Ինչ է ակնկալում արցախեան կողմը Փաշինեան-Շահրամանեան հանդիպումից

Ինչ է ակնկալում արցախեան կողմը Փաշինեան-Շահրամանեան հանդիպումից

«Հրապարակ»

Լուսինէ Շահուերդեան

Արցախի իշխանութեան բարձրագոյն ներկայացուցիչների` Երեւան տեղափոխուելուց անցել է արդէն երկու շաբաթ։ Եւ չնայած լուրերին, որ վտարանդի կառավարութիւնն ու նախագահ Սամուել Շահրամանեանն ամենօրեայ շփումներ են ունենում, հաւաքւում են Հայաստանում Արցախի ներկայացուցչութիւնում ու տարբեր խորհրդակցութիւններ անցկացնում՝ տեղահանուածների սոցիալ-հումանիտար խնդիրների թեմայից սկսած, վերջացրած քաղաքական, անգամ լուրեր կան, որ Շահրամանեանը պայքարի պատրաստուելու կոչ է արել, սակայն Արցախի բարձրաստիճան այրերը շարունակում են լռութիւն պահպանել, մէկ-երկու բացառութիւնները չհաշուած, նրանք անգամ չէն խօսում իրենց աշխատավարձերի թեմայից, որ ՀՀ կառավարութիւնը չի ցանկանում այլեւս տրամադրել։ 

Ինչո՞վ է պայմանաւորուած այս լռութիւնը։ Պարզւում է՝ Արցախի քաղաքական էլիտան սպասողական վիճակում է, Հայաստան տեղափոխուելուց յետոյ Նիկոլ Փաշինեանի կաբինետի ներկայացուցիչը` փոխուարչապետ Տիգրան Խաչատրեանը, նրանց փոխանցել է առաջիկայ համագործակցութեան եւ Շահրամանեան-Փաշինեան հնարաւոր հանդիպման մասին՝ նշելով, որ կողմերը պէտք է հանգամանալից քննարկէն տեղահանուածների խնդիրները եւ լծուէն դրանց լուծմանը։ Արդէն երկու շաբաթ է, սակայն այդ հանդիպումը տեղի չի ունենում, արցախեան կողմի ճշգրտումներին ի պատասխան էլ, թէ երբ կը լինի հանդիպումը, յստակ ժամկէտներ չէն նշւում։
Այս անորոշութեան պատճառով է, որ Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանը, չնայած իր դէմ իշխանական յարձակումներին, շարունակում է լռել՝ փաստացի ընդունելով իրեն հասցէագրուած բոլոր մեղադրանքները, որ Արցախը յանձնել է ինքը՝ 17 օրուայ նախագահը, եւ իր արցախեան ու հայաստանեան սատարողներն ու անգամ` շնորհաւորողները։ 

Մեզ պատմեցին, որ Արցախի ներկայացուցչութիւնում տեղի ունեցող հանդիպումներին ԱՀ պատգամաւորներից ու կառավարութեան անդամներից ոմանք Շահրամանեանին յորդորել են՝ անկախ հանդիպումից, հանդէս գալ յայտարարութեամբ՝ հնչեցնելով սեփական մօտեցումներն ու տեսակէտները կատարուածի եւ ապագայի վերաբերեալ։ Սակայն Շահրամանեանը չի ցանկանում ռիսկի գնալ եւ կարծում է, որ այս գործը հանգիստ է սիրում, քանի դեռ իր եւ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը տեղի չի ունեցել, եւ կողմերը չէն յստակեցրել իրենց դիրքորոշումները, ապա մէկ ոտք շուտ յայտարարութիւն տալը կարող է նախ վնասել Բաքւում գտնուող ԱՀ նախկին քաղաքական եւ ռազմական լիդերներին, տեղահանուած արցախցիների սոցիալական խնդիրներն էլ կարող են օդից կախուած մնալ, եւ ուրիշ այլ հետեւանքներ կը լինէն։ Դիցուք, եթէ մինչեւ հանդիպումը ԱՀ ղեկավարութիւնը քննադատի ՀՀ իշխանութիւններին, որ պետական աջակցութիւնը բաւարար չէ առկայ իրողութեան պայմաններում, հանդիպման ժամանակ ՀՀ իշխանութիւնները կարող են նախատել, որ դեռ առաջին փուլն է, այլ քայլեր էլ են նախատեսւում, այսպիսով յարաբերութիւնները գնան այլ հունով։

