Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը գոհունակութեամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները յստակ գնահատական են տւել Լեռնային Ղարաբաղում իրադրութեան վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետեւանք է ադրբեջանական զօրքերի շարժի: Այս մասին յայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Գրում է Yerkir.am-ը։
Ռուսաստանի Դաշնութեան պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարել է, թէ բանակային ստորաբաժանումները յետ քաշելու կոչ է յղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը հաղորդագրութիւն է տարածել, թէ ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատւածից:
Այսուհանդերձ, ստիպւած ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախմբի պատասխանատւութեան գօտի շարունակւում է, ինչը արտայայտւած է կից ներկայացւած քարտէզներում:
Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախումբը կոնկրետ միջոցներ կը ձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատւութեան գօտի դադարեցնելու եւ Ադրբեջանի զինւած ուժերը դուրս բերելու համար: Կարեւոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զօրախմբի գործողութիւնների պատշաճ քննութիւն տեղի ունենայ եւ տրւեն մի շարք հարցերի պատասխաններ:
Ծանօթագրութիւն կցւած քարտէզների.
Երկու քարտէզներում էլ ՌԴ խաղաղապահ զօրախմբի պատասխանատւութեան գօտու ուրւագիծը վերցւած է ՌԴ պաշտպանութեան նախարարութեան կայքէջից:
2022թ. մարտի 24-ի իրադրութիւնը նկարագրող քարտէզում յստակ երեւում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զօրախմբի պատասխանատւութեան գօտում ադրբեջանական յենակէտեր չկան:
2022թ. մարտի 28-ի առաւօտեան ժամը 09.00-ի իրադրութիւնը արտայայտող քարտէզում երեւում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զօրախմբի պատասխանատւութեան գօտում տեղադրւած են ադրբեջանական յենակէտեր:
«alikonline»