Ադրբեջաի կողմից գերեւարուած Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի զաւակները հանդէս են եկել յայտարարութեամբ, որը ներկայացւում է ստորեւ.
«Մենք՝ Ռուբէն Վարդանեանի չորս զաւակներս, դիմում ենք աշխարհի առաջնորդներին, մարդու իրաւունքների պաշտպաններին եւ լրատուամիջոցներին՝ Ադրբեջանի ապօրինի կալանաւորումից մեր հորը եւ բոլոր հայերին ազատելու հրատապ օգնութեան խնդրանքով։ Մենք նրա հետ կապ չենք կարողանում հաստատել նրա առեւանգումից ի վեր եւ չափազանց անհանգստացած ենք մեր հոր առողջութեան եւ կեանքի համար:
Մոտ մէկ տարի առաջ մեր հայրը բարդ որոշում կայացրեց՝ ապրելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի հետ, քանի որ ցանկանում էր պաշտպանել արցախահայութեանն ու նրանց իրաւունքները։ Նրա այդ ցանկութիւնն այնքան ուժեղ էր, որ թողեց ամէն ինչ եւ գնաց զրկանքների մէջ ապրելու` նրանց հետ կիսելով նաեւ շրջափակման ողջ ծանրութիւնը:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի իշխանութեան վերջին՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետեւանքով սկսուեց տեղի բնակչութեան բռնի տեղահանումն ու արտագաղթը դէպի Հայաստան: Նրանց թւում էր նաեւ մեր հայրը, որն ադրբեջանական անցակէտում յատուկ կերպով առանձնացուել է ու կալանաւորել։
Մենք չենք ցանկանում, որ նա դառնայ տարածաշրջանում քաղաքական լարուածութեան եւս մէկ զոհ, յատկապէս, որ նրա առաքելութիւնը մշտապէս եղել է հէնց այդ նոյն լարուածութեան նուազեցումն ու ձգձգուած հակամարտութեան համար խաղաղ լուծում գտնելը։
Մեր հայրը մարդասիրական գործիչ է եւ երբեք ներգրաւուած չի եղել ռազմական գործունէութեան մէջ։ Նա համահիմնադրել է «Աւրորայ» մարդասիրական նախաձեռնութիւնը՝ ամենամեծ մարդասիրական հիմնադրամներից մէկը, որն ուղղուած է հէնց խաղաղութեան հաստատմանն ու մարդու իրաւունքների պաշտպանութեանն ամբողջ աշխարհում: Յենց այս նպատակով էլ վերջին տասնամեակների ընթացքում նա մեծ ներդրումներ է արել տարածաշրջանի կրթութեան եւ մշակոյթի պահպանման, եկեղեցիների վերանորոգման, ինչպէս նաեւ Շուշիի մզկիթի վերականգնման գործում:
Մարդասիրութեան ոլորտում յայտնի եւ ակտիւ հայ առաջնորդն այս պահին յայտնուել է ձգձգուած քաղաքական հակամարտութեան եւ ոչ թափանցիկ արդարադատութեան համակարգի զոհի կարգավիճակում:
Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ծանր պահին մէզ աջակցում ու զօրակցում են: Դա մէզ ուժ է տալիս, բայց չենք կարող հանգիստ լինել, քանի դեռ մեր հայրը եւ միւս գերիներն ազատ չէն արձակուել։ Օր օրի աւելի է մեծանում վտանգը, որ նա կարող է այլեւս երբեք չմիանալ մեր ընտանիքին:
Մենք՝ որպէս նրա զաւակներ, կոչ ենք անում ձեզ՝ պաշտպանելու մեր հոր եւ անօրինական կերպով կալանաւորուած բոլոր հայերի իրաւունքները եւ կոչ անել, որպէսզի նրանց շուտափոյթ, անվտանգ եւ առանց վերապահումների ազատ արձակէն:
Ոչ մի մարդ չպէտք է կալանաւորուի կամ քրէական պատասխանատուութեան ենթարկուի իր համոզմունքների, կրօնի կամ ազգային պատկանելութեան համար:
Մենք աղոթում ենք մեր հոր անվտանգ վերադարձի համար եւ հայցում ձեր օգնութիւնը»։