Հայաստանի Հելսինկեան կոմիտէի ղեկավարի  նամակը Հայաստանում հաւատարմագրուած 12 դեսպանի Հայաստանում մարդու իրաւունքների հետեւողականօրէն խախտման մասին

Հայաստանի Հելսինկեան կոմիտէի ղեկավարի նամակը Հայաստանում հաւատարմագրուած 12 դեսպանի Հայաստանում մարդու իրաւունքների հետեւողականօրէն խախտման մասին

Հայաստանի Հելսինկեան կոմիտէի» ղեկավար Աւետիք Իշխանեանը բաց նամակ է յղել Հայաստանում հաւատարմագրուած՝

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագօսին

ԵԽ գրասենեակի ղեկավար Մարտինայ Շմիդտին

ԱՄՆ դեսպան Քրիստինայ Քուինին

Ֆրանսիայի դեսպան Օլիւիէ Դըկոտինյիին

Միացեալ Թագաւորութեան դեսպան Ջոն Գալագերին

Իտալիայի դեսպան Ալֆօնսոյ Դի Ռիզոյին

Լեհաստանի դեսպան Պեօտր Սկուեչինսկիին

Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին

Նիդերլանդների դեսպան Յապ Ֆրեդերիքսին

Շուեդիայի դեսպան Պատրիկ Սուենսոնին

Լիտուայի դեսպան Անդրիուս Պուլոկասին

Բուլղարիայի դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովին

Նամակում ասւում է․                                                                                                                                                                                                                                                                                         

Մեծարգոյ տիկնայք եւ պարոնայք դեսպաններ,

Ձեզ եմ դիմում, որպէս ժամանակին Ձեզանից շատերի հետ սերտօրէն համագործակցող «Հայաստանի հելսինկեան կոմիտէ» իրաւապաշտպան, հասարակական կազմակերպութեան ղեկավար։ Արդիւնաւետ համագործակցել եւ իրաւապաշտպանական ծրագրեր ենք իրականացրել, յատկապէս ԵՄ-ի, ԵԽ ներկայացուցչութեան, ԱՄՆ եւ Չեխիայի դեսպանատների հետ։ 2010թ․ ԵՄ-ի կողմից հրաւիրուեցի Յորդանան, այնտեղ ներկայացնելու մեր համատեղ ծրագրերը, որոնք ԵՄ-ն համարում էր ամենայաջողուածներից։ Մեկ առանձին ԵՄ ծրագրում, ընտրուել եմ որպէս մարդու իրաւունքների փորձագէտ։ ԵՄ-ի պատուէրով, ԵԽ-ի կողմից իրականացուող արեւելեան գործընկերութեան անդամ երկրների դատական համակարգերի գնահատման փորձագէտ եմ ընտրուել։ ԵՄ, ԱՄՆ, ԳԴՀ, Լեհաստանի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի շատ նախկին դեսպանների եւ դեսպանատների աշխատակիցների հետ  ունեցել եմ փոխադարձ վստահութեան եւ անձնական ջերմ յարաբերութիւններ։ ԵՄ-ի եւ ԵԽ-ի կողմից Հայաստան այցելած բոլոր պատուիրակութիւնների հետ, հանդիպումների  հրաւէր էի ստանում ներկայացնելու իմ կարծիքը` Հայաստանի ժողովրդաւարութեան, դատական համակարգի եւ մարդու իրաւունքների իրավիճակի վերաբերեալ։

