-Պարոն Մարտիրոսեան, Սփիւռքում դժգոհութիւններ կան Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների վարած քաղաքականութեան նկատմամբ, սփիւռքահայերը շարունակում են մեծ ցաւ ապրել Արցախի անկումից յետոյ, անելանելի վիճակը կտրուկ աճել է, նաեւ դժգոհութիւն կայ ընդդիմադիր դաշտի գործունէութեան առնչութեամբ, որոնց չի յաջողւում հեռացնել իշխանութիւններին եւ փոփոխութիւն բերել Հայաստանի քաղաքական, հասարակական եւ սոցիալական դաշտում: Ձեր կարծիքով ինչպիսին պէտք է լինի Սփիւռքի մօտեցումը եւ գործելաոճն այդ հարցերի առնչութեամբ:
-Հայաստանի քաղաքական կեանքում Սփիւռքի դերակատարութիւնը եղել է շատ կարեւոր եւ յենասիւնային այն առումով, որ թերեւս Հայաստանը այն երկրներից մէկն է, որ բացի ներքաղաքական հնարաւորութիւններից, արտաքին քաղաքականութեան վրայ եւ արտաքին գերատեսչական ինստիտուտների վրայ ներազդելուց, ունի նաեւ մեծագոյն հնարաւորութիւն: Այն է՝ Սփիւռքի միջոցով իր արտաքին քաղաքական օրակարգերի վրայ մեծ ազդեցութիւն ունենալու հնարաւորութիւը: Ցաւօք սրտի վերջին ժամանակահատուածում մենք տեսնում ենք, որ Սփիւռքի դերակատարութիւնը, թէ՛ ներհայաստանեան օրակարգերի վրայ ազդեցութեան, թէ՛ Հայաստանից դուրս գտնւող անձանց առումով պակսել է: Հայաստանի Հանրապետութեան քաղաքական օրակարգը սպասարկելու առումով նուազել են նաեւ այն կառոյցները, որոնք թերեւս գործում են Սփիւռքում Հայաստանի քաղաքական շահը առաջ տանելու եւ լոբբինգ անելու իմաստով, որը եւս ներհայաստանեան իրավիճակն է պատճառը: Սփիւռքն էլ ինչպէս Հայաստանը, չկողմնորոշուած եւ ապակենտրոնացած եւ ինչ-որ չափով բաժանուած է: Այս իրավիճակը Հայաստանից դուրս գտնւող հայերի շրջանակներում էլ նաեւ նկատելի է: Այն, պատահական չէ, որովհետեւ այնուամենայնիւ, ներհայաստանեան իրավիճակը ազդում է նաեւ Սփիւռքի քաղաքական օրակարգերի ուղղութեամբ, որովհետեւ եթէ Հայաստանում այն յստակեցուած չէ եւ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը յեղյեղուկ է, ապա այն ինքնաբերաբար նաեւ Սփիւռքն է վերցնում եւ տարբեր Սփիւռքի օջախներում եւս նկատելի է: Հարցի այն հատուածը, թէ ինչ պէտք է անի ընդդիմութիւնը եւ ինչպիսին պէտք է լինի Սփիւռքի վերաբերմունքը, ապա այս պահին ես ձեռնպահ կը մնամ այս հարցը գնահատելուց, որովհետեւ, այնուամենայնիւ, այն ներհայաստանեան քաղաքական օրակարգի հարց է, եւ կարծում եմ այս առումով Սփիւռքի ազդեցութիւնը աւելի շատ պէտք է կենտրոնանայ համազգային խնդիրների վերհանման եւ համազգային օրակարգի սպասարկմանը, որովհետեւ այն մարտահրաւէրների առջեւ, որ այսօր կանգած է Հայաստանը դրանք արտաքին աշխարհից եւ յատկապէս մեր ոխերիմ «բարեկամների» կողմից եկած մարտահրաւէրներն են, որոնց հայկական պետականութիւնը փորձում է դիմակայել եւ դիմագրաւել: Մեծ յոյս ունեմ, որ Սփիւռքի լոբբիստական կազմակերպութիւնները եւ այն երկրներում, որտեղ ծաւալում են, որոշակի գործունէութիւն, այն ուղղուած է ՀՀ անվտանգութեանն ու բարօրութեանը, շատ աւելի կազմակերպուած եւ ակտիւ կը լինեն, որովհետեւ այդ մարտահրաւէրները, այնուամենայնիւ գալիս են դրսից:
