Ադրբեջանաթուրքական թեզերով համեմուած ՀՀ իշխանութիւնների դէմարշը չի կանգնեցնելու Հայ Դատի պայքարը

Ադրբեջանաթուրքական թեզերով համեմուած ՀՀ իշխանութիւնների դէմարշը չի կանգնեցնելու Հայ Դատի պայքարը

Օրերս Վաշինգտօնում կայացել է Հայ Դատի Ամերիկայի Միացեալ Նահանգների, Կանադայի, Հարաւային Ամերիկայի եւ Աւստրալիայի յանձնախմբերի խորհրդաժողովը՝ Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան շուրջ ստեղծուած իրավիճակում Հայ Դատի յանձնախմբերի մարտավարական առաջնահերթութիւնների վերանայման ու ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով։

Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանը հրապարակել է տեսանիւթ եւ ամփոփել երկօրեայ խորհրդաժողովի արդիւնքները.

Հայրենակիցներ,

Վաշինգտօնում երկու օր առաջ աւարտուեց Հայ Դատի Ամներիկայի Միացեալ Նահանգների, Կանադայի, Հաարաւային Ամերիկայի եւ Աւստրալիայի յանձնախմբերի խորհրդաժողովը, որը նպատակ ունէր Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւնների շուրջ ստեղծուած իրավիճակում մարտավարական վերանայման եւ քննարկման ենթարկել Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների աշխատանքները։ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը արդէն իսկ հանդէս է եկել այդ մասին ծաւալուն հաղորդագրութեամբ։

Խորհրդաժողովը, ի թիւս այլնի ընդգծել է, որ Հայ անկախ պետականութեան համար անհրաժեշտ արտաքին օժանդակութիւն ապահովելը եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեանը միջազգային քաղաքական եւ իրաւական պատասխանատուութեան ենթարկելը շարունակելու են մնալ Հայ Դատի յանձնախմբերի գործունէութեան կարեւորագոյն ուղղութիւններից։

Ինչպէս իւրաքանչիւր ազգային ուժ, Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները, կիսում են մեր ժողովրդի ցաւն ու վիշտը, ինչը սակայն երբեք չպէտք է վերածուի յուսահատութեան եւ անձնատուութեան։ Յուսահատութիւնը հիմա թերեւս ամենահեշտ բանն է, որ մենք կարող ենք անել, բայց հաւատացեք, դա կառաջնորդի դէպի անդարձ կորուստների ու շարունակական աղէտների նոր հանգրուանների։

Հեշտ չէ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքը, յատկապէս երբ այն խոչընդոտւում է ինչպէս թշնամական ուժերի, այնպէս էլ Հայաստանի իշխանութիւնների անհաւասարակշիռ եւ անմիտ յայտարարութիւնների միջոցով։ Այսօր, կարող է թուալ թէ իզուր էր տասնամեակների աշխատանքն ու ձեռքբերումները, բայց ոչ։ Մեր ժողովրդի հերոսական զաւակների պայքարի ու նաեւ Հայ Դատի համաշխարհային ցանցի աշխատանքի արդիւնքում էր, որ հայ ժողովուրդն ունէր հպարտութիւն, ազատագրուած հայրենիք, երկու անկախ պետականութիւն եւ արժանապատուութիւն։ Չլինէր այդ պայքարը չէինք ունենայ այն ինչ ունէինք, եւ նոյնիսկ այն, ինչ հիմա ունենք։ Հետեւաբար պայքարից հրաժարուելու իրաւունք չունի ազգային որեւէ ուժ։

Հայ Դատի համաշխարհային ցանցը՝ աշխարհի կարեւորագուն մայրաքաղաքներում, աւելի քան երեսուն երկրներում եւ հինգ մայրցամաքներում նոր թափով շարունակելու է իր աշխատանքը՝ աւելի բարդ կէտից, հոգեբանական աւելի դժուար իրավիճակում, միջազգային յարաբերութիւնների խիստ աննպաստ պայմաններում։ Սակայն, մենք չենք կարող նահանջել, չէ՛նք կարող նահանջել ու տեսնել թէ ինչպէս է այլ պետութիւններում բարձրանում ադրբեջանաթուրքական ազդեցութիւնը, չենք կարող նահանջել ու հրաժարուել մեր ձեռքբերումներից, չենք կարող թողնել պայքարի մէզ վստահուած դաշտը, չենք կարող նահանջել երբ թիկունքում չունենք Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների թեկուզ բարոյական աջակցութիւնը, այլ ընդհակառակը, երբ վերջիններիս կողմից Հայ Դատի համակարգի նկատմամբ սանձազերծուել է ցինիկ եւ ադրբեջանաթուրքական թեզերով համեմուած դէմարշ։

Հայ Դատը գաղափարների ամբողջութիւն եւ շուրջ 80 տարուայ պատմութիւն ունեցող միջազգային ուրոյն ցանցային կառոյց լինելուց բացի նաեւ մտածողութեան որոշակի ձեւ է, որը ձգտում է հանրային դիւանագիտութեան գործիքակազմով նպաստել միջազգային քաղաքական այնպիսի իրավիճակի ձեւաւորմանը, որը յետագայում, միջազգային յարաբերութիւնների ներկայ վիճակի փոփոխութեան պարագայում, մէզ կարող է հնարաւորութիւն տալ ի շահ մէզ օգտագործել այդ փոփոխութիւնները։ Իսկ որ միջազգային քաղաքական գործընթացների բնոյթը ենթակայ է պարբերական փոփոխութիւնների, դա արդէն պատմաքաղաքական փաստ է։ Մենք շարունակում ենք պայքարը մէ՛զ վստահուած դաշտում եւ չէ՛նք համակարպուելու այն իրավիճակի հետ, որին մէզ ստիպում են համակերպուել։

Share