Այս ամէնը տեւեց մինչեւ 2019 թուականը։ 2019թ․ Հայաստան այցելած հերթական ԵՄ պատուիրակութեան  հետ հանդիպման ժամանակ, անհանգստութիւն յայտնեցի, նոր իշխանութեան կողմից դատական համակարգի եւ Սահմանադրական Դատարանի (ՍԴ ) դէմ կատարուող հակասահմանադրական եւ հակաօրինական գործողութիւնների հետ կապուած։ Եւ ի՞նչ․․․ Զարմանալիօրէն, պատուիրակութեան ղեկավարն ինձ հակադարձեց, ասելով, որ իրենք վստահում են նոր իշխանութեանը։ Ապշեցի, հարցնելով, ի՞նչ է նշանակում, թէ վստահում եք, այսինքն, դուք կո՞ղմ եք անօրինական գործողութիւններին: Եւ դա եղաւ իմ վերջին հանդիպումը` Հայաստան ժամանած, ինչպէս ԵՄ, այնպէս էլ ԵԽ պատուիրակութիւնների հետ։

ԵՄ նախկին դեսպան Անդրեայ Վիկտորինին ճանաչել եմ, դեռեւս Հայաստանում  նրա Գերմանիայի դաշնութեան դեսպան եղած ժամանակներից։ Այն ժամանակ, նա յաճախ էր ինձ հրաւիրում հանդիպման` զրուցելու Հայաստանում ժողովրդաւարութեան մասին։ Նոյն 2019թ․-ին, իմ խնդրանքով, հանդիպեցինք ԵՄ գրասենեակում։ Հանդիպմանը մանրամասն, փաստէրով ներկայացրեցի, թէ ինչ անօրինական միջոցներով են ջախջախում ինչպէս դատական համակարգն, այնպէս էլ ՍԴ-ն։

Դատական համակարգի ջախջախման, որպէս օրինակներ բերեցի վարչապետ — Յատուկ քննչական կոմիտէի (ՀՔԾ) պետ — Ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) պետ գաղտնազերծուած հեռախօսազրոյցները, դատարանների շրջափակումը։ ՍԴ-ի հարցում՝ հակասահմանադրական օրէնքների ընդունումը, ՍԴ նախագահի եւ նրա մերձաւորների հանդէպ քաղաքայ — քրէական ճնշումները։ Եւ, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս արձագանքեց տիկին ԵՄ դեսպանը։ Նա ասաց, որ ՍԴ անդամներին, համաձայն սահմանադրութեանը առաջադրում են ՀՀ նախագահը, կառավարութիւնն ու դատաւորների միութիւնը։ Սրանով աւարտուեց  մեր վերջին, շատ բովանդակալից խօսակցութիւնը։

Երկար սպասելուց յետոյ, որոշեցի այս բաց նամակով յայտնել իմ տարակուսանքները՝ Ձեր բոլորի պահուածքի վերաբերեալ։ Նկատի ունեմ Ձեր կողմից անտեսուող՝ Հայաստանում մարդու իրաւունքների հետեւողականօրէն խախտումները։

Որպէս ուղեցոյց, օգտագործենք Մարդու իրաւունքների եւ ազատութիւնների Եւրոպական կոնուենցիայի յօդուածները։