Մեծ հաշուով՝ ինչ է ակնկալում արցախեան կողմը Փաշինեան-Շահրամանեան հանդիպումից, որը, ըստ էութեան, կարող է արցախցիների յետագայ դիրքորոշման վրայ ազդեցութիւն ունենալ։ Մեզ ասացին, որ այս ընթացքում ԱՀ ղեկավարութիւնը հաւաքել ու գոյքագրել է խնդիրներն ու ակնկալիքները, որը պէտք է ներկայացնի Հայաստանի իշխանութիւններին՝ Նիկոլ Փաշինեանին, եւ դրանցից ամենաառանցքայինները թուարկեցին։

Առաջինը տեղահանուածների սոցիալական խնդիրներն են՝ արդյօք Հայաստանի իշխանութիւնները բաւարարուելո՞ւ են մի քանի ամսուայ դրամական աջակցութեամբ, միանուագ 100 հազարներով եւ, դիցուք, չե՞ն պատրաստւում Հայաստանում մնացող արցախցիների բնակարանային խնդիրը լուծել, ընդ որում՝ ոչ հեռաւոր ապագայում։ Այս հարցը, կարելի է ասել, ամենակարեւորն է, քանի որ արցախցիներն արդէն հասկանում են, որ Հայաստանում չէն կարող վարձով երկար ապրել, կայ՛մ պէտք է հեռանան, կայ՛մ դուրս գան իշխանութիւնների դէմ, բողոքի ակցիաներ անէն՝ պահանջելով իրենց ապահովել բնակարաններով։ Ինչ վերաբերում է քաղաքական ակնկալիքներին, ապա Արցախի իշխանութեան մարմինների վերականգնման խնդիրն է առաջ տարուելու, դրան կը տան վտարանդի կառավարութիւն, թէ այլ անուն՝ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ չպէտք է ընդունել, որ կարելի է Արցախը լուծարել մի հրամանագրով եւ ուղարկել պատմութեան գիրկը, այլ Արցախի խնդիրն աշխարհի քաղաքական օրակարգում «պետութիւն՝ առանց տարածքի» հայեցակարգով պէտք է առաջ տանել եւ որեւէ պարագայում փակուած չհամարել Արցախի հարցը։

Եթէ ՀՀ իշխանութիւնները բաւարարէն այս երկու պահանջները, ապա Արցախի քաղաքական ղեկավարութիւնը տեղահանուածներին չի մոբիլիզացնի ընդդէմ ՀՀ իշխանութիւնների, իսկ եթէ ոչ, ապա Նիկոլ Փաշինեանին լաւ օրեր չէն սպասւում։

Ի դէպ, Փաշինեանն էլ իր հերթին ձեռքերը ծալած չի նստում եւ ԱՀ իշխանութիւնների դէմ պրոցեսներ է գեներացնում՝ արցախեան իր երբեմնի կամակատարների ձեռամբ։ Տեղեկութիւններ կան, որ Սամուել Բաբայանի նախաձեռնութեամբ այսօր Հայաստանում Արցախի ներկայացուցչութեան դիմաց արցախցիների մի խումբ բողոքի ակցիաներ է պատրաստւում իրականացնել եւ Սամուել Շահրամանեանից պահանջել՝ լուծել իրենց սոցիալական կարիքները, մօտաւորապէս այն ոճում, որ բիւջեն թալանել եք, այդ գումարները բաժանեք մէզ, կամ ՀՀ-ում սեփականութիւն ունեցող ԱՀ քաղաքական նախկին եւ ներկայ գործիչների անուններ կը հնչէն՝ առաջարկելով վաճառել «դիզածը» եւ բաժանել տնազուրկներին։


Share