Ի՞նչ յայտարարութիւն է ընդունուել Իրանում «3+3» ձեւաչափով հանդիպման արդիւնքում

Ի՞նչ յայտարարութիւն է ընդունուել Իրանում «3+3» ձեւաչափով հանդիպման արդիւնքում

Հրապարակուել է Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ յայտարարութիւնը, որն ընդունուել է Թեհրանում կայացած «3+3» ձեւաչափով հանդիպման արդիւնքում։

Ինչպէս յայտնում է Իրանի արտգործնախարարութիւնը, պաշտօնեաները 9 կէտից բաղկացած յայտարարութիւն են ընդունել։

Լուսանկարներ՝ ԻՌՆԱ

1. Հաշուի առնելով երկրների միջեւ փոխադարձ շահերի եւ բարիդրացիութեան վրայ հիմնուած բարեկամական յարաբերութիւնների զարգացման կարեւորութիւնը՝ նախարարներն ընդգծել են վէճերի խաղաղ կարգաւորման, ինքնիշխանութեան, քաղաքական անկախութեան, տարածքային ամբողջականութեան, միջազգայնօրէն ճանաչուած սահմանների անխախտելիութեան, անձեռնմխելիութեան եւ ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման կարեւորութիւնը եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան բոլոր սկզբունքների հիման վրայ մարդու իրաւունքները յարգելու կարեւորութիւնը։

2. Արտայայտելով իրենց տեսակէտները միջազգային տարբեր խնդիրների վերաբերեալ՝ քննարկուել են տարածաշրջանի առաւել կարեւոր խնդիրները եւ ընդգծուել այնպիսի հարթակների կարեւորութիւնը, ինչպիսին է «3+3» խորհրդակցական տարածաշրջանային հարթակը՝ տարածաշրջանի երկրների միջեւ կառուցողական երկխօսութեան եւ փոխշայաւէտ համագործակցութեան հաստատման հնարաւորութիւններ ընձեռելու գործում:

3. Ընդգծուել է տնտեսական համագործակցութեան դրական ազդեցութիւնը փոխվստահութեան, ժողովուրդների բարեկեցութեան եւ տարածաշրջանի կայունութեան ամրապնդման վրայ։

4. Կարեւորուել է մշակութային համագործակցութիւնը, մարդկանց միջեւ շփումները եւ համատեղ ծրագրերը կրթութեան, գիտութեան, զբօսաշրջութեան, մշակոյթի եւ սպորտի ոլորտներում:

5. Տարածաշրջանի կայուն խաղաղութեան եւ տնտեսական զարգացման ամրապնդման նպատակով երկրները կամրապնդէն երկկողմ եւ բազմակողմ խորհրդակցութիւններն ու փոխգործակցութիւնը:

6. Նախարարները ողջունում են տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման եւ զարգացման շարունակական գործընթացները:

7. Դրական գնահատելով հանդիպման արդիւնքները՝ նրանք հաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի իրաւահաւասար մասնակցութեան համար։

8. Նախարարները մտքեր են փոխանակել նաեւ Գազայի հատուածում տիրող իրավիճակի վերաբերեալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց վրայ յարձակումներն անյապաղ դադարեցնելու անհրաժեշտութիւնը։

9. Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ ՌԴ արտգործնախարարները շնորհակալութիւն են յայտնել Իրանի արտգործնախարարին ընդունելութեան եւ այս հանդիպումն անցկացնելու համար:

Նախարարները պայմանաւորուել են յաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում։

Յիշեցնենք` այսօր Թեհրանում «3+3» ձեւաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել։ Ձեւաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի մասնակցութիւնը, սակայն Թբիլիսին յայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնութեանը։

Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թուականի դեկտեմբերին Մոսկուայում, բայց ոչ թէ նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։

Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարաւորութիւնն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։

alphanews

Share