Յոդուած 2.  Կեանքի իրաւունք

Հայաստանում, վերջին հինգ տարիներին վտանգուած է կեանքի իրաւունքը։

  • 2019թ․ Եղեգնաձոր քաղաքում, մարզպետի ներկայութեամբ եւ հաւանաբար հրահանգով, դաժան ծեծի ենթարկուեց պայմանագրային զինծառայող, փոխգնդապետ Արայ Մխիթարեանը, ով չորս տարի մնալով կոմայի մէջ, մահացաւ։ Իսկ այդ ամէնի պատասխանատու մարզպետն այսօր իշխող ՔՊ խմբակցութեան պատգամաւոր է։
  • 2022թ․ անհիմն մեղադրանքով կալանաւորուեց հասարակական գործիչ եւ ընդդիմադիր ցոյցերի ակտիւ մասնակից Արմէն Գրիգորեանը, ով ունէր լուրջ առողջական խնդիրներ։ Դատարանի դահլիճում, դատաքննութեան ժամանակ, Արմէն Գրիգորեանի սիրտը վատացաւ եւ նա մահացաւ տեսախցիկների առջեւ։ Որեւէ մէկը պատասխանատուութեան չենթարկուեց։
  • 2022թ․ Վարչապետին ուղեկցող շարասեան մեքենաներից մէկը վրաերթի ենթարկեց Սոնայ Մնացականեանին։ Վերջինս իր չծնուած երեխայի հետ մահացաւ։ Ոչ մէկը պատասխանատուութեան չենթարկուեց։
  • 2022թ․ Ապարանում, իշխանութեան կողմնակիցները, հրազէնով սպանեցին երեք երիտասարդների։ Ոչ մէկը չենթարկուեց պատասխանատուութեան։
  • 2023թ․ զօրամասում, անյայտ հանգամանքներում, հրդեհի զոհեր դարձան 15 զինծառայողներ։ Չհաշուած, պատերազմի հազարաւոր զոհերը, խաղաղ պայմաններում զոհերի թիւը հասնում է տարեկան շուրջ 100 զինծառայողների։ Եւ ինչպէս վերը նշուած, բոլոր դէպքերում, նոյնպէս որեւէ մէկը չի ենթարկուել պատասխանատուութեան։

Յոդուած 3. Խոշտանգումների արգելում

Ի դէպ, այս յօդուածն այն բացառիկներից է, որ սահմանում է բացարձակ իրաւունք։

Ստորեւ ներկայացնում եմ միայն այս՝ 2023թ․ արձանագրուած դէպքերը։ Ի դէպ, Հայաստանի ողջ պատմութեան ընթացքում առաջին անգամ ոստիկանութեան բաժիններում բռնութեան են ենթարկուել փաստաբանները։