-Պարոն Մարտիրոսեան ինչպէս դուք էք ներհայաստանեան օրակարգին Սփիւռքի միջամտութեանը վերապահօրէն մօտենում այնպէս էլ, կարծում եմ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայը սկզբունքօրէն լինելով հայրենասէր, պահանջատէր, միեւնոյն ժամանակ նրբանկատութիւն է ցուցաբերում, եւ յստակօրէն պահանջում է, որպէսզի պարտուած իշխանութիւնը հեռանայ: Այսինքը՝ սրտցաւ հայը, դժուար թէ ցանկանայ այն տպաւորութիւնը թողնել, որ թէ իբր հեռուից՝ «պալմաների» արանքից նստած ՀՀ-ում իշխանափոխութեան կոչեր է կատարում եւ այլն: Սակայն, կարող էք նշել ինչպիսի՞ն պէտք է լինի սփիւռքահայի քննադատական, հայրնասիրական գործունէութիւնը այդ սահմանը կարո՞ղ էք պատկերել ե՛ւ իշխանութիւնների, ե՛ւ ընդդիմութեան քննադատելու, ելքեր առաջարկելու առումով: Որպէսզի սփիւռքահայի յարաբերութիւնները հայրենիքի հետ եւս պրակտիկ բնոյթ ստանայ:
-Մենք վերջին գոնէ 20 կամ 30 տարիների ընթացքում ունեցել ենք գաղափարական հէնք՝ եռամիասնութիւն կոչւող Հայաստան, Արցախ, Սփիւռք եւ կարծես թէ այդ ազգային օրակարգը, որը ունեցել ենք եւ մեր երազանքներից սնւող եւ առաջ գնալու այդ եռամիասնութիւնը աւելի ամրապնդելու առաքելութիւն ենք ունեցել բոլորս: Հասկանալի է, որ վերջին իրադարձութիւնների բերումով, այդ եռամիասնութիւնը խարխլուած, վնասուած է: Յեղափոխութիւն կոչուածից յետոյ, երբ որ այն աւելի պարզեցուեց Հայաստան, Սփիւռք յարբերութիւնների մակարդակը եւ ինստիտուցիոնալ մակարդակը իջեցուեց, վարչապետին կից ինչ, որ մարմնի աստիճանակարգութեամբ: Այն վնասեց ՀՀ եւ Սփիւռք յարաբերութիւններին, որովհետեւ այդ բաղադրիչը պակասեց, թէ այնուամենայնիւ, ինչպէս է անհրաժեշտ լինի Սփիւռքի ներգրաւուածութիւնը, հնարաւոր է արձանագրել, որ շատ կարեւոր եւ շատ աւելի ներառական: Որովհետեւ իւրաքանչիւր հայ մարդ որտեղ էլ լինի իր մաքսիմալ ներդրումը պէտք է ունենայ նախ եւ առաջ ՀՀ անվտանգութեան կարգաւորման եւ ամրապնդման ուղղութեամբ, նաեւ ունենայ որոշակի առումով քաղաքական ազդեցութեան լծակներ: Այն, որ այդ լծակները ինչպիսի իրաւական կարգաւորումներ կունենայ, անհրաժեշտ է կառուցուած լինի ազգային հիմքերով պետութեան զարգացման տեսլականի ուղղութեամբ: Ցաւում եմ, որ վերջին շրջանի պետական կառավարման մարմինների կողմից Սփիւռքի նկատմամբ, թէ՛ յարաբերութիւնը թէ՛ կարեւորութիւնը որոշակի առումով իջեցուել է, այն բերել է Սփիւռքի պասիւութեանը, որը վերջին ժամանակահատուածում նկատելի է:
