Գրանադայում Փաշինեանը վերահաստատեց` ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը

Գրանադայում Փաշինեանը վերահաստատեց` ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համատեղ յայտարարութիւն են ընդունել Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից յետոյ։

Ըստ յայտարարութեան` կողմերը «հաւատարիմ են մնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած բոլոր ջանքերին՝ հիմնուած Հայաստանի (29․800 քառ․ կմ) եւ Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիութեան եւ տարածքային ամբողջականութեան փոխադարձ ճանաչման վրայ, ինչպէս նշուած է Միշելի 2023 թուականի մայիսի 14-ի եւ յուլիսի 15-ի յայտարարութիւններում։

«Նրանք կոչ են արել խստօրէն պահպանել ուժի չկիրառման եւ դրա սպառնալիքի սկզբունքը։ Ընդգծել են կողմերին տրամադրուած ԽՍՀՄ գլխաւոր շտաբի ամենավերջին քարտէզների հիման վրայ սահմանագծման աշխատանքների հրատապ անհրաժեշտութիւնը»,– գրուած է յայտարարութիւնում։

Նրանք կոչ են արել ընդլայնել տարածաշրջանային համագործակցութիւնը եւ վերաբացել բոլոր սահմանները, ներառեալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը, ինչպէս նաեւ բացել տարածաշրջանային տրանսպորտային կապերը, որոնք հիմնուած են երկրների ինքնիշխանութեան եւ իրաւասութեան լիակատար յարգանքի, ինչպէս նաեւ հաւասարութեան եւ փոխադարձութեան սկզբունքների վրայ:

Շառլ Միշելը, Էմանուել Մակրօնը եւ Օլաֆ Շոլցը իրենց աջակցութիւնն են յայտնել Հայաստան-ԵՄ յարաբերութիւնների ամրապնդմանը ՝ բոլոր հարթութիւններով՝ ելնելով Հայաստանի Հանրապետութեան կարիքներից:

Նրանք համաձայնել են Հայաստանին լրացուցիչ մարդասիրական օգնութիւն ցուցաբերելու անհրաժեշտութեան հետ` կապուած ԼՂ–ից հայերի հոսքի հետ։

«Այդ փախստականները պէտք է հնարաւորութիւն ունենան ազատօրէն իրականացնել իրենց տներ եւ բնակութեան վայրեր վերադառնալու իրենց իրաւունքը՝ առանց որեւէ պայմանի միջազգային հսկողութեան ներքոյ եւ պատշաճ յարգանքով իրենց պատմութեան, մշակոյթի եւ մարդու իրաւունքների նկատմամբ»,– ասուած է հաղորդագրութիւնում։

Եւրոպական առաջնորդները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր ձերբակալուածներին եւ համագործակցել անյայտ կորածների ճակատագրի լուծման հարցում, ինչպէս նաեւ աջակցել ականազերծման աշխատանքներին:

Յիշեցնենք` ՀՀ վարչապետը 2022 թուականի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցեց Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցաւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնի, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցութեամբ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց յանձնառութիւնը ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ 1991թ. Ալմայ Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը:

Share