Հայ Դատի ԱՄՆ Արեւելեան ափի յանձնախմբրի կազմակերպմամբ` հոկտեմբերի 7-ին Բոստոնում կայացել է երեկոյթ եւ դրամահաւաք՝ ի պաշտպանութիւն Արցախի եւ բռնի տեղահանուած արցախցիների։ Հայ դատի տեղի յանձնախմբի համար նման ձեռնարկների կազմակերկումը իւրաքանչիւր տարուայ աշնանը ընդունուած երեւոյթ է, որի ժամանակ նաեւ պարգեւատրւում են անցնող տարուայ ընթացքում Հայ դատի պաշտպանութեան գործում կարեւոր դերակատարութիւն ունեցած անձինք։ Հասկանալի պատճառներով, այս տարուայ ձեռնարկը զուրկ էր տօնական մթնոլորտից։
Հոկտեմբերի 7-ի միջոցառման ժամանակ եզրափակիչ խօսք է ասել Հայ Դատի Ամերիկայի Յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը` խիստ կշտաբանքի ենթարկելով Արցախի վերաբերեալ ԱՄՆ քաղաքականութիւնը։ Ելոյթի ամերիկեան քաղաքականութեանը վերաբերող հատուածը ներկայացնում ենք թարգմանաբար։
«Ես կ’ուզէնայի ստոյգ լինել այստեղ՝ Ամերիկայի քաղաքականութիւնը Արցախի հարցում եղել եւ է ե՛ւ ստոր, ե՛ւ կոռումպացուած: Թոյլ տուէք բացատրել, թէ ինչու:
Դեռեւս 2018 եւ 2019 թուականներին նախագահ Թրամփի այն ժամանակուայ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթօնը սկսեց Կովկասում ԱՄՆ արտաքին քաղաքականութեան վերագնահատումը` յատուկ կենտրոնանալով Արցախի վրայ:
Որպէս այս վերանայման մի մաս, փոխգնդապետ Էնթօնի Վինդմանը, ով աշխատում էր Բոլթօնի օրօք Ազգային անվտանգութեան խորհրդում, հրաւիրեց հայ բարձրաստիճան դիւանագէտին Սպիտակ տուն՝ յայտնելու, որ Հայաստանը պէտք է պատրաստի իր բնակչութեանը խաղաղութեան: Պարզ անգլերենով` բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելը եւ մասնաւորապէս Արցախի ժողովրդին խաղաղութեան նախապատրաստելը Արցախն Ադրբեջանին ինտեգրելու ծածկագիր էր: Փաստօրէն՝ մահուան որդեր Արցախի բնիկ հայերի համար։
Թրամփի վարչակազմը հաստատեց իր մահապատժի դատաւճիռը՝ տասնեակ միլիոնաւոր դոլարների ռազմական օգնութիւն ուղարկելով Ադրբեջան եւ դադարեցնելով ԱՄՆ-ի մարդասիրական օգնութիւնը Արցախին, նոյնիսկ երբ Ալիեւը բացայայտ յայտարարեց Արցախը ոչնչացնելու իր ծրագրերի մասին: Այն ժամանակ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին, ցաւօք, բայց ոչ զարմանալի, յատկապէս ոգեւորուած էր այս ջանքերում:
Այն, ինչ սկսուեց որպէս նոր քաղաքականութիւն Արցախի նկատմամբ, իրականում՝ Արցախի դէմ, Թրամփի վարչակազմի օրօք շարունակուեց եւ բարդացաւ Բայդենի վարչակազմի օրօք, նոյնիսկ 2020 թուականին Ադրբեջանի 44-օրեայ պատերազմից յետոյ։
Բաքուի ագրեսիայից յետոյ նախագահ Բայդէնը երկու անգամ հրաժարուեց 907-րդ յօդուածից՝ շարունակելով ամերիկեան ուղղակի ռազմական օգնութիւն տրամադրել Ադրբեջանին: Նրա պէտքարտուղար Էնթօնի Բլինկէնը եւ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջեյք Սալիւանն էլ աւելի խորացրեցին կապերը Ալիեւի ռեժիմի հետ՝ քաջ գիտակցելով նրա ցեղասպանական մտադրութիւնները՝ որպէս ցինիկ աշխարհաքաղաքական խաղերի եւ նաւթային կոռումպացուած քաղաքականութեան մաս: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան ղեկավար Սամանթայ Փաուերը, որ չօգնեց ադրբեջանական շրջափակումից սովամահ լինող Արցախի բնակչութեանը, ինչպէս եւ ԱՄՆ պէտքարտուղարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնականի պաշտօնակատար Յուրի Քիմը, ով Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի առջեւ ասել է՝ «Միացեալ Նահանգները չի դիմի որեւէ գործողութիւն կամ ջանքի՝ կարճաժամկէտ կամ երկարաժամկէտ, էթնիկական զտումների կամ այլ վայրագութիւններ իրականացնելու համար Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան նկատմամբ», լռում էր, երբ Ադրբեջանը մի քանի օր անց շարժուեց յարձակուելու եւ էթնիկապէս մաքրելու Արցախը:
Եւ, վերջապէս, Արցախի հարցում Ամերիկայի ստոր եւ կոռումպացուած քաղաքականութիւնը լիովին կարող էր իրականացուել միայն Հայաստանի Հանրապետութեան ներկայ ղեկավարութեան մեղսակցութեան դէպքում, որը, ի հեճուկս բոլոր պատճառների, անխոհեմ կերպով ճանաչեց Ադրբեջանի իրաւական ինքնիշխանութիւնը Արցախի նկատմամբ։
Երբ, ի վերջոյ, Ադրբեջանը հայաթափեց Արցախը, նախագահ Բայդէնը «ծաղիկներ ուղարկեց թաղմանը»՝ դաժան նամակ ուղարկելով Հայաստանի իշխանութիւններին, որը չարժեր անգամ այն թուղթը, որի վրայ տպուել էր:
Այնպէս որ, հասկանալի լինելու համար, նախագահ Բայդէնը չի ձախողել Արցախի հարցում: Ճիշտ հակառակը։ Նա ստացաւ հէնց այն, ինչ ուզում էր, այն, ինչ սկսեց Թրամփը, եւ նա աւարտեց: Հայերի ցեղասպանութիւն իրենց հինաւուրց, բնիկ հայրենիքում։
Որպէս հպարտ ամերիկահայ, որպէս հոր զաւակ, ով հպարտօրէն ծառայել է այս ազգին Երկրորդ համաշխարհային եւ Կորեական պատերազմներում, դա ինձ ցաւ է պատճառում: Գիտեմ, դա ցաւ է ձեզանից իւրաքանչիւրի համար: Մենք պէտք է աշխատենք շրջելու այս քաղաքականութիւնը։ Վաշինգտօնի Ջոն Բոլթօններն ու Էնթօնի Բլինկէնները չէն ներկայացնում ո՛չ ԱՄՆ շահերը, ո՛չ ամերիկեան արժէքները, եւ պէտք է կանգնեցուէն, նախքան նրանք կօգնէն եւ կաջակցէն Ադրբեջանի եւ Թուրքիայի երկարամեայ արշաւին՝ ուղղուած հայոց հայրենիքի ոչնչացմանը»:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
13.10.2023 թ.