  • Յունուարի 12-ին ոստիկանութեան Չարէնցաւանի բաժնում ՆԳՆ աշխատակիցները ծեծի էին ենթարկել Արման Խալապեանին, որին իր որդու վերաբերեալ գործով հրաւիրուել էր բաժին։ Ըստ փաստաբան Սասուն Ռաֆայելեանի՝ իր պաշտպանեալին ծեծի են ենթարկել բաժնի պետ Մհեր Մինասեանի ներկայութեամբ՝ վերջինիս աշխատասենեակում։
  • Ապրիլի 10-ին ոստիկանութեան Դիլիջանի քրէական հետախուզութեան բաժնի պետ Արսէն Ղայթմազեանը ծեծի էր ենթարկել «Հաղարծին» ռեստորանահիւրանոցային համալիրում մատուցող աշխատող, անչափահաս Արազ Ամիրեանին, ինչն ամրագրուել էր տեսախցիկներով։ Ըստ վերջինիս պաշտպանի՝ Ա․ Ղայթմազեանը եղել է ալկոհոլի ազդեցութեան տակ եւ դժգոհել էր, որ հիւրանոցի գիշերակացի գումարը իրենից պահանջել են նախապէս։ Ծեծի տեսանիւթի տարածումից յետոյ միայն քննչական գործողութիւններ են իրականացուել Արսէն Ղայթմազեանի դէմ։ Այդուհանդերձ, անգամ այդ պարագայում Ա․ Ղայթմազեանի նկատմամբ քրէական հետապնդում չի յարուցուել՝ «գործուն զղջալու» հիմքով։
  • Յունիսի 17-ին իր տանը խուզարկութիւն իրականացնելուց յետոյ ոստիկանութեան աշխատակիցները ՀԱԿ նախկին անդամ Տիգրան Առաքելեանին տեղափոխել էին Քննչական կոմիտէ եւ խոշտանգել։ Նրա հաղորդմամբ ՀՀ քննչական կոմիտէի Երեւան քաղաքի քննչական վարչութեան պետ Ազատ Գեւորգեանի եւ ՀՀ քննչական կոմիտէի նախագահ Արգիշտի Քեարամեանի մասնակցութեամբ իրեն ենթարկել են ծեծի, էլեկտրահարել են թաց մարմինը, սպառնացել դուրս նետել պատուհանից, որից յետոյ ոստիկանները ստիպել են փոխել արիւնոտուած հագուստը՝ դէպքը կոծկելու համար։ Ըստ Տ․ Առաքելեանի՝ Ա․ Քեարամեանը անձամբ սպառնացել է ընտանիքին, ասելով, որ կնոջը եւ երեխային այլեւս չի տեսնի, իր ընտանիքը վերացնելու են։ Քննչական կոմիտէն շտապեց հերքել տեղեկութիւնները, յայտնելով, որ Տ․ Առաքելեանը մեղադրւում է «շորթման եւ պաշտօնատար անձանց վերաբերեալ արատաւոր տեղեկութիւններ հրապարակելուն օժանդակելու համար», առանց նշելու, թէ ում։
  • Փետրուարի 9-ին ՆԳՆ ոստիկանութեան Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկուել փաստաբաններ Մարզպետ Աւագեանը եւ Էմանուել Անանեանը: Ըստ վերջիններիս՝ անչափահաս պաշտպանեալի առերեսման ընթացքում վիճաբանութիւն էր սկսուել առերեսուող օպերլիազօրի հետ, հնչել էին վիրաւորանքներ։ Միջանցքում Մ․ Աւագեանը օպերլիազօրից պահանջել է պարզաբանումներ, սակայն ոստիկանները նրա ձեռքերը ոլորել են ծեծի ենթարկել իրեն եւ Է․ Աւագեանին։ Միջադէպը դադարել էր քննիչների միջամտութիւնից յետոյ, որոնք գտնւում էին նոյն շէնքում։ Անչափահաս պաշտպանեալի խօսքով Էրեբունու բաժնի ոստիկանները խմբով մինչ այդ իրեն էին ծեծել՝ գլուխը ծածկելով հագուստով եւ ոտքերը դնելով իր գլխին։
  • Յունիսի 7-ին ոստիկանութեան Կենտրոնի բաժնում բռնութեան էր ենթարկուել  փաստաբան Կարէն Ալաւերդեանը։ Ըստ Կ․ Ալաւերդեանի՝ դատական նիստի աւարտից յետոյ փողոցում իրեն եւ իր պաշտպանեալին էին մօտեցել 20-ից աւելի ոստիկանութեան ծառայողներ՝ Երեւանի տարբեր վարչութիւններից եւ պարեկային ծառայութիւնից, հրաւիրելով ոստիկանութեան բաժին։  Պաշտպանեալը համաձայնել էր եւ նրան պարեկային մեքենայով տեղափոխել էին Կենտրոնական բաժին։ Կ․ Ալաւերդեանը հետեւել էր նրանց, սակայն, վերջինիս 5-10 րոպէ թոյլ չէին տուել մուտք գործել։ Երբ ի վերջոյ փաստաբանին յաջողուել էր բարձրանալ պաշտպանեալի մօտ, դռան ետեւից լսել էր, թէ ինչպէս է նա գոռում՝ պահանջելով, որ իրեն չհարուածէն։ Մտնելով աշխատասենեակ, Կ․ Ալաւերդեանը տեսել էր իր պաշտպանեալին ձեռնաշղթաներով գէտնին՝ հինգ-վեց ոստիկանների կողմից ծեծի ենթարկուելիս։ Փաստաբանը փորձել էր միջամտել եւ կանգնել նրա եւ ոստիկանների  արանքում՝ պահանջելով դադարեցնել բռնութիւնը։ Ոստիկանները փաստաբանին ուժի կիրառմամբ հեռացրել էին, շղթայել եւ կիրառել արցունքաբեր գազ։ Կ․ Ալաւերդեանին ձերբակալել էին եւ անազատութեան մէջ պահել 6 ժամ՝ առանց դրա մասին տեղեակ պահելու Փաստաբանների պալատի նախագահին, թէեւ դա ուղղակիօրէն պահանջւում է օրէնքով։ Ինչ վերաբերում է պաշտպանեալին՝ նրա մօտ արձանագրուել էին բազմաթիւ վնասուածքներ, վնասուել էր ականջի թմբկաթաղանթը, դէմքին առկայ էին ծխախոտի այրուածքներ։


