Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Ո՞րն է նորմալ Ազգային ժողովը. կայ կայուն մեծամասնութիւն, կայ ընդդիմութիւն, որը սուր ելոյթներ է ունենում, լաւ հարցեր է տալիս, դրանք դուր են գալիս հանրութեան մի մասին ու երեւի՝ «առաջնորդներին», յետոյ մեծամասնութիւնն է նոյնը անում՝ ելոյթներ, մեղադրանքներ, որոնք դուր են գալիս հանրութեան մի այլ մասի ու իրենց «առաջնորդին», յետոյ՝ քուէարկութիւններ, ու ցրւում են տներով։ Սա լրիւ նորմալ է, նորմալ պետութիւններում։
Ո՞րն է նորմալ հասարակական մթնոլորտը. սովորական առօրեայ, ամենօրեայ հոգսեր, աշխատանք, համերգ, ռեստորան, ծնունդ, կնունք՝ մանր-մունր ուրախութիւն-տխրութիւն։ Ձեռի հետ՝ ինչ է կատարւում, ինչ է լինելու, բա Նիկոլը, բա նախկինների ժամանակ, բա …, ուրախ-զուարթ հեռուստաեթերներ։ Սա լրիւ նորմալ է, նորմալ պետութիւններում։
Ո՞րն է նորմալ կրթամշակութային էլիտայի պահուածքը. ստեղծագործել, կրթել, դասախօսութիւններ կարդալ, համերգ տալ եւ այլն։ Սա լրիւ նորմալ է, նորմալ պետութիւններում։
Այստեղ մի հարց է ծագում. կարո՞ղ է մենք չենք կորցրել Արցախը, կարո՞ղ է դա սուտ է, կարո՞ղ է մենք չենք սեպտեմբերի 19-20 տուել 200-ից աւել զոհեր, որոնց անունները ոչ գիտենք, ոչ էլ ուզում ենք իմանալ, կարո՞ղ է սեպտեմբերի 26-ին բենզապահեստի պայթիւնի հետեւանքով չենք տուել հարիւրաւոր զոհեր, որոնց մեծ մասի մարմիններն այդպէս էլ չէն գտնուել, ու հարիւրաւորները զրկուել են իրենց տղաներից, ամուսիններից, հայրերից, մենք չե՞նք զրկուել մեր շքեղ քաղաքներից, գիւղերից, որտեղ հազար տարի ապրել ենք, կարո՞ղ է մենք չենք կորցրել ու այս պահին չէն պղծում մեր Ամարասը, Գանձասարը, մեր գերեզմանները, կարո՞ղ է մեր բանտերում չէն մի քանի տասնեակ մեր ընկերները՝ որպէս քաղբանտարկեալ, կարո՞ղ է մեր պետական գործիչները, հրամանատարները չէն Բաքուի բանտերում, ու կարո՞ղ է մենք հիմա ամենաստորացուած ու անարժանապատիւ ազգերից մէկը չենք աշխարհում։ Սփիւռքը նոյնպէս անհասկանալի ՆՈՐՄԱԼԻ մէջ է, թէպէտ վտանգները շատ արագ հասնելու են նաեւ իրենց. նոյն Ռուսաստանի հետ յարաբերութիւնների վտանգաւոր սրման հետեւանքով մոսկուաներում հայ մեծահարուստներին ու ազդեցիկներին շուտով ասելու են՝ դուք նստեք ալեքպերովներից ու նիսանովներից մի 5 շարք այն կողմ՝ ձեր տեղն այնտեղ է, ինչպէս ժամանակին վրացիք հայերի համար առանձնացնում էին գնացքի վերջին վագոնը՝ «ուգանաւագոնշին»։
Մենք կեանքը, մեր իրականութիւնն այսօր ԱՆՆՈՐՄԱԼՈՒԹՅՈՒՆ է, բայց ամօթը դա չէ, աղէտը դա չէ. շատ երկրներ են եղել աննորմալ վիճակներում, բայց նորմալ վարքագծով յաղթահարել են այդ փուլերը։ Ամոթն ու աղէտն այն է, որ ԱՆՆՈՐՄԱԼ պայմաններում մենք ուզում ենք դրսեւորել ՆՈՐՄԱԼ վարքագիծ։
Ստեղծուած պայմաններում ամէն ինչ այլ պէտք է լինէր՝ եւ´ խորհրդարանը, եւ´ քաղաքական կեանքը, եւ´ հանրային մթնոլորտը, եւ´ հեռուստաեթերը. ամէն ինչ պէտք է այլ լինէր, որ մենք հեռանկար ունենայինք։ Այս վիճակը շահեկան է իշխանութեան համար, որը բոլոր աղէտներից յետոյ ու պոտենցիալ աղէտներից առաջ ուզում է ունենալ կայուն կառավարելի վիճակ։
Մեր պետական մտածողութեան նշաձողը յանգել է սոցիալական աջակցութիւն կազմակերպելուն, որը իսկապէս անում ենք անկեղծ ու լաւ, պատերազմի ժամանակ՝ ազգովի ցանց գործելուն, հիմա էլ ազգովի սպասում ենք Ֆրանսիայից միֆական ռադարներների գալուն, որ փրկուենք։
Չզարմանաք, որ երկրի կէսը կորցնելուց ու պայմանագիրը ստորագրելուց յետոյ Նիկոլը գնայ արտահերթ ընտրութիւնների ու յաղթի։ Իսկ կարող է յաղթել, որովհետեւ դիմացը մեծ բացակայութիւն է։
Ընդհանրապէս մեր ընթացիկ կեանքը եւ մեր 30-ամեայ պետականութիւնը մի մեծ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Է թւում։
Դադարեցնել է պէտք ԱՅԼԱՍԵՐՎԱԾ ՆՈՐՄԱԼՈՒԹՅԱՆ մէջ ապրելը, դա կը բերի նոր աղէտի։ Մեր խնդիրը ճիշտ գաղափարներով մեր ազգային բացակայութիւնը լցնելն է։
Վերջը ո՞վ ենք մենք, ո՞վ ենք եղել մենք մինչեւ աղէտը, եւ ո՞վ ենք լինելու հեռանկարում։ Ո՞րն է մեր պայքարի բովանդակութիւնը, ո՞րն է լինելու մեր ազգային առանցքը, սուպերիդեան, հայկականութեան սահմանումը եւ այլն։ Սրանք կարեւորագոյն հարցեր են, որոնք որոշելու են մեր ապագան։ Եւ վստահ եմ, որ մենք ունենք ռեսուրս՝ խելքի գալու, պատասխանելու ամենադժուար հարցերին ու լինելու արժանապատիւ հայ։