-Պարոն Մարտիրոսեան, այսինքը սփիւռքահայը պէ՞տք է մշտապէս պահպանի այդ «վերապահութեան» սահմա՞նը թէկուզ նման պայմաններում եւ Ձեր կարծիքով ինչպէս է հնարաւոր Սփիւռքը աւելի էֆեկտիւ դարձնել հայաստանեան ընդդիմութեան գործունէութիւնը:
-Ձեր հարցը բաւական բարդ է, բայց կարող եմ դրան պատասխանել ուղղակի իմ համոզմունքների շրջանակներում: Հայ մարդու համար, որեւէ սահմաններ չպէտք է գոյութիւն ունենան, թէ՛ քննադատական կարծիք ունենալու, թէ՛ աջակցութեան կարծիք ունենալու վերաբերեալ: Որտեղ էլ որ նա կը գտնուի: Իհարկէ երանելի կը լինէր, որ բոլոր քննադատողները եւ աջակցողները այն կատարէին Հայաստանից, բայց մենք անհրաժեշտ է ընկալենք եւ հասկանանք, որ դրա հնարաւորութիւնը ոչ բոլորը ունեն, եւ Սփիւռքի նշանակութիւնը այդ առումով եւս կարեւոր է, ինչու որովհետեւ դա նաեւ անաչառ հայեացք է կարող լինել դրսից, անաչառ պատասխանատւութեան ստանձնում նաեւ դրսից: Այդ կարծիքի արտայայտումը կանխելը, պահանջատիրութեան առումով եւս, որեւէ մէկը որեւէ իրաւունք չունի: Ինչ վերաբերւում է հարցին, որ ինչպէս է կարող Սփիւռքը առաւել էֆեկտիւ դարձնել ընդդիմութեան գործունէութիւնը կամ իշխանութիւններից աւելի պահանջատիրական դիրքաւորում ունենալ, այն գալիս է դրան, որ ինչպիսի սկզբունքներով է առաջնորդւում այս կամ այն սփիւռքահայը, որը գտնւում է արտերկրում: Ազդելու համար ընդդիմութեան, կամ իշխանութիւնների աշխատանքներին, դրա համար առկայ են Սփիւռքում բազմաթիւ լոբբիստական կազմակերպութիւններ, Հայ Դատի յանձնախմբեր եւ այլն: Կարեւորն այն է, որ պասիւ ռեժիմի մէջ չպէտք է լինի սփիւռքահայութիւնը, որովհետեւ մենք տեսել ենք, որ Սփիւռքը համազգային խնդիրների շուրջ ինչպէս է կարող շատ աւելի ակտիւ լինել, նաեւ Հայաստանից պահանջատէր լինել, եւ վերջիվերջոյ այն երկրների ղեկավարութիւններից իրենց քաղաքականութեան մշակման ներքոյ, որը կը վերաբերուի Հայաստանին, քաղաքականութիւններ, որոնք կատարւում են նաեւ տուեալ երկրների քաղաքացիներ լինելու ուժով նաեւ: Դիրքորոշման պասիւութիւնը շատ աւելի վտանգաւոր երեւոյթ է Հայաստանի համար, նոյնն է Հայաստանում եւ Հայաստանի Հանրապետութեան սահմաններից դուրս:
-Պարոն Մարտիրոսեան, Հայաստանում վերջին անգամ ժողովրդական ցասում հասունացուեց 2018 թուականին, Ձեր հարցազրոյցներից մէկում անդրադառնալով «գունաւոր յեղափոխութիւններին» նշել էք, որ այն ոչ թէ մեթոդների ամբողջութիւն են, այլ տնային աշխատանք։ Մեթոդաբանութիւնը վերջին ակորդն է, երբ տնային աշխատանքները կատարուած են, այսինքն՝ երբ կրիտիկական զանգուածը կրիտիկական զանգուած դառնալուն պատրաստ է։ Այսօր այդ կրիտիկական զանգուածը այնուամենայնիւ չի հասունացել, եւ սփիւռքահայութեան տարբեր շրջանակներ կարծում են խնդիրն այն է, որ ամէն ինչ չի աւարտւում Փաշինեանի չլինելու կէտով։ Ինչ պէտք է անենք հասկանալու համար, ինչպէս նպաստել այդ կրիտիկական զանգուածին, ինչպէս պէտք է դառնալ, ձեւաւորել այդ միասնական զանգուածը:
