Նման դասագիրք հրատարակելու համար այդ նախարարը՝ իր ողջ անձնակազմով պետք է հրաժարական տար

Նման դասագիրք հրատարակելու համար այդ նախարարը՝ իր ողջ անձնակազմով պետք է հրաժարական տար

Ովքե՞ր են իրենք, որ մեր արժեհամակարգը դրել են հարուածի տակ

Հայկազուն Ալվրցեան

Որեւէ պետութիւն չի կարող գոյութիւն ունենալ՝ առանց ազգային, հայրենասիրական շաղախի գաղափարախօսական հէնքի, չի կարող լինել հէնց այնպէս պետութիւն։

«Փաստինֆոյի» հետ զրոյցում ասաց «Արեւմտահաեօց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն»-ի տնօրէն, հայագէտ Հայկազուն Ալվրցեանն՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Ժաննայ Անդրէասեանի յայտարարութեանը, թէ իրենց նպատակը արժեաբանական փոփոխութիւններ են, որտեղ բացակայում է «հուռայ հայրենասիրութիւնն» ու պաթոսը։ Աւելին, խորհուրդ էր տուել համակերպուել 7-րդ դասարանի պատմութեան դասագրքում առկայ բովանդակային փոփոխութիւնների հետ։

«Պետութիւնները լինում են մի ժողովուրդի, ազգի անունով, բայց դրանք նոյնպէս ազգային գաղափարախօսութեան վրայ են հէնում՝ իրենց հիմնարար փաստաթղթերը՝ լինի Սահմանադրութիւն, թէ Հռչակագիր, այդ թւում՝ նաեւ կրթական ծրագրերը։

Ուզում եմ հասկանալ, երբ այդ նախարարն ասում է՝ «մենք», նա ո՞ւմ նկատի ունի։ Այդ դասագիրքը ստեղծել է մի մարդ, որը հայ ժողովրդի պատմութեան մասնագէտ չէ, այլ ընդհանուր պատմութեան մասնագէտ է, անգամ դոկտոր էլ չէ, գիտութիւնների թեկնածու է։ Այսինքն, նա նաեւ գիտական փորձառութեան պակաս ունի։ Աւելին, գիրքը խմբագրել է նրա կինը, նաեւ որպէս բանասէր պէտք է ասեմ՝ խմբագրութիւնն էլ պատշաճ մակարդակով չի կատարուել։

Ո՞ւմ նկատի ունէի այդ նախարարը։ Իրե՞ն։

Այդ դասագիրքը չունի հեղինակների ու մասնագէտների խումբ, մէկ հեղինակ է ու մէկ նախարար, որը եւս պատմաբան չէ։ Ուրեմն՝ ովքե՞ր են իրենք, որ որոշում են, թէ որն է հայ ժողովրդի արժեհամակարգը , իրենք ինչ են հասկանում պետութիւնից։ Նրանք մեր պետութիւնն այդ դասագրքով դրել են հարուածի տակ իրենց անհեթեթ քարտէզներով , կասկածելի եզրակացութիւններով։

Այդ դասագրքում անգամ էսպիսի ձեւակերպում կայ. «հայ ժողովրդի ենթադրեալ ձեւաւորման տարածք»։ Հասկանալի է չէ՞, թէ սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ իրենք հայ ժողովրդին իրենց անհեթեթ դասագրքում եկուոր են համարում։

Դրանում բազում աղաղակող սխալներ կան, մէտեցումներ կան։ Դասագիրքը յօդուածի նման մի հեղինակի վստահելը ծիծաղաշարժ է ու վտանգաւոր»։

Հայագէտի արձանագրմամբ՝ դասագրքում մեր պետութեան գաղափարն իսկ, մեր պատմական նուաճումների, պատմական գործիչների հեղինակութիւնն ամբողջութեամբ դրել են հարուածի ու կասկածի տակ։

«Դասագրքում բազմաթիւ օտար դէմքեր են՝ կենսագրութիւններով, մենաբանութիւններով, փոխարէնը փորձեք գտնել, թէ քանի՞ միջնադարեան հայ հեղինակների նկարներ կան, նրանց կենսագրութիւնը բացակայում է։ Այդ դասագիրքը խայտառակութիւն է։ Ես նոյնիսկ կարծում եմ, որ այդ դասագիրքը ուղղումներով հնարաւոր չէ կարգի բերել, այդ դասագրքի կոնցեպտն ու մէտեցումն է սխալ»,- նշել է կենտրոնի ղեկավարը։

Ալվրցեանի դիտարկմամբ՝ այդ դասագրքում խնդիր դրուած չէ ցոյց տալու մեր պատմութիւնը՝ իր ձեւաւոման շրջանից մինչեւ մեր օրերը, դրանում անընդհատ կասկածներ են հնչում մեր պատմութեան, մեր անցեալի, մեր բնիկութեան հետ կապուած։ «Աւելի շատ հնչում են շեշտադրումներ մեր եկուորութեան, մեր կասկածելի անցեալի, մեր տարածքների ամբողջականութեան վերաբերեալ։ էլ չեմ ասում՝ խայտառակ քարտէզներ են տեղադրուած՝ առանց յղումների, առանց հեղինակների։

Սա խուժանութիւն ու աճպարարութիւն է, ազգային մեր գաղափարախօսութիւնը ոչնչացնելու եղանակ։

Նոյն մօտեցումն ունէր Նիկոլ Փաշինեանը մեր բլոր ազգային նուաճումների, հերոսների, ազգային արժէքների ու դէմքերի նկատմամբ, որոնք անընդհատ կասկածի տակ էր դնում, ծաղրում։

Իրենց վարչապետը չէ՞ր գրել՝ մենք ի՞նչ ունենք, մի հաւաբուն եւ մի քանի քարկտիկ՝ նկատի ունենալով Գառնիի տաճարն ու Զորաց քարերը։ Դա նշանակում է, որ այդ տգիտութիւնն ու անգրագիտութիւնը խրախուսւում է իրենց բոլոր գործողութիւններում, բնականաբար, նաեւ դասագրքերում»։

Հայագէտն ընդգծեց՝ նման դասագիրք հրատարակելու համար այդ նախարարը՝ իր ողջ անձնակազմով պէտք է հրաժարական տար։

«Նրանք մէզ ներարկում են ապազգային արժեհամակարգ, որը կոչւում է լիբերալիզմ, որը խարսխուած է նիւթական արժէքների վրայ, նրանց փիլիսոփայութիւնը վաղուց յայտնի է՝ լաւ ապրել։ Ընդ որում՝ իրենք չէն էլ բացատրում՝ ինչ նկատի ունեն «լաւ ապրել» ասելով։

Գործնականում ակնյայտ է, որ իրենք լաւ ապրել ասելով նկատի ունեն ուտել-խմելը, լաւ հարուստ տներում ապրելը՝ անգամ, եթէ ողջ ազգը փոթորիկների ու աղէտների մէջ լինի։ Նրանք հէնց այդպէս էլ հիմա անում են։

Իմաստաւորուած ապրելը, հանուն հայրենիքի, ստեղծագործ կեանքով ապրելը, երկիրը փրկելը, թենամու դէմ պաշտպանիչ շերտ կամ բանակ ստեղծելն իրենց համար լաւ ապրել չէ։

Նրանք խնդիր են դրել կասկածներ արթնացնել երեխաների մէջ՝ բարոյականութեան, հոգեւոր, մշակութային արժէքների նկատմամբ եւ մղում են դէպի նիւթապաշտական աշխարհահայեցողութիւն։ Սա է նրանց ասած՝ նոր արժեբանական փոփոխութիւնը»։

Share