ՄԱԿ Մարդու իրաւունքների խորհրդում համատեղ յայտարարութիւն է ներկայացուել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերեալ

ՄԱԿ Մարդու իրաւունքների խորհրդում համատեղ յայտարարութիւն է ներկայացուել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերեալ

Ժնեւում հոկտեմբերի 11-ին ընթացող Միաւորուած ազգերի կազմակերպութեան Մարդու իրաւունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակներում 34 երկրներ հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, որտեղ խոր մտահոգութիւն են յայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական եւ մարդու իրաւունքների ծանրագոյն ճգնաժամի կապակցութեամբ։

Համատեղ յայտարարութիւնում նշւում է, որ հայ ազգաբնակչութեան զանգուածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացուած ռազմական գործողութեան, ինչպէս նաեւ Լաչինի միջանցքի՝ ինն ամիս շարունակուող արգելափակման հետեւանքով։

Համատեղ յայտարարութեան հեղինակները համաձայնութիւն են յայտնել Մարդու իրաւունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր յանձնակատար Վոլկեր Թիւրքի հետ, որ անհրաժեշտ է անեապաղ, անկախ եւ թափանցիկ հետաքննութիւն իրականացնել Լեռնային Ղարաբաղում գրանցուած մարդու իրաւունքների եւ միջազգային մարդասիրական իրաւունքի խախտումների շուրջ։ Նրանք նաեւ համոզմունք են յայտնել, որ Բարձր յանձնակատարի գրասենեակը պէտք է մշտադիտարկում իրականացնի Լեռնային Ղարաբաղում, հանդիպի Հայաստան տեղահանուած փախստականների հետ եւ դրա մասին զեկուցի Մարդու իրաւունքների խորհրդին։ Երկրները պատրաստակամութիւն են յայտնել դիտարկել Մարդու իրաւունքների խորհրդում յետագայ այլ քայլերի իրականացման հնարաւորութիւնը։

Յայտարարութիւնը կոչ է անում Ադրբեջանին անեապաղ ստեղծել պայմաններ՝ կամաւոր, անվտանգ, արժանապատիւ եւ մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, իրականացնել Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանի սեպտեմբերի 22-ի միջանկեալ որոշման դրոյթները, ինչպէս նաեւ Արդարադատութեան միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրուարի 22-ի եւ 2023թ. իւլիսի 6-ի որոշումները եւ երաշխաւորել հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը։

Ամբողջական համատեղ յայտարարութիւն Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ

-Մենք խորապէս մտահոգուած ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական եւ մարդու իրաւունքների շուրջ ստեղծուած ծանրագոյն ճգնաժամով, ինչպէս նաեւ վերջին շաբաթներում Լեռնային Ղարաբաղից բնակչութեան տեղահանութեամբ:

-Ըստ տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելութեան զեկոյցի, Լեռնային Ղարաբաղի գրեթէ ամբողջ հայ բնակչութիւնը՝ աւելի քան 100,000 մարդ, տեղահանուել է Հայաստան: Զեկոյցում իրաւամբ նշւում են այն տառապանքները, որոնց նրանք ենթարկուել են նման փորձութեան արդիւնքում:

-Հայ ազգաբնակչութեան զանգուածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-ին իրականացրած ռազմական գործողութեան, ինչպէս նաեւ ինն ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով, ինչը յանգեցրել է հումանիտար ծանրագոյն իրավիճակի:

-Ողջունում ենք, որ Մարդու իրաւունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր յանձնակատար Վոլկեր Թիւրքը ս.թ. սեպտեմբերի 26-ին կատարած իր յայտարարութեան մէջ կոչ է անում յարգել էթնիկ հայերի իրաւունքները, պաշտպանել քաղաքացիական անձանց եւ խստօրէն հետեւել միջազգային իրաւունքի պահանջներին: Լիովին համաձայն ենք, որ «մարդու իրաւունքների եւ միջազգային հումանիտար իրաւունքի գրանցուած խախտումները պէտք է ուսումնասիրուէն, այդ թւում՝ անեապաղ, անկախ եւ թափանցիկ հետաքննութեան միջոցով»:

-Համոզուած ենք, որ Մարդու իրաւունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր յանձնակատարի գրասենեակի յաջորդ համապատասխան քայլը պէտք է լինի մարդու իրաւունքների անմիջական մշտադիտարկումը Լեռնային Ղարաբաղում, հանդիպումները փախստականների եւ տեղահանուած անձանց եւ ԼՂ-ում դեռեւս մնացած հայերի հետ, ինչի արդիւնքների մասին պէտք է զեկուցուի Մարդու իրաւունքի խորհրդին: Ուստի, կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին հրաւէր ուղղել Բարձր յանձնակատարի գրասենեակին, որպէսզի այն հնարաւորինս արագ կարողանայ տրամադրել իր տեխնիկական աջակցութիւնը:

-Միեւնոյն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանին երաշխաւորել Լեռնային Ղարաբաղում դեռեւս մնացած հայերի անվտանգութիւնն ու իրաւունքները եւ անեապաղ ստեղծել պայմաններ՝ կամաւոր, անվտանգ, արժանապատիւ եւ մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան գնալ իրենց տները: Հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը եւս պէտք է երաշխաւորուի:

-Նաեւ, կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանի ս.թ. սեպտեմբերի 22-ի միջանկեալ որոշման դրոյթները, ինչպէս նաեւ Արդարադատութեան միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրուարի 22-ի եւ 2023թ. իւլիսի 6-ի որոշումները:

-Կոչ ենք անում Հայաստանին՝ միջազգային համայնքի աջակցութեամբ շարունակել մարդասիրական օգնութիւն տրամադրել ճգնաժամի հետեւանքով տեղահանուած անձանց:

-Միջազգային առաքելութիւնների մուտքը Լեռնային Ղարաբաղ էական է օժանդակութիւն տրամադրելու, անկողմնակալ մշտադիտարկում իրականացնելու, ինչպէս նաեւ մարդու իրաւունքների իրավիճակին վերաբերող զեկոյցներ կազմելու համար։

-Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը պէտք է անուէրապահօրէն յարգուէն: Մենք մեծապէս աջակցում ենք բոլոր կողմերի միջեւ երկխօսութեանը՝ համապարփակ եւ տեւական խաղաղութիւն հաստատելու համար:

-Մենք կը շարունակէնք ուշադիր հետեւել իրավիճակին եւ կդիտարկէնք իւրաքանչիւր եւ բոլոր յետագայ քայլերը, որոնք կարող է նախաձեռնել եւ կիրառել Մարդու իրաւունքների խորհուրդը:

Share