ՀՕՄ Արեւմտեան շրջանը 150 հազար դոլար է յատկացրել արցախցիների կարիքների համար. Ժարմէն Միրզախանեան

ՀՕՄ Արեւմտեան շրջանը 150 հազար դոլար է յատկացրել արցախցիների կարիքների համար. Ժարմէն Միրզախանեան

Հայ օգնութեան միութեան աջակցութեամբ՝ 150 հազար դոլար է հաւաքուել եւ ուղարկուել բռնի տեղահանուած արցախցիներին: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՕՄ Արեւմտեան շրջանի փոխատենապետ Ժարմէն Միրզախանեանը:

«Կարճ ժամանակամիջոցում բաւականին լուրջ արդիւնքներ գրանցեցինք: Մեր Արեւմտեան շրջանը անմիջապէս 150 հազար դոլար ուղարկեց արցախահայերին: Վերջին տուեալներով՝ մօտ 1400 ընտանիք է տեղաւորուել, 2 000 տօննայից աւելի սննդամթերք, հագուստ, հիգիենայի պարագաներ են ուղարկուել արցախահայերին»,- ասել է Միրզախանեանը:

Նրա փոխանցմամբ՝ սոցցանցերում էլ դրամահաւաքներ են կազմակերպում: Մեր զրուցակիցը յորդորում է բոլորին միանալ նախաձեռնութեանը. «Հայ օգնութեան միութիւնը 115 տարիների պատմութիւն ունեցող կազմակերպութիւն է: Միշտ պատրաստ է եղել օգնութեան ձեռք մեկնել մեր աշխարհասփիւռ հայութեանը, այն հային, որ դրա կարիքն ունի: Հայ օգնութեան միութեան ներկայացուցինչերն այսօր առաջիններից էին, որ մեկնեցին Գորիս՝ դիմաւորելու մեր բռնագաղթուած արցախահայերին:

Այնքան դաժան է տեսարանը եւ, ընդհանրապէս, ինչ կատարւում է, հոգեբանական ծանր ապրումներ ենք ունենում՝ դա տեսնելով: Հեշտ չէ կարողանալ աշխատանքի լծուել ու օգնել ժողովրդին:

Այս 2 շաբաթուայ ընթացքում բաւականին աշխատանք է կատարուել, եւ մենք այստեղ ձեռքներս ծալած չենք նստել, աշխատում ենք, դրամահաւաք ենք կազմակերպում, արդէն սոցցանցերով պտտւում են՝ ինչպէս գումար նուիրաբերել: Ինչ անում ենք, մի կաթիլ է ծովի մէջ: Բայց մեր չափով մեր հայրենակիցներին փորձում ենք օգնել»,- եզրափակել է Ժարմէն Միրզախանեանը:

Share