղաքագէտների հայկական ասոցիացիայի վարչութեան նախագահ
Արամ Սարգսեան, «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դէմոկրատական կուսակցութեան նախագահ
Ալեքսանդր Մանասեան, փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Քաղաքագէտների հայկական ասոցիացիայի համանախագահ
Գեւորգ Դանիելեան, իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, ՀՀ արդարադատութեան նախկին նախարար
Ատոմ Մխիթարեան, գիտութիւնների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան
Տեսսայ Հոֆման, ցեղասպանութեան ուսումնասիրութեան մասնագէտ, գիտութիւնների թեկնածու, Բեռլինի ազատ համալսարանի գիտաշխատող
Յարութ Սասունեան, միջազգային յարաբերութիւնների մագիստրոս, California Courier Հրատարակիչ, ԱՄՆ
Վահան Բաբախանեան, «Խաչմերուկ» սոցիոլոգիական եւ քաղաքագիտական նախաձեռնութիւնների ՀԿ նախագահ, Ռուսաստան
Ուինֆրիդ Դալման, գիտութիւնների դոկտոր, դոցենտ, Նորուեգիայ
Սարգիս Մեսրոպէան, գիտութիւնների դոկտոր, Արտակարգ իրավիճակների համահայկական ազգային կոմիտէի նախագահ, ԱՄՆ
Միխայիլ Ալեքսանդրով, քաղաքական գիտութիւնների դոկտոր, Ռուսաստան
Ժիրայր Քոչարեան, մարդու իրաւունքների պաշտպան, Գերմանիայ
Սուէն Էրիկ Ռայզ, մագիստրոս, Նորուեգիայ
30․10․2023թ