Յոդուած 5. Ազատութեան եւ անձեռնմխելիութեան իրաւունք

Սոյն յօդուածը խախտուել եւ խախտւում է համատարած կերպով։ Հայաստանում ստեղծուեցին նոր,  անօրինական դատարաններ, այսպէս կոչուած, «նախաքննական» եւ «հակակոռուպցիոն», որոնցում, դատաւորներ նշանակուեցին, վարչապետին նուիրուած, ձեւական իրաւաբանական կրթութիւն ստացած անձինք։ Հաշուի առնենք նաեւ այն փաստը, որ օրէնքով Քննչական կոմիտէն կառավարութեանը կից մարմին է, գտնւում է ուղիղ վարչապետի հսկողութեան տակ։ Գլխաւոր դատախազը, վարչապետի նախկին խորհրդականն է, ով  խորհրդական եղած ժամանակ, նոյն վարչապետի ցուցումով ուղղորդում էր քննիչներին։ Եւ ահա, այդ մարմինները, վարչապետի հրահանգով քրէական գործեր են յօրինում ընդդիմադիր գործիչների դէմ եւ նշանակուած դատաւորները տալիս են կալանքի որոշումներ։ Նման անօրինական ձերբակալութիւնների եւ կալանքների թուերը հասնում են հարիւրների։ Ձերբակալւում եւ կալանաւորւում են, օրինակ՝ տեղական ընտրութիւններում իշխող ուժին յաղթած անձինք, ինչպէս Վանաձորում, Վարդենիսում, Գորիսում։

Յոդուած 6. Արդար դատաւարութեան իրաւունք

2018թ․ գաղտնազերծուեցին  վարչապետ — ՀՔԾ պետ — ԱԱԾ պետ հեռախօսազրոյցները, որոնցում վարչապետը յստակ ցուցումներ է տալիս՝ իր կողմից հրահանգուած եւ յարուցուած քրէական գործերով կալանքների մասին։

2019թ․ դատաւոր Դաւիթ Գրիգորեանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին կալանքից ազատելուն յաջորդեց դատարանները շրջափակելու վարչապետի հրահանգը։ Կարճ ժամանակ անց կեղծ մեղադրանք առաջադրուեց դատաւոր Դաւիթ Գրիգորեանին։

2022թ․ գաղտնազերծուեց Բարձրագոյն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրեան — ԲԴԽ նախկին նախագահ Ռուբէն Վարդազարեան զրոյցը, որտեղ Գագիկ Ջհանգիրեանը պարզօրոշ բացայայտում է քրէական գործերի յարուցումների հրայանգաւորուած լինելը։

Այնուհետեւ, ԲԴԽ նախագահ է նշանակւում Արդարադատութեան նախարար, իշխող Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցութեան անդամ Կարէն Անդրէասեանը։ Նրա տեղակալ Գրիգոր Մինասեանը նշանակւում է Արդարադատութեան նախարար։ Նրանք շարունակում են սերտօրէն համագործակցել, կատարելով վարչապետի ցուցումները։ Արդարադատութեան նախարարը, չենթարկուող դատաւորների դէմ կարգապահական գործեր է յարուցում ԲԴԽ, իսկ ԲԴԽ-ն դադարեցնում է դատաւորների լիազօրութիւնները։

2018թ․ սկսած հարիւրաւոր քրէական մեղադրանքներ են առաջադրուել ընդդիմադիր գործիչներին, նրանցից շատերը ամիսներ են անցկացրել կալանքների տակ, անցել են բոլոր ողջամիտ ժամկէտները եւ չկայ որեւէ դատարանի վճիռ։