-Գիտէք ինչ, Հայաստանեան ընդդիմութեան վերաբերեալ, թէ՛ ներհայաստանեան ընդդիմադիր օրակարգում, այսինքն թէ՛ մարդկանց մօտ թէ՛ հասարակական խմբերի մօտ, որոնք կան թէ նաեւ Սփիւռքում կարծում եմ, մօտեցումները նոյնն են: Որովհետեւ սպասումները եւս շատ բարձր են, չեմ կարծում, որ Սփիւռքի եւ Հայաստանի մեր հայրենակիցները տարբեր մօտեցումներ ունեն այդ առումով, ինչու, որովհետեւ այսօրւայ ժամանակահատուածում իւրաքանչիւր ինֆորմացիայի ստանալու աղբիւրը պարզացել է, իւրաքանչիւրը կարողանում է իր աչքով տեսնել ելոյթները, լսել այն գնահատականները, որոնք տրւում են, առցանց կարգավիճակով, հետեւելով քաղաքական գործընթացներին եւ կատարելով եզրակացութիւններ, այս տեսանկիւնից նաեւ կարծում եմ սփիւռքահայ ընդդիմադիր շերտերի կարծիքը եւս ներհայատանեան ընդդիմադիր շերտերի կարծիքից շատ չի տարբերւում: Ինչպիսին է մօտեցումները եւ քննադատութիւնը արդեօք կը բերի ընդդիմութեան գործառոյթների էֆեկտիւութեան բարձրացմանը, ապա այն հարցադրումն է, որը եւս կեանքի իրաւունք ունի: Բայց այս պարագայում քննադատութիւնը չպէտք է վերածուի քաղաքական ընդդիմութեան դիրքերի թուլացմանը, այն որպէս սկզբունք եմ նշում, այլ քննադատութիւնը, պէտք է լինի, այնպիսին, որ քիչ թէ շատ կարողանայ օգնել, եթէ տուեալ քաղաքացու, հայ քաղաքացու կամ սփիւռքահայ մեր հայրենակցի դիրքաւորումը այնպիսին է, որ չի ընդունում պաշտօնական Երեւանի կողմից վարւող ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը: Ընդդիմութեան քննադատութիւնը չպէտք է վերածուի ընդդիմութեան հնարաւորութիւնները, ռեսուրսները, եւ ընդդիմութեան օգտակար գործունէութեան գործառոյթը նուազեցնելուն, այն որոշակի առումով կարմիր գիծ է, որը իւրաքանչիւր մարդ, ով չի ընդունում այսօրուայ քաղաքականութիւնը պէտք է, սկզբունք դարձնի եւ այդ սկզբունքներին հետեւելով գործի:
Շնորհակալութիւն, պարոն Մարտիրոսեան:
Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ
Վլադիմիր Մարտիրոսեան
Վլադիմիր Մարտիրոսեանը քաղաքական գիտութիւնների թեկնածու, դոցենտ է: 2018-2021 թւականին աշխատել է, որպէս Երեւանի Պետական համալսարանի, Եւրոպական ուսումնասիրութիւնների կենտրոնի փոխտնօրէնի պաշտօնում, 2021 թւականից առ այսօր տնօրէն: 2006-2008 թթ. Երեւանի Պետական համալսարանի, Միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի, Քաղաքագիտութիւն բաժնի փոխդեկան, 2005 թւականից առ այսօր Երեւանի Պետական համալսարանի, Միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի, Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դասախօս է: Աշխատում է որպէս Հարաւային Կովկասում Մարդու իրաւունքների եւ ժողովրդավարացման մագիստրոսական ծրագրի ղեկավար: