Ապագայ «պաշտօնական Երեւանի» տեսակէտները եւ առաջնահերթութիւնները

Ապագայ «պաշտօնական Երեւանի» տեսակէտները եւ առաջնահերթութիւնները


Վահէ Հովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հայաստանը դառնում է անձայն, անտեսակէտ պետութիւն։ Սա չափազանց վտանգաւոր է. մօտաւորապէս այդպիսին էր Արցախը վերջին 9-10 ամիսների ընթացքում, ինչը բերեց աղէտի։ Ես ունեմ ծանր մտավախութիւն, որ նոյն ճանապարհով այժմ գնում է Հայաստանը։
Ֆորմալ՝ կայ իշխանութիւն, «պաշտօնական Երեւան», բայց մենք գիտենք, որ դա իրականում մի մարդ է, որի որոշումների կայացման մեխանիզմները եւ մօտիւացիաները լուրջ հարցեր են առաջացնում։
Բայց նոյնիսկ առկայ ֆորմալ իշխանութեան մէջ բացարձակ խառնաշփոթ է։
Հայաստանը դառնում է անդէմ պետութիւն, որն այլեւս ի վիճակի չէ ձեւակերպել պետական, ազգային շահ ու օրակարգ։ Յենց նման «ներքինի» պետութիւններից են պահանջում նորանոր զիջումներ։ Նման պետութիւնների «վրայ եւ հաշուին» են պայմանաւորւում ուժային կենտրոնները, ինչը եւ եղաւ, ի դէպ, Արցախում։

Յենց այս իրականութիւնն է ձեւակերպում ընդդիմադիր նոր, սօլիդ հարթակի թիւ մէկ առաքելութիւնը՝ դադարեցնել Հայաստանի անդէմութիւնը եւ սեփական հասարակութեանը, հարեւաններին ու միջնորդներին ներկայացնել Երեւանի ձայնը, պատկերացումները, ձեւակերպել պետական եւ ազգային օրակարգ. նուազագոյնը՝ պատասխանել Հայաստանին ուղղուած մեղադրանքներին, սպառնալիքներին ու առաջարկներին։

Սոլիդ հարթակից՝ սօլիդ ձեւակերպումներ

Այս պահին առնուազն երկու սուր, հրատապ թեմայ կայ, որոնց մասին անհրաժեշտ է Հայաստանում (կամ՝ Հայաստանից) ձեւաւորել Նիկոլինից տարբերուող դիրքորոշում, որը վաղը դառնալու է պաշտօնական Երեւանի տեսակէտը.

1. Արցախ
2. Յարաբերութիւնները՝ դաշնակիցների եւ միջնորդների հետ

Արցախ

Նիկոլն Արցախը պատկերացնում է որպէս փակ թեմայ՝ իջեցուած մինչեւ փախստականներին սոցիալական աջակցութեան եւ մասնակի ինտեգրացիայի խնդիր։ Մեզ համար այսօր ծայրահեղ, կենսական անհրաժեշտութիւն է՝ ձեւակերպել, որ Արցախի թեման ամենեւին փակուած չէ, եւ զէնքի սպառնալիքով բռնի տեղահանութիւնն ամենեւի´ն չի նշանակում հարցի լուծում։ Նոր հարթակը պարտաւոր է ձեւակերպել արցախահայութեան՝ սեփական հայրենիք վերադառնալու իրաւունքը, ինքնորոշման, ինքնաւարութեան կարգավիճակի հարցը, անվտանգութեան մեխանիզմի ապահւումը։ 2021 թ-ից յետոյ թոյլ է տրուել ճակատագրական սխալ, եւ Արցախը ներկայացուել է որպէս ռուսական զօրքով շրջափակուած անկեանք, սեւ խոռոչ։
Հարթակի (ապագայ պաշտօնական Երեւանի) խնդիրն է՝ ձեւակերպել, թէ ինչ է Արցախը։ Դա քաղաքացիական հարուստ ենթակառուցուածքներով հայկական միաւոր է, այս պահին՝ լքուած շքեղ քաղաքներ ու գիւղեր, համալսարաններ, թատրոններ, հիւանդանոցներ, բիզնեսներ, գործարաններ, ֆերմաներ, բազմադարեայ հոգեւոր կոթողներ, պապերի գերեզմաններ եւ այլն։ Հնարաւոր չէ երկու օրում լքել հայրենիքը, եւ այն սահուն համարուի ուրիշինը։ Չկայ նման բան, դա ուղղակի անմարսելի է։ Ալիեւը դա շատ լաւ գիտի, ռուսները լաւ գիտէն, արցախցիներն ու մնացեալ հայութեան մի զգալի մասը դա լաւ գիտէն, իսկ Հայաստանի իշխանութիւնները չէն ուզում այդպէս մտածել։ Կայ միջազգային իրաւունք, կայ բանակցային ճիշտ օրակարգ, կայ արդարութեան խնդիր։ Նման բան չի լինում աշխարհում, եւ մենք չպէտք է դառնանք միակը։

Յարաբերութիւններ դաշնակիցների եւ միջնորդների հետ

Նիկոլը գնում է Ռուսաստանի հետ հետ յարաբերութիւնների ծայրահեղ սրման, դրա դիմաց Արեւմուտքից ստանում է բացառապէս փաղաքշական կամ ցաւակցական խօսքերը։ Փոխարէնը՝ Ալիեւը ռուսների հետ պահում է լաւ յարաբերութիւններ, իսկ Արեւմուտքից ստանում է ամէն հնարաւորը, եւ ամէն յարմար պահի դնում է սառը հեռաւորութիւն։ Երեւանը չունի արտաքին քաղաքականութիւն եւ օրակարգ, Երեւանն առաջնորդւում է ՄԵԿ հոգու պերսոնալ արկածախնդրութեամբ։ Իսկ սա նշանակում է՝ վտանգի տակ դնել մեր երկրի ամէն մետրը, մեր բոլոր սահմանները, մեր բոլորի ընտանիքները։ Շարունակուի այսպէս՝ Ալիեւի 8 անկլաւի պահանջը երջանկութիւն ենք համարելու։
Հետեւաբար, նոր հարթակի կարեւորագոյն խնդիրն է՝ հնարաւորինս արագ ձեւակերպել այլընտրանքային տեսակէտներ, որոնք որոշ ժամանակ անց դառնալու են պաշտօնական Երեւանինը.

1. Դադարեցնել Ռուսաստանի հետ յարաբերութիւնների ծայրահեղ վատացումը։ Զրոյացնել պրոցեսը, եւ սկսել խօսել։ Մենք ունենք դժուար հարցադրումներ Ռուսաստանին, մենք պատրաստ ենք լսել նրանցը, բայց մեր նպատակը յարաբերութիւնների կարգաւորումն է, իրավիճակի շտկումը եւ համատեղ աշխատանքի պատրաստակամութիւնը։
2. Դադարեցնել լինել Շառլ Միշելի եւ Մակրօնի փաղաքշանքի առարկան. դա վերջանում է աղէտով։ Հայաստանը պատրաստ է լուրջ, իսկական օրակարգով աշխատելու Արեւմուտքի հետ, բայց Հայաստանը պէտք է դուրս գայ Ռուսաստան-Արեւմուտք բախման կիզակէտից։
3. Հայաստանը յստակ ուղերձներ պէտք է ուղղի Ադրբեջանին եւ Թուրքիային՝ շեշտելով տարածաշրջանում կայուն եւ արդար խաղաղութեան սեփական տեսլականը։
4. Հայաստանը պէտք է գնայ Իրանի եւ Վրաստանի հետ խոր յարաբերութիւնների ձեւաւորման ճանապարհով։

Ապագայ հարթակը, անշուշտ, ունի այլ կարեւորագոյն անելիք եւս, որի մասին կգրեմ յաջորդիւ։

Share