Այսօր էլ, աւելի քան յիսուն քաղաքական բանտարկեալներ կան Հայաստանի բանտերում։

Յոդուած 7․ Պատիժ՝ բացառապէս օրէնքի հիման վրայ

Հայաստանում ընդունուեցին օրէնքներ, որոնք հակասում են միջազգային օրէնքներին, ինչպէս ծանր վիրաւորանքը, որով դատուեցին բազմաթիւ ընդդիմադիրներ։ 2022թ․ ընդունուեց  փոփոխութիւն,  խաղաղ հաւաքների օրէնքում, որը հակասում է միջազգային իրաւունքին։ Այդ փոխուած օրէնքով կալանաւորուեց ընդդիմադիր գործիչ Աւետիք Չալաբեանը։

Յոդուած 8․ Անձնական եւ ընտանեկան կեանքը յարգելու իրաւունք

Բազմիցս են եղել դէպքեր, երբ ոստիկանութիւնը, ԱԱԾ-ն, առանց դատարանի որոշումների, ներխուժել են քաղաքացիների բնակարաններ։ Իշխանութեանն անցանկալի պաշտօնեաներին ճնշելու նպատակով քրէական մեղադրանքներ են առաջադրւում նրանց հարազատներին, օրինակ՝  ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասեանի հարազատների, ինչպէս նաեւ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբէն Վարդազարեանի կնոջ դէմ։

Յոդուած 10․ Արտայայտուելու ազատութիւն

2018 — 2023թթ․ բազմաթիւ դէպքեր են եղել լրագրողների դէմ, ինչպէս ոստիկանութեան, այնպէս էլ իշխող ՔՊ կուսակցութեան անդամների կողմից ճնշումների եւ բռնութիւնների։ Այդ բազմաթիւ դէպքերով, ոչ մէկը չի ենթարկուել պատասխանատուութեան։ Ընդդիմադիր հայեացքներ ունեցող քաղաքացիներին եւ գործիչներին կալանաւորում են սոցիալական ցանցերում արուած արտայայտութիւնների համար։

Յոդուած 11․ Հաւաքների եւ միաւորման ազատութիւն

Վերջին տարիներին, կարելի է ասել, որ հաւաքների ազատութեան իրաւունքը բացարձակ ձեւով խախտւում է Հայաստանում։ Խաղաղ հաւաքների ժամանակ, ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ, յաճախ առանց անձնական տարբերանշանների, անհիմն ուժ եւ բռնութիւններ  են կիրառում հաւաքների մասնակիցների նկատմամբ։ 2021-2023 թթ․ տեղի ունեցած հաւաքների մասնակիցներին տեսախցիկների առջեւ ոստիկանների կողմից խմբակային ծեծի ենթարկելու տասնեակից աւելի դէպքեր են արձանագրուել։ Հարիւրաւոր խաղաղ ցուցարարներ ձերբակալւում են, նրանցից շատերը կալանաւորւում։ Գործերը որպէս կանոն, յարուցւում են բացառապէս ոստիկանների ցուցմունքներով։

Յոդուած 13․ Իրաւական պաշտպանութեան արդիւնաւետ միջոցի իրաւունք

Այս իրաւունքը, Հայաստանի գործող դատաիրաւական համակարգի պայմաններում, բացարձակապէս չի կարող գործել։

Յոդուած 14․ Խտրականութեան արգելում

Հայաստանում գործում է իտալացի ֆաշիստ Բենիտոյ Մուսօլինիի սկզբունքը․ «Մեր ընկերներին թոյլ է տրւում ամէն ինչ, օրէնքները մեր հակառակորդների համար են»։

Վերը փաստէր բերեցի իշխանութեան ներկայացուցիչների կողմից կատարուած յանցագործութիւնների եւ նրանց անպատժելիութեան մասին։

