«Երկիր»
Այս օրերին գրեթէ ամէն օր խօսւում է մեծ աղմուկ հանած մի խնդրի՝ հաեօց պատմութեան 7-րդ դասարանի նոր դասագրքում տեղ գտած վրիպակների, անճշտութիւնների ու շատ վտանգաւոր կեղծարարութիւնների մասին: Այդ ամէնի մասին ահազանգել են պատմաբաններ, պատմութեան այս կամ այն ժամանակաշրջանի լաւագոյն ներկայացուցիչները, համացանցում բազմաթիւ քաղաքացիներ, ուսուցիչներ հանդէս են գալիս բազմաթիւ նախաձեռնութիւններով, կոչ անում մերժել դասագիրքն ու այն նետել աղբանոց:
Yerkir.am-ը պարզել է նաեւ մի հետաքրքիր իրողութիւն. դասագրքի խմբագիր բ.գ.թ., դոցենտ Մարիամ Կարապետեանը նոյն դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսեանի կինն է: Ամուսինը գրել է, կինը՝ խմբագրել: Փաստենք, որ երկուստեք ճիշտ են վարուել: Ճիշտ են վարուել նաեւ դասագիրքը ստեղծող «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի նախագծի ղեկավար սորոսական Վահրամ Սողոմոնեանն ու ԿԳՄՍ նախարար սորոսական Ժաննա Անդրէասեանը, քանզի այդ վրիպակներով, անճշտութիւններով ու կեղծարարութիւններով լի «դասագիրքը» ում էլ տային խմբագրելու՝ կշպրտեին երեսներին: Ի դէպ, 2016-2018 թթ. Սորոսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացած Վահրամ Սողոմոնեանը, ով Փաշինեանի պետականակործան իշխանութեան օրօք հասկանալիօրէն դարձել է կրթութեան ոլորտի թելադրող, իր էջում, ի թիւս այլոց, շնորհակալութիւն է յայտնել տէր Սմբատ Հովհաննիսեանին ու տիկին Մարիամ Կարապետեանին՝ «անհաւանական աշխատանքի համար»:
Իսկ եթէ հաշուի առնենք, թէ որքան գումարներ են յատկացուել նշեալ դասագիրք կոչուածի համար, ու դրանից որքան է յատկացուել հեղինակին ու խմբագրին, ապա կը հաստատուի ժողովրդական յայտնի խօսքը՝ աւել փողը փոր չի ծակի: Իսկ թէ ինչի հաշուին են ստացել այդ փողը մարդուկնիկ՝ դա արդէն այլ քննարկման խնդիր է:
Վ. Ս.