Համաեւրոպական հանրահաւաք Բրիւսելում՝ ի պաշտպանութիւն Արցախի

Համաեւրոպական հանրահաւաք Բրիւսելում՝ ի պաշտպանութիւն Արցախի

ասը հազարից աւելի մարդ է մասնակցել Բրիւսելում ի զօրակցութիւն Լեռնային Ղարաբաղի անցկացուող համաեւրոպական հանրահաւաքին

ԲՐՅՈՒՍԵԼ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ: Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից եւ Նիդերլանդներից ժամանած տասը հազարից աւելի մարդ է մասնակց Բրիւսելի Ռելոբերտ Շումանի անուան հրապարակում ի զօրակցութիւն Լեռնային Ղարաբաղի անցկացուող համաեւրոպական հանրահաւաքին։ «Եւրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնութեան կազմակերպած հանրահաւաքը մեկնարկել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի օրհներգերով։

Հանրահաւաքի մասնակիցների ձեռքին գտնուող պաստառների հիմնական մասը իրենց գրութիւններով մեղադրում են Եւրամիութեանը եւ Եւրայանձնաժողովի ղեկավար Ուրսուլայ ֆոն դեր Լայենին՝ Ալիեեւի ռեժիմն անպատժելի թողնելու համար, կան նաեւ «Ալիեւ, մարդասպան» գրութեամբ պաստառներ։

Հանրահաւաքին մասնակցելու համար Ֆրանսիայից ժամանել են բարձրաստիճան քաղաքական գործիչներ, պատգամաւորներ, տարածաշրջանների ղեկավարներ եւ քաղաքապետէր։ Նախատեսւում է, որ նրանք ելոյթով հանդէս կը գան համաեւրոպական հանրահաւաքին։

Բելգիայի Հայ կոմիտէի վեհաժողովի նախագահ Կարէն Թադեւոսեանը նշել է. «Այսօր այստեղ հաւաքուածներիցդ իւրաքանչիւրը կրում է պատասխանատուութիւն բոլոր այն մարդկանց առջեւ, ովքեր աշխատում են, որպէսզի Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի ճակատագիրը չմատնուի անտէրութեան։ Մենք արդէն կուշտ ենք լղոզուած յայտարարութիւններից, եւ եկել է ժամանակը, որպէսզի Եւրոպան գործի եւ անդրադառնայ հարցին առ այն, որ մենք՝ որպէս Եւրոպայի քաղաքացիներ, ունենք հաւասար իրաւունքներ պահանջելու այն ամէնը, ինչ իւրաքանչիւր եւրոպացին կը պահանջի։ Այսօր միակ բանը, որ մենք կարող ենք անել, բռունցք լինելն է, որպէսզի կարողանանք մէկ բռունցք եղած պայքարել այն բոլոր անարդարութիւնների դէմ, որոնք, ցաւօք, թելադրում են աշխարհաքաղաքական խաղերը»։

Հաւաքուածները խորհրդանշական երդում տուեցին` պայքարել հանուն Հայաստանի եւ Արցախի. «Չենք զիջելու եւ չենք հաշտուելու։ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայութիւնը կարող է ապաւինել մէզ»։

«Եւրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնութեան ի զօրակցութիւն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի էթնիկ զտումներն ու ցեղասպան քաղաքականութիւնը դատապարտող համաեւրոպական հանրահաւաքն անցկացւում է Եւրոպական քաղաքական համայնքի՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք երրորդ գագաթնաժողովին ընդառաջ, որի շրջանակներում նախատեսւում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդութեամբ։

Բրիւսելում կայանալիք ցոյցին զուգահեռ՝ նոյն օրը համանուն բողոքի ակցիաներ են անցկացուելու նաեւ եւրոպական մի շարք այլ երկրներում՝ Աւստրիայում, Շուեդիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Սլովակիայում, Գերմանիայում եւ Չեխիայի Հանրապետութիւնում։

«Եւրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնութիւնը բաղկացած է Եւրոպայի հայկական համայնքների եւ աւելի քան 500 եւրոպական կառոյցների ներկայացուցիչներից։


Բրիւսել, 28 սեպտեմբերի 2023 – «Եւրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնութիւնը, որը բաղկացած է Եւրոպայի հայկական համայնքների եւ աւելի քան 500 եւրոպական կառոյցների ներկայացուցիչներից, հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, Բրիւսելի Ռոբերտ Շումանի անուան հրապարակում հրաւիրում է համաեւրոպական հանրահաւաք՝ ի աջակցութիւն Արցախի Հանրապետութեան եւ արցախահայութեան։

Բողոքի ակցիան տեղի կ’ունենայ Եւրոպական քաղաքական համայնքի՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք երրորդ գագաթնաժողովին ընդառաջ, որի շրջանակներում նախատեսւում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդութեամբ։

Համաեւրոպական հանրահաւաքի մասնակիցները

1. Դատապարտում են Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականութիւնն Արցախում։

2. Դատապարտում են Ադրբեջանին եւ ռուս խաղաղապահներին՝ 2020 թ․ նոյեմբերի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնները չկատարելու, այդ թւում նաեւ արցախահայութեան անվտանգութեօունը, իր իսկ հայրենիքում չապահովելու համար։

3. Եւրոպական միութիւնից պահանջում են արդիւնաւետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ, որպէսզի վերջինս կատարի 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը, ապահովի բոլոր արցախահայերի, ինչպէս նաեւ ապրանքների, բեռների անվտանգ, անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

4. ԵՄ-ից պահանջում են թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ՝ Արցախի բնիկ հայ բնակչութեան նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականութեան եւ վերջինիս բռնի տեղահանման համար։

5. Դատապարտում են ԵՄ-ի շարունակական քաղաքական աջակցութիւնը Արցախի «ինտեգրմանը» Ադրբեջանին, չնայած ակնյայտ հեռանկարին, որ դա նշանակում է արցախահայութեան պարտադրուած արտագաղթ իր հազարամեայ հայրենիքից կամ էլ արցախահայութեան հպատակեցում բռնապետական խիստ վտանգաւոր պայմաններում։

6. Պահանջում են անյապաղ պատասխանատուութեան ենթարկել բոլոր այն պաշտօնեաներին, ովքեր պաշտպանել են Արցախն Ադրբեջանին «ինտեգրելու» քաղաքականութիւնը, քանի որ դա օժանդակել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութեանն արցախահայութեան նկատմամբ։

7. Պահանջում են ադրբեջանական զինուժից անյապաղ դադարեցնել Արցախի բոլոր հայկական քաղաքների, գիւղերի օկուպացիան եւ պաշարումը, հեռացնել իր ռազմական ներկայութիւնը Արցախից եւ հաւատարիմ մնալ 2020 թուականի նոյեմբերի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւններին։

8. Պահանջում են, որ Ադրբեջանը անյապաղ եւ անուէրապահօրէն ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ռազմագերիներին եւ պատասխանատուութեան ենթարկուի ռազմական յանցագործութիւնների եւ մարդու իրաւունքների խախտումների համար 2020 թուականի պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ:

9. ԵՄ-ին կոչ են անում են ճանաչել արցախահայութեան ինքնորոշման իրաւունքը՝ որպէս գոյաբանական հարց Ադրբեջանի շարունակուող էթնիկ զտումների քաղաքականութեան պայմաններում։

Ադրբեջանը ոչ միայն կոպտօրէն խախտում է 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթները, այլեւ անտեսում է իր միջազգային պարտաւորութիւնները, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումները, Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումները, Եւրախորհրդարանի՝ 2020 թուականից ընդունած համապատասխան բանաձեւերը, Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի, ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարի, Amnesty International-ի, Human Rights Watch-ի, ՄԱԿ-ի փորձագէտների, ինչպէս նաեւ այլ միջազգային կազմակերպութիւնների կոչերը։

Share