Սահմանափակուենք այսքանով եւ այլ օրինակներ չբերէնք Հայաստանում աննախադէպ չափերի հասած կոռուպցիայի մասին։

Արդ, ո՞րն է պատճառը, որ, ի տարբերութիւն մինչ 2018թ․-ի, այլեւս Դուք չեք նկատում եւ քննադատում մարդու իրաւունքների համատարած խախտումները։

Իհարկէ, ես այդքան միամիտ չեմ, որ չհասկանամ, որ Դուք ինքնուրոյն չեք, այլ ներկայացնում եք Ձեզ ներկայացնող երկրների եւ միութիւնների շահերը։ Եւ, բնականաբար, Ձեր երկրների աշխարհաքաղաքական շահերն այսօր համընկնում են Հայաստանի իշխանութեան վարած քաղաքականութեան հետ, այդ թւում՝ Արցախի հայաթափումն ու Ադրբեջանին յանձնելը։Այդ մասին է վկայում, 2022թ․ հոկտեմբերին, Պրահայում, Հայաստանի վարչապետի կողմից, Արցախից հրաժարման եւ հայ ժողովրդի շահերի դաւաճանմանը, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ   Ձեր երկրների ղեկավարների ուրախ արձագանքն ու խրախուսանքը։ Եւ այդ է պատճառը, որ չնայած Հայաստանում ահագնացող  մարդու իրաւունքների խախտումներին, Դուք ոչ միայն այդ ամէնը չեք նկատում, այլեւ սերտօրէն համագործակցում եք Հայաստանի տարբեր գերատեսչութիւնների հետ։ ԱՄՆ, ԵՄ, Չեխիայի, Շուեդիայի դեսպանները հանդիպումներ են ունենում ՆԳՆ սադիստական հակումներ ունեցող նախարարի հետ եւ քննարկում յետագայ համագործակցութեան հարցեր։ Այսինքն՝ Դուք պատրաստ եք ֆինանսաւորել եւ համագործակցել ՆԳՆ-ի հետ ապագայ խոշտանգումների, բռնութիւնների, խաղաղ ցուցարարների նկատմաբ ծեծի բնագաւառում։ Աւելին, Ձեզանից շատերը նմանատիպ հանդիպումներ եւ յետագայ համագործակցութեան հարցեր են քննարկում, դատարանների ջախջախման հեղինակներ՝ արդարադատութեան նախարարի եւ ԲԴԽ նախագահի հետ։

Ինչպէս նշեցի, ես հասկանում եմ, Ձեր երկրների աշխարհաքաղաքական շահերը։ Բայց, ներէցեք․․․ այդ աստիճա՞նի, որ հրաժարւում եք, Ձեր իսկ հռչակած արժէքներից՝ ժողովրդավարութիւն, իրաւական պետութիւն, մարդու իրաւունքներ։ Փաստօրէն, Դուք եւ Ձեզ ներկայացնող երկրների ղեկավարներն ընդամէնը ձեւացնում եք, հռչակելով այդ արժէքները, քանի որ նոյնիսկ մեղմօրէն չեք քննադատում բռնապետական հակումներ ունեցող Հայաստանի վարչապետին։ Աւելին, նրա հետ ամէն հանդիպման ընթացքում Դուք նրա առջեւ խոնարհւում եք եւ ժպտալով խոստանում աւելի շատ ֆինանսական եւ բարոյական  աջակցութեան ցուցաբերում։

Ձեր երկրների պատգամաւոր-ներկայացուցիչները վերջերս Ստրասբուրգում՝ Եւրախորհրդարանում, հօտընկայս ծափահարեցին անվերջ «ժողովրդավարութիւն» բառը կրկնող Հայաստանի բռնապետ — վարչապետին։ Աեօ՛, ժողովրդավարութիւն է, երբ բարձրաստիճան պաշտօնեան թքում է քաղաքացու դէմքին։Ժողովրդավարութիւն է, երբ քարոզարշաւի ընթացքում, վարչապետը մուրճով սպառնում է ընդդիմադիրներին կամ խոստանում, ասֆալտ ուտեցնել։ Բոլոր ծափահարողները հիանալի գիտակցում են, որ վարչապետը հեռու է ժողովրդավարական արժէքներից, բայց․․․ ցինիկաբար հռհռում են հայ ժողովրդի վրայ։ Ահա եւ Ձեզ արեւմտեան արժէքներ։ Եւ հէնց Դուք եւ Ձեր իշխանութիւններն են վարկաբեկում այդ արժէքները, ինչպէս միջնադարում, քրիստոնեական արժէքների անուան տակ, զբաղւում էիք ինկուիզիցիայով, վհուկների որսով, խաչակրաց արշաւանքներով,գաղութատիրութեամբ։

Ձեր կողմից միակ հակադարձումը, կարող է լինել, այն հարցը, թէ այդ դէպքում, մենք՝ հայ ժողովուրդն ինչպե՞ս է հանդուրժում նման իշխանութեանը եւ ինչու՞ 2021թ․ նորից ընտրեց նրան։ Նախ, 2021թ․ ընտրութիւնների մասին։ Իսկ Ձեզ յայտնի՞ է, արդյօք, որեւէ ոչ ժողովրդավարական երկիր, որտեղ ընտրութիւններով փոխւում է իշխանութիւնը, գուցէ Ձեր մերձաւոր գործընկեր Ադրբեջա՞նը։ Նոյն Ձեր շահերից ելնելով, 2021թ․ ընտրութիւնների ժամանակ, Դուք եւ Ձեր դիտորդները «չնկատեցիք» ահռելի վարչական ռեսուրսը, քրէական հետապնդումները, զինուորականների ուղղորդուած քուէարկութիւնը եւ այդ ֆարսը համարեցիք «արդար եւ ազատ»։ Այնուամենանիւ, այս հարցում, Ձեզ հետ համաձայն եմ։ Նման ղեկավար ունենալ եւ շարունակել նրան հանդուրժել, առաջին հերթին մեր՝ հայ ժողովրդի ամօթն է եւ պէտք չէ մեղադրել այլ երկրների։

Վերջացնելով բաց նամակը, արձանագրենք, որ Դուք, Ձեր պահուածքով վերջնականապէս վարկաբեկում եք ժողովրդավարութիւն, իրաւական պետութիւն, մարդու իրաւունքներ, կոչուող արեւմտեան արժէքները եւ այլեւս ինչ իշխանութիւն էլ գայ Հայաստանում, Դուք իրաւունք չեք ունենալու նրանց քննադատել եւ նրանցից  ժողովրդավարութիւն պահանջել։

Առանց պատասխանի ակնկալիքի, յարգանքներով՝

Հայաստանի հելսինկեան կոմիտէի նախագահ

 Աւետիք Իշխանեան

Հ․Գ․Սոյն բաց նամակն, անգլերեն թարգմանութեամբ, ուղարկուել է բոլոր հասցէատէր-դեսպաններին։

Ստորեւ ներկայացուած են նամակում նշուած դէպքերը։

https://armhels.com/wp-content/uploads/2019/03/Ditord-2019arm_Ditord-2019arm-2.pdf

https://armhels.com/wp-content/uploads/2020/02/Ditord-2020arm_Ditord-2019arm-5.pdf

https://armhels.com/wp-content/uploads/2021/03/Ditord-2020-Arm.pdf

https://armhels.com/wp-content/uploads/2023/05/%D4%B4%D5%AB%D5%BF%D5%B8%D6%80%D5%A4-2022.pdf

https://armhels.com/wp-content/uploads/2022/02/Ditord-2021_arm.jpg

https://armhels.com/wp-content/uploads/2023/07/%D4%B4%D5%AB%D5%BF%D5%B8%D6%80%D5%A4-2023-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9-%D5%A6%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-2